Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել պայմանով, որ դա կնպաստի հյուսիսկորեական միջուկային խնդրի լուծմանը: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 10-ին Սեուլում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես պատրաստ եմ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել, եթե դա կօգնի լուծել Հյուսիսի միջուկային խնդիրը, ինչպես նաեւ վերականգնել միջկորեական հարաբերությունները»,- նրա խոսքը մեջբերել է NHK հեռուստաալիքը: Նախագահը նաեւ նշել է, որ Կորեայի Հանրապետությունը նման հանդիպման անցկացմանը դրականորեն է վերաբերվում միայն այն դեպքում, եթե որոշակի երաշխիքներ տրվեն դրա արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ դրանք չպետք է լինեն «բանակցություններ հանուն բանակցությունների»:
Կորեայի հանրապետությունը մտադիր չէ հրաժարվել Կորեական թերակղզու միջուկազերծման անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշումից, ասել է Մուն Չժե Ինը: Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, թե չէր ցանկանա Հյուսիսի ու Հարավի անհապաղ վերամիավորում:
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան տեղի է ունեցել Փանմունջոն սահմանամերձ կետում: 2015 թվականի դեկտեմբերից ի վեր միջկորեական առաջին բանակցությունների գլխավոր թեմա էր հայտարարված Սեուլի եւ Փենյանի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը: Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ, ինչի մասին ասված է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման արդյունքների վերաբերյալ հունվարի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
«Հարավը եւ Հյուսիսը համակարծիք են ներկայիս ռազմական լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության հարցում եւ այդ խնդրի կարգավորման համար որոշել են վերսկսել զինվորականների բանակցությունները»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ YTN հարավկորեական հեռուստաալիքը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նո Գյու Դոկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կորեայի Հանրապետությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է մի շարք հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց Հարավային Կորեա մուտքի արգելքի հնարավոր չեղարկմանը, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի հետ: «Սեուլն այս նպատակով կարող է համապատասխան քայլերի հնարավորությունը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այլ շահագրգիռ պետությունների հետ համատեղ»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: