Կոնկրետ այլընտրանքները գործի դնելով՝ կստիպենք Ռուսաստանին հաշվի առնել մեր դժգոհությունները. Ստեփան Գրիգորյան
«Հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելը բավարար չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դիտարկմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին նախարարն ասել էր, որ ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի: Մասնավորապես՝ խոսելով օրերս տարածված տեղեկության մասին, թե Բաքու է հասել ռուսական սպառազինության նոր խմբաքանակը, որն ուղարկվել է շփման գիծ՝ նախարար Նալբանդյանն ասել էր, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում, թե նույնպիսի սպառազինություն կիրառվել է ապրիլյան պատերազմի ժամանակ:
Նա ընդգծել էր, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինության վերաբերյալ՝ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ինքը, մեկ անգամ չէ, որ խոսել են, ուստի կրկնելու կարիք չկա։ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ձեռնարկված այդ ջանքերը բավարար չեն, հենց այդ պատճառով էլ շարունակվում են ռուս-ադրբեջանական զենքի գործարքները: Նա ասաց, որ տարբեր մեխանիզմներ կան՝ հասնելու այն բանին, որ Ռուսաստանն Ադրբեջանին չվաճառի զենք։ Ըստ նրա՝ պարզ է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ դժվար է խոսել կոշտ լեզվով, բայց եթե Հայաստանն ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի, եթե Հայաստանը «և-և»-ի քաղաքականությունն ավելի խորացնի, արագացնի և առարկայացնի, այդ դեպքում Ռուսաստանը կփոխի իր որոշ մոտեցումները:
«Ես մի քանի օրինակներ բերեմ, որ հասկանալի լինի, թե ինչի մասին եմ խոսում: Եթե Հայաստանը նախաձեռնի երկաթգծի կառուցում Իրանի հետ, եթե Հայաստանը դադարի նվիրել «Գազպրոմին» այն, ինչ այդ ընկերությունը ցանկանում է Հայաստանից: Դուք գիտեք, որ վերջերս Հայաստանը նույնիսկ տարածաշրջանի գազային այն խողովակները, որոնք մեզ համար կառուցել էր Իրանը, տվեց «Գազպրոմին», եթե Իրանի հետ կառուցվի փոքր նավթամուղ, ավելի շատ նավթ բերենք Իրանից, գազամուղն աշխատում է 30-40 տոկոս ծանրաբեռնվածությամբ, դա ևս ինտենսիվացնենք, ավելի շատ գազ ստանանք Իրանից, այդ ծրագրերը կան դրանք բավական լուրջ են, Իրանը պատրաստ է, եթե Հայաստանը սկսի այդ քաղաքականությունը ոչ թե խոսքով, այլ գործով, այդ թվում՝ համագործակցության ծրագրեր ավելացնի ՆԱՏՕ-ի հետ, նույն ԵՄ-ի հետ ավելի ակտիվ սկսի ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը, այդ դեպքում մթնոլորտ կփոխվի, Ռուսաստանը կհասկանա, որ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում և իրականում է ուժեղացնում իր այդ քաղաքականությունը:
Ի՞նչ ասաց Նալբանդյանը, շատ կարևոր բան, նա նշեց, որ մի քանի անգամ ասել են, որ դժգոհ են այն փաստից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, հետո՞ ինչ, Դուք գործ չեք արել, եթե գործ անեիք, հավաստիացնում եմ, Ռուսաստանը կլսեր այդ դիտողությունները:
Ինչո՞ւ Ռուսաստանը չի լսում, քանի որ Հայաստանը միայն խոսքերով է դժգոհություն հայտնում, Հայաստանը պետք է շեշտադրումները փոքր-ինչ փոխի, չեմ ասում՝ խզենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, պետք չէ նման բան անել, Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց զարգացնել այլընտրանքներ, որ Ռուսաստանն իմանա, որ ունես այլընտրանքներ: Այո, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նալբանդյանն ասել են, որ հիացած չեն այդ գործարքներով, բայց խոսքերից գործի չեն անցել:
Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանն ավելի ուշադիր լինի մեր դժգոհությունների նկատմամբ, պետք է այլընտրանքներ ստեղծենք, որ Ռուսաստանն իմանա, որ, եթե ինքն ուշադիր չլինի, այդ այլընտրանքներն ակտիվ կկիրառենք։ Բայց երբ չես ստեղծում, միշտ կանտեսվի մեր դժգոհությունը»,- նման տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը: Փորձագետը նկատեց, որ ՀՀ իշխանությունները ողջ օրը խոսում են այլընտրանքի, « և-և»-ի մասին, բայց գործ չեն անում: Այնինչ, նրա խոսքով, այլընտրանքը խոսքով չէ, այլ` գործով:
«Երբ Ադրբեջանը Ռուսաստանին դժգոհություն է ներկայացնում, այլընտրանք ունի, Ադրբեջանի էներգետիկ ոլորտը բացարձակապես կապ չունի Ռուսաստանի հետ, Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, Ռուսաստանը զիջումների է գնում, որպեսզի Ադրբեջանը ցանկանա միանալ ԵԱՏՄ-ին: Չլինելով ԵԱՏՄ անդամ, Ադրբեջանի ազդեցությունն ավելի մեծ է ԵԱՏՄ-ում, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչ առաջարկում են` ստորագրում է, վավերացնում, Հայաստանն այլևս հետաքրքիր չէ, լծակներից մեկը շատ արդյունավետ կլիներ, եթե մենք անցյալ տարի չմիանայինք ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին, ասեինք, որ դեռ պատրաստ չենք, կմիանանք մեկ տարի անց:
Սա օրինակ է, դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ԵԱՏՄ-ն, և այդ քայլն արդյունավետ կլիներ, այսօրվա թանկացումները բառիս բուն իմաստով կապված են ԵԱՏՄ-ում ընդունված օրենսգրքի հետ, որին մենք միացանք: Այլընտրանքները գործի դնելով՝ մենք կստիպենք Ռուսաստանին հաշվի առնել մեր դժգոհությունները»,- ասաց Գրիգորյանը: