Բաժիններ՝

Պակիստանը կասեցրեց ԱՄՆ-ի հետ գործակցությունը պաշտպանության և հետախուզության ոլորտում

Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Խուրամ Դասթգիր Խանը հունվարի 9-ին հայտարարել է, որ Պակիստանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության եւ հետախուզության բնագավառում Իսլամաբադին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը սառեցնելու Վաշինգտոնի որոշումից հետո։

«Գոյություն ունի պաշտպանության եւ հետախուզության գծով ԱՄՆ-ի հետ համագործակցության լայն ոլորտ, որը մենք կասեցրել ենք»,-հունվարի 10-ին նախարարի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը: Խանի խոսքով, «եկել է Պակիստանի ու ԱՄՆ-ի միջեւ քաղաքավարի եւ միեւնույն ժամանակ անկեղծ երկխոսության ժամանակը»:

Անցած շաբաթ Պետդեպարտամենտը հայտնել է անվտանգության բնագավառում Պակիստանին ցուցաբերվող օգնությունը կասեցնելու որոշման մասին, քանի դեռ երկրի իշխանությունները վճռական գործողություններ չեն ձեռնարկել ահաբեկչական խմբավորումների դեմ, ներառյալ «Թալիբան» աֆղանական շարժումը եւ պակիստանյան «Հաքանիի ցանցը»: Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչ Պատրիկ Էվանսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սառեցրել է առնվազն 900 մլն դոլար, որը հատկացված էր Պակիստանին հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դժգոհ է այն բանից, թե ինչպես է Իսլամաբադը հակազդում ծայրահեղականներին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջին 15 տարվա ընթացքում ապարդյուն ավելի քան 33 մլրդ դոլար է տրամադրել Պակիստանին որպես ֆինանսական օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս