Բաժիններ՝

«Եթե զարդերը չիրացվեն, շատ վատ կլինի». Ֆինանսների փոխնախարարը՝ պետական գանձարանի զարդերի մասին

Հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ արվող գործողությունները տրամաբանված են.

«Գանձարանի գանձերի առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում, օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը, և այլն:

Նախորդ տարի բոլորդ ականատես եք եղել այդ պատմամշակութային արժեքներին, որոնք ցուցադրվել են թանգարաններում, որպեսզի մեր հանրությունը կարողանա այդ սեփականությունը տնօրինել, և հասկանա, թե ինչ ունենք։ Երկրորդ խումբ ապրանքները գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառքի հանվել:

Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում  կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաև ապրանքային տեսքն ու արժեքը: Հետևապես՝ նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար»։

Նա նկատեց՝ պետական գանձարանի իմաստն այն է, որր արտակարգ իրավիճակներում երկրի կարիքները բավարարելու համար, երբ ֆինանսական ակտիվների բացակայություն լինի, կարողանանք այդ մետաղներով տարբեր գործարքներ իրականացնել.

«Հետևաբար՝ բնական է, որ դա անհետաձգելի, այդ պահին իրականացվող պետք է լինի, ինչը պետք է անել իրացվելի միջոցներով։ Մեր գանձարանի ամբողջ նպատակն ինչ-որ պահի խնդիրներ լուծելու կարողությունն է։ Հիմա, վերոնշյալ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն այդ հարցը կլուծեն, իսկ 1.5 մլրդ դրամի ապրանքները չեն կարող լուծել։ Փորձել ենք մարգարիտներ վաճառել, բայց ոչ մի պահանջարկ չի եղել։ Այդ 1.5 մլրդ-ի իրերը մարգարիտներ են, փիրուզներ, նռնաքարեր, արհեստական քարեր, մատանիներ, որոնք հիմա արդի չեն, և այլն։

Դրանք չեն կարող արտակարգ իրավիճակի խնդիր լուծել, դրա համար 4 տարի ժամկետ ենք դրել, որ կարողանանք զարդը զարդի գնով իրացնել, մարգարիտը՝ մարգարիտի, և հնարավորինս ավելի ակտիվ միջոցներ ունենալ։ Դրանով էլ պայմանավորված՝ որևէ շտապողականություն չենք ցուցաբերում և հանգիստ իրացնելու ենք։ Հիմա է ընդունվելու այդ ապրանքների շուկայական գինը, շուկայականից ցածր գնով չի իրացվելու»։

1996 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով դրանց իրացում չի իրականացվել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը: Թե ինչու 1996 թվականից հետո նման բան չի եղել, ֆինանսների փոխնախարարը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ ժամանակ նման պաշտոնի չի եղել։

«Մենք չենք կարող այսօր ասել, թե իրացվելուց հետո ինչ ենք անելու այդ գումարները, դա թողել ենք հետոյի համար։ Եթե իրացվի այնպես, որ հնարավորություն կտա լիկվիդային միջոցներով համալրել, փոխարինել գանձարանի ակտիվները, կփոխարինենք։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ երկրում լինի արտակարգ իրավիճակ և անհրաժեշտ լինի, օրինակ՝ զենք, ապա, բնականաբար, նորից հանրության հետ քննարկելով այդ որոշումը կկայացվի, կուղղվի այդ նպատակին»,- պարզաբանեց փոխնախարարը։

Եթե զարդերը չիրացվեն, ապա, ըստ փոխնախարարի՝ շատ վատ կլինի. «Արդիականությունն էլ ավելի կընկնի, և ամեն հնարավոր բան պետք է անենք՝ գանձարանի հնարավորություններն ավելացնելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս