ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության բանակցությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ կայացած շփումները՝ հույս հայտնելով, որ նրանց երկխոսությունը կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման:
Միեւնույն ժամանակ ԱԽ-ի անդամները կոչ են արել ամբողջությամբ կատարել իր բանաձեւերը, որոնք Փենյանին արգելում են միջուկային զենք մշակել եւ պատժամիջոցներ են նախատեսում նման գործունեության համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի փակ նիստի արդյունքները:
«Անվտանգության խորհրդի անդամները ողջունեցին ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության վերջին քայլերն ու շփումները,- ասել է դիվանագետը:- Անվտանգության խորհրդի անդամները նշեցին, որ կորեական երկու պետությունների միջեւ նման նախնական երկխոսությունը կարող է հնարավորություններ բացել Կորեական թերակղզում վստահության ամրապնդման համար, թուլացնել լարվածությունը եւ բերել միջուկազերծման»:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգծել են, որ «ԿԺԴՀ-ն եւ անդամ բոլոր մյուս պետությունները պարտավոր են ամբողջությամբ ու խստիվ կատարել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը»: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան տեղի է ունեցել Փանմունջոն սահմանամերձ կետում: Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան նաեւ որոշել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ: Նաեւ Կորեայի Հանրապետության իշխանություններն ակնկալում են, որ ԿԺԴՀ-ն բազմամարդ պատվիրակություն կուղարկի Փյոնչհանի Օլիմպիադային, որի կազմում կլինի 400-ից մինչեւ 500 մարդ: Նախօրյակին Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել պայմանով, որ դա կնպաստի հյուսիսկորեական միջուկային խնդրի լուծմանը: «Ես պատրաստ եմ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել, եթե դա կօգնի լուծել Հյուսիսի միջուկային խնդիրը, ինչպես նաեւ վերականգնել միջկորեական հարաբերությունները»,- ասել է նա:
Նախագահը նաեւ նշել է, որ Կորեայի Հանրապետությունը նման հանդիպման անցկացմանը դրականորեն է վերաբերվում միայն այն դեպքում, եթե որոշակի երաշխիքներ տրվեն դրա արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ դրանք չպետք է լինեն «բանակցություններ հանուն բանակցությունների», հաղորդել է ՏԱՍՍ-ը: