Թուրք գործիչը հայտարարել է «նոր ASALA-ի» վերադարձի մասին
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գյուլբեյը հայտարարել է, որ «Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն, որի գործուենության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Վրաստանի Ջավախք շրջանում «Վիրք-երկիր» անվամամբ:
Ըստ Գյուլբեյի՝ «Վիրք-երկիր» միությունը ահաբեկչական կառույց է, որը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը կյանքի կոչելու համար օգտագործում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերին: ASİMDER-ի ղեկավարի պնդմամբ՝ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմաբազան հեռանալիս դյուրակիր զինատեսակները թողել է «Վիրք-երկրի» անդամներին: Նա նշել է, որ կազմակարեպության նախկին ղեկավար Վահագն Չախալյանը 2008 թվականին ձերբակալվել էր անջատողական կազմակերպություն հիմնելու և զենքի առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով:
Անդրադառնալով Ջավախքի նորագույն պատմությանը՝ Գյուլբեյը հայտնել է, որ Ջավախքի խնդիրն առաջացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ միաժամանակ: Բայց քանի որ հայերը չեն կարողացել լուծել ղարաբաղյան խնդիրը, Ջավախքի հարցով որոշ պահանջներ առկախել են՝ չցանկանալով փակել աշխարհի հետ կապող միակ դարպասը, որն անցնում է Վրաստանով:
Հակահայ գործունեությամբ հայտնի գործչի պնդմամբ՝ Վրաստանում բնակվում է 600 հազար ադրբեջանցի թուրք, որոնցից Ջավախքի մոտակա գյուղերում և ավաններում ապրողների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ «Վիրք-երկրի» և ASALA-ի աշխարհայացքը նույնն են: