«Բարսելոնան» դեռևս չի համաձայնեցնում Մինայի տրանսֆերը՝ ֆինանսական տարաձայնությունների պատճառով
Կատալոնական «Բարսելոնան» և «Պալմեյրասը» դեռևս չեն կարողանում պայմանավորվել պաշտպան Իերի Մինայի տեղափոխության շուրջ:
Կոլումբիացի պաշտպանը կարող էր տեղափոխվել կատալոնական ակումբ դեռևս նախորդ շաբաթ, սակայն կողմերը չեն կարողանում լուծել ֆինանսական խնդիրները:
«Պալմեյրասը» ցանկանում է, որ կատալոնական ակումբը պայմանագրով վճարի ևս 1.8 միլիոն եվրո, որն ըստ ՖԻՖԱ-ի՝ պետք է ստանա «Սանտա-Ֆեն»՝ Մինայի առաջին ակումբը: Այսպիսով, Մինայի տրանսֆերը կկազմի 12,39 մլն եվրո:
Սակայն կատալոնական ակումբը նշում է, որ Մինայի համար վճարվելիք 11,8 միլիոնում արդեն իսկ ներառված է Մինայի առաջին ակումբի վճարը:
Բացի այդ, կողմերը չեն համաձայնեցնում գումարի փոխանցման տարբերակը: Կատալոնական ակումբը ցանկանում է գումարը փոխանցել մաս-մաս, այնինչ «Պալմեյրասը» ցանկանում է ստանալ ամբողջ գումարը միանգամից:
Սիրարփի Աղաբաբյան