Բաժիններ՝

Թուրք պատգամավոր Լեյլա Զանան կզրկվի պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան նիստերից բացակայելու հիմնավորմամբ կզրկվի պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ներկայում Զանային մանդատից զրկելու մասին զեկույցն արդեն քննարկման է դրվել մեջլիսի լիագումար նիստում:

Նիստի ժամանակ Զանայի փոխարեն նրա պաշտպանությամբ է հանդես գալու քրդամետ կուսակցության մեկ այլ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը: Եթե պաշտպանությունից հետո 24 ժամվա ընթացքում կայանալիք քվեարկության արդյունքում զեկույցն ընդունվի, Զանան կզրկվի պատգամավորական մանդատից:

2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Եթե Լեյլա Զանան ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս