Բաժիններ՝

Boeing-ը ռեկորդային թվով ինքնաթիռներ է մատակարարել

Ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող Boeing ամերիկյան կոնցեռնը 763 ինքնաթիռ է մատակարարել իր պատվիրատուներին, ինչը մեկով ավելի է, քան ռեկորդային 2015 թվականին: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Boeing-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը մատակարարումների թվով վեցերորդ տարին անընդմեջ առաջ է անցել գլխավոր մրցակցից՝ եվրոպական Airbus-ից, որն իր ցուցանիշները հրապարակելու է հաջորդ շաբաթ:

Բացի այդ, Boeing-ն անցյալ տարի 912 ինքնաթիռների պատվեր է ստացել: Boeing-ի պատվերների պորտֆելը 2017 թվականի վերջի դրությամբ կազմել է ռեկորդային 5864 ինքնաթիռ, ինչը ընկերության արտադրական հզորությունների բեռնվածությունը կապահովի յոթ տարի: Ընդ որում՝ առավել մեծ պահանջարկ վայելող մոդելի՝ Boeing-737 նեղֆյուզելյաժային ինքնաթիռի պատվերներն անցյալ տարի ավելացել են 35 տոկոսով՝ մինչեւ 745 միավոր: Այդ ինքնաթիռների արտադրությունը հասել է ամսական 47-ի:

Մինչդեռ Boeing-747 լայնաֆյուզելյաժային օդանավի պատվերները մեկ տարի առաջվա 28-ից ընկել են մինչեւ 12, քանի որ ԱՄՆ-ի եւ աշխարհի ավիաընկերություններն ակտիվորեն գնում են ավելի խնայողական մոդելներ: Boeing-ի բաժնետոմսերը հունվարի 9-ին թանկացել են 2,7 տոկոսով, ընկերության կապիտալիզացիան վերջին 12 ամսվա ընթացքում աճել է ավելի քան կրկնակի եւ կազմում է 184,7 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս