Բաժիններ՝

««Ելքը» փորձել է կանգնել կառավարության շնչին». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ այն, որ մի շարք ապրանքներ պետք է թանկանային, հայտնի էր դեռևս մի քանի ամիս առաջ, ու, ըստ նրա՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թ. Պողոսյանն ասաց, որ կառավարությունը պետք է սկսեր դրա մասին հաղորդակցվել հանրության հետ, պատրաստեր այդ իրավիճակին. «Արդյոք մեզ մոտ կա՞ այդ մշակույթը. ոչ: Եթե փորձենք նայել, բոլոր սխալները գալիս են այն խնդրից, որ մեզ մոտ կառավարությունը չի կարողանում Հայաստանում ձևավորել տնտեսական միջավայր: Կառավարությունը պետք է փոխի իր՝ նոր տնտեսական մոդելի ձևավորման մոտեցումը և ճիշտ հաղորդակցվի և հիմնավորումներ ներկայացնի այն բոլոր սպասումների մասով, որ ձևավորվում են»:

Թ. Պողոսյանի խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որտեղ մենք ամեն օր ասում ենք՝ թանկացումներ են լինելու, ինչը նույնպես նպաստելու է, որ ամեն ինչ թանկանա.

«Ցավալի է, բայց պետք է ողջունել. միակ քաղաքական ուժը «Ելքն» է, որ բարձրաձայնել է այդ մասին՝ չունենալով այլ մեխանիզմներ դրա դեմ պայքարելու համար: Առնվազն կառավարության շնչին փորձել են կանգնել, բարձրաձայնել են, խոսել են, և այդ իմաստով պետք է ողջունել այն բոլոր քայլերը, որ «Ելքն» անում է: Դրա հետ միասին, պետք է հասկանանք, որ մյուս կողմն այդ բոլոր քայլերին պետք է ադեկվատ արձագանքի: Այսօր մենք կառավարությունից չենք տեսնում այն կոնկրետ արձագանքները, որ պետք է արդեն երևային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս