«Դա բլեֆ է, PR ակցիա է». Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը հիշեց Սինգապուրի զարգացման ուղին
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար:
Սինգապուրի օրինակին ՀՀ իշխանություններն ուշադրություն էին դարձրել դեռևս 2009 թ., երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր եկել Սինգապուրի նախկին վարչապետ ու այդ երկրի տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կուան Յուն, ըստ որի՝ Հայաստանը պետք է կարողանա «ցատկ կատարել» տարածաշրջանի երկրների վրայով ու անցնել զարգացման որակապես նոր աստիճանի, և օգտագործել հայկական սփյուռքի ներուժը: Այն ժամանակ շատ էր քննարկվում կոռուպցիան վերացնելու մասին Լի Կուան Յուի խորհուրդը մեր իշխանություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից, այսինքն` ամենավերևից, ու իջնել ամենուր:
Որքանո՞վ է այս տարիների ընթացքում Հայաստանը հետևել Լի Կուան Յուի խորհուրդներին, և ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը կրկին հիշել Սինգապուրի զարգացման ուղին։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետ Կարեն Կարապետյանը չեն կարող հետևել Սինգապուրի գաղափարին, քանի որ իրենք դրա կրողը չեն։ Ըստ նրա՝ Լի Կուան Յուի գաղափարն իր ժողովրդի կոնսոլիդացիան էր, իսկ Կ.Կարապետյանը որևէ կոնսոլիդացնող քայլ դեռևս ցույց չի տվել.
«Այդ պատճառով ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի իշխանությունները, այսինքն՝ ոչ միայն Կարեն Կարապետյանը, կարող են Սինգապուրի մոդելը ընդօրինակել, որովհետև 25-30 տարվա մեջ ժողովրդին կոնսոլիդացնելու որևէ քայլ ցույց չեն տվել։ Իրենք ուղղակի չեն էլ հասկանում, թե Սինգապուրի մոդելն ինչ է։ Դրա սկզբունքն այն է, որ Լի Կուան Յուն կոնսոլիդացնում էր ժողովրդին իր երկրի խնդիրների շուրջ, մասնավորապես՝ առաջին քայլը, որ նրանք արեցին, Սինգապուրն ավազե երկիր էր, և նրանք ամբողջ ժողովրդով ծառապատեցին այդ ավազե կղզին։ Իրենց մոտ կոյուղիները փողոցով էին գնում, ծառապատումից հետո այդ ջրերը ներծծվեցին, հետո նորից կոնսոլիդացված ձևով կոյուղատարներ կառուցեցին ու մաքրեցին երկիրը, և այլն»։
Կ. Վարդանյանը նշեց, որ անձամբ ներկա է եղել Տիգրան Սարգսյանի հետ Լի Կուան Յուի հանդիպմանը, և վերջինս ասել էր, որ, եթե կարողանաք ձեր ամենամոտ ընկերոջը նստացնել, կոռուպցիան կվերանա։ Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ասել են, որ Սինգապուրի մոդելը չի կարող մեզ համար ընդօրինակելի լինել, որովհետև այն տոտալիտար երկիր է.
«Եվ Սինգապուրի փորձի որևէ նշույլ մեզ մոտ չկա։ Դա բլեֆ է, PR ակցիա է»։ «Թե ինչո՞ւ է հիմա Կ.Կարապետյանն ասել, թե Սինգապուրի ուղին լավ օրինակ է մեզ համար, չգիտեմ։ Սինգապուրն, իհարկե, լավ մոդել է։ Երևանի չափ քաղաք լինելով, ունի աշխարհի ամենազարգացած, բարձր տեխնոլոգիական բանակը, կա «Սինգապուր Թեքնոլոջի» կորպորացիա՝ կազմված մոտ 40 ընկերությունից, որ արտադրում է սեփական զենք։
Այս ամենի նման ինչ-որ բան Հայաստանում տեսնո՞ւմ եք։ Ոչ։ Սինգապուրը նախաձեռնեց Չինաստանի ռեֆորմները։ Սինգապուրը լուրջ գործ է։ Կարելի է PR-ի համար օգտագործել այդ անունը, որ մենք ուզում ենք Սինգապուր դառնալ, կամ կարող ենք ասել՝ ուզում ենք Լյուքսեմբուրգ դառնալ, բայց ռեալ քայլեր, որ կոնսոլիդացնում են ժողովրդին, ոգևորում փոփոխությունների, որոնք ուղղված են բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, չկան։ Երբ կլինեն, մենք կասենք, որ քայլեր ենք անում դեպի Սինգապուր։ Եթե կան, թող ասեն, որ ա՛յս, ա՛յս քայլերը վերցրել ենք Սինգապուրից, ու մենք էլ տեսնենք, որ գնում ենք այդ ճանապարհով։ Այս 30 տարիների ընթացքում մենք մեր իշխանություններից որևէ նման քայլ չենք տեսել»,- ասաց Կ.Վարդանյանը։
Անդրադառնալով Դավոսի համաժողովին և երկարատև դադարից հետո դրան Հայաստանի մասնակցությանը՝ Կ.Վարդանյանը նշեց, որ առանձնապես ակնկալիքներ չեն կարող լինել.
«Դավոսն ինքնին լավ տեղ է, բայց Դավոսն այսօր խնդիր ունի։ Բոլորը հասկանում են, որ այսоր աշխարհի տնտեսական մոդելն այլևս չի աշխատում և, չնայած Դավոսում հավաքված են ամենախոշոր բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները, նրանք հիմնականում քննարկում են, թե ինչ անեն, որ փոխեն ֆինանսական, տնտեսական իրավիճակը։ Այսինքն՝ աշխարհում այսօր ճգնաժամ կա՝ հենց մոդելի հետ կապված։ ՀՀ վարչապետի ներկայությունը լավ է, որ քննարկումներին մասնակցի, այսինքն՝ ձեռքը պուլսի վրա պահելու առումով՝ իմաստ ունի Դավոսում լինել, բայց ոչ՝ ներդրումներ ներգրավելու»։
Կ. Վարդանյանը նշեց, որ ներդրումներ գալիս են այնտեղ, որտեղ կա վստահություն.
«Ոչ թե փող, այլ վստահություն։ Այսինքն՝ ներդրումներ բերելու համար պետք է սկզբից երկրում սեփական բիզնեսի մոտ ստեղծել վստահություն, որպեսզի դրսից ներդրող գա։ Հակառակ դեպքում ներդրումները կգան միայն հանքարդյունաբերություն, որտեղ աշխարհում ամենացածր հարկերն են մեզ մոտ, և այս ոլորտը երկրին գործնականում փող չի թողնում։ Մնացած ոլորտներում՝ արտադրական, տեխնոլոգիական, նախ՝ ներքին վստահություն պետք է լինի կառավարության ու բիզնեսի միջև, որից հետո գան ներդրումներ, որովհետև դրսի ներդրողը հաստատ Հայաստանի որևէ գործարարի հարցնելու է՝ ներդրումներո՞վ գա, թե՞ ոչ»։