«Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն էլ զբաղեցնի, միևնույն է, ամենաազդեցիկ ֆիգուրն է լինելու երկրում». Վիգեն Հակոբյան

«Սերժ Սարգսյանը տարեսկզբից ակտիվ գործունեությամբ է զբաղված, բայց չպետք է մոռանալ, որ դա արվում է բավականին բացասական ֆոնի վրա՝ կապված այս թանկացումների հետ, և արվում է այն պայմաններում, երբ վարչապետն արձակուրդում է։ Այսինքն՝ նախագահը փորձում է հնարավորինս մեղմել ստեղծված իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ անցկացրած խորհրդակցությանն ու ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպմանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ քայլերը, իհարկե, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց դրանք, ըստ նրա՝ նախ և առաջ փորձ են՝ արագ հանգցնել այն կրակը, որը կարող է ուժգնանալ՝ կապված առաջացած պեսիմիզմի հետ.

«Իհարկե, կարող է լինել ենթատեքստ՝ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է, և ինքը չի պատրաստվում դրանից հրաժարվել։ Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն էլ զբաղեցնի, միևնույն է, ամենաազդեցիկ քաղաքական և վարչական ֆիգուրն է լինելու երկրում։ Իհարկե, այս ամենում կարելի է որոշակի ակնարկներ տեսնել, բայց այդ ամենն այնքան էլ միանշանակ չէ, ինչպես շատերին է թվում»։

Հակոբյանը նկատեց, որ շատ ավելի մեծ ակնարկներ են պարունակում սահմանադրական փոփոխություններից բխող օրինագծերը, որոնք հիմա մտնում են ԱԺ.

«Օրինակ՝ նույն «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նախագահը վարչապետն է, հետո նշվում է՝ առաջին փոխվարչապետի պաշտոն և փոխվարչապետների պաշտոն, մինչդեռ, ըստ գործող Սահմանադրության՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակ առհասարակ գոյություն չունի։ Սա նշանակում է, որ նման կարգավիճակ պետք է մտցվի Սահմանադրության մեջ, ինչը նախատեսում է սահմանադրական փոփոխություն՝ խորհրդարանի մանդատով։

Ընդ որում՝ դա էլ բավականին միանշանակ պրոցեդուրա չէ, քանի որ այդ որոշումն ընդհանուր 2/3-ով պետք է անցկացվի, ինչը նշանակում է, որ այսօրվա խորհրդարանական կայուն մեծամասնությունը՝ ՀՀԿ+ՀՅԴ, այդքան ձայն չունեն։ Այսինքն՝ եթե որոշվելու է, որ սահմանադրական փոփոխություն պետք է արվի, որպեսզի ձևավորվի առաջին փոխվարչապետի ստատուսը, պետք է խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալների հետ գնալ պայմանավորվածության»։

Հետևաբար՝ սա, ըստ նրա՝ ավելի հետաքրքիր ակնարկ է այն առումով, թե Սերժ Սարգսյանը հետագայում ինչ պաշտոնում կարող է պաշտոնավարել.

«Սա ակնարկ է, որ կարող է գործերի բաժանումը պահպանվել, այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը լինում է վարչապետ, ապա առաջին փոխվարչապետ լինում է Կարեն Կարապետյանը։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանն այդ դեպքում կատարում է նույն վարչապետի ֆունկցիաները, որ հիմա է կատարում, բայց արդեն առաջին փոխվարչապետի կարգավիճակով։ Բայց հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոն ստանձնել՝ հաշվի առնելով իր նախկին հայտարարությունները, ապա կարող է վարչապետը լինել Կարեն Կարապետյանը, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվել Սերժ Սարգսյանի վստահելի անձ»։

Վիգեն Հակոբյանը նկատեց՝ եթե Արդարադատության նախարարությունը նման պաշտոն է նշել օրինագծում, դա նշանակում է, որ վերևներում ինչ-որ կոնսենսուսի եկել են որոշում ընդունողները։

Տեսանյութեր

Լրահոս