Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ պատասխան կտա միջուկային գործարքի հնարավոր խախտմանը

Թեհրանը պատրաստ է արագացնել ուրանի հարստացումը, եթե Վաշինգտոնը խախտի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) փոխղեկավար Բեհրուզ Քամալվանդին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը հունվարի 12-ին կհայտարարի, թե ԱՄՆ-ը կերկարացնի արդյոք Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում: Այդ որոշման նախաշեմին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ուղեւորվել է Մոսկվա եւ Բրյուսել՝ համաձայնագրի կնքման միջնորդ երկրների հետ քննարկելու միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը:

Քամալվանդիի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի կողմից հակասական նորություններ են ստացվում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը երկարացնելու մասին: Սակայն եթե պատժամիջոցների չեղարկման ռեժիմի երկարացումը տեղի չունենա, դա կդառնա ԳՀՀԾ-ի խախտում, եւ Իրանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, նշել է  նա:

Նա նաեւ հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում իրանցի պաշտոնյան նախազգուշացրել է, էոր Միացյալ Նահանգների կողմից միջուկային գործարքի խախտումը կարող է հանգեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցության նվազեցման:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս