Գառնիկ Իսագուլյանը 250 տոննա ցեմենտ է խնդրել Գագիկ Ծառուկյանից
«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով այս տարի բանակում ունեցած կորուստների մասին:
Նա նկատեց, որ, երբ տղաները սովորում են այդ կրակոցներին, աղմուկներին, իրենց համար սովորական է դառնում այնպիսի տարածք դուրս գալը, որը գտնվում է թշնամու դիպուկահարների նշանառության տակ, ինչը պատճառ է դառնում, որ այդ զինվորներին կորցնենք:
Նա նշեց, որ Արցախի նախագահը և պետական գործիչները եղել են Արցախի բոլոր համայնքներում և շնորհավորել են մարդկանց Ամանորը. «Մոտավորապես 20 միլիարդ դրամի միայն աշխատանք կատարվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում այն խնդիրների լուծման համար, որոնք առաջին հերթին՝ ծառացած են Արցախի ազգաբնակչության առաջ»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ Բակո Սահակյանին հաջողվել է միասնական թիմ ձևավորել: Նա նկատեց, որ Բ. Սահակյանի նախկին մրցակիցները՝ Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը, նույնպես իրենց թիմում են: Գ. Իսագուլյանը գտնում է՝ դա ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի ներկայացուցիչների համար պետք է լինի օրինակ. «Բոլորս փորձենք այդ միասնականությունը, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը դրսևորենք և փորձենք այդ ուղղությամբ աշխատել, ու այդ ժամանակ, վստահ եմ, բավական լուրջ հաջողություններ կարձանագրենք նաև Հայաստանում»:
Նա ասաց, որ ինքը վերջերս Իվետա Տոնոյանի միջոցով Գագիկ Ծառուկյանից խնդրել է 250 տոննա ցեմենտ Շահումյանի շրջանի համար. «Երբ մենք Շահումյանի շրջանի նոր նշանակված երիտասարդ ղեկավարի հետ խոսում էինք, պարզվեց, որ 250 տոննա ցեմենտը բավական է, որ մենք կարողանանք այդ բնակչությունը 3-4 հարյուր հոգով ավելացնել: Ես արդեն զանգել եմ Իվետա Տոնոյանին և նրա միջոցով խնդրել եմ պարոն Ծառուկյանին, որ, երբ օրերը սկսում են տաքանալ, ասեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: