Եթե ձյուն չտեղա, իսկ եղանակը ցրտի, աշնանացան բերքը կտուժի. գյուղատնտեսության փոխնախարար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, եւ պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երեւույթ դիտվել է Երեւանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Որ ընդհանուր առմամբ անոմալ եղանակ է, Հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, այսինքն բազմամյա միջինի համեմատ օդի ջերմաստիճանը բարձր է: Բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կարող ենք գնահատական տալ, որ սա վնաս կպատճառի գյուղատնտեսությանը: Հիմա, քանի որ գիշերները լինում է բացասական ջերմաստիճան, դա թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի: Ես անձամբ այս պահին գտնվում եմ Տավուշի մարզում:

Այսինքն՝ այն մարզում, որն ամենացածրադիր վայրերից մեկն է եւ ամենատաքը: Ո՛չ բողբոջած ծառ ունենք, ո՛չ թուփ: Գուցե այնպիսի մի տեղ, որը հարավային կողմում է, արեւի անմիջական ճառագայթների տակ, գտնվում է տաք մի վայրում, թեկուզ Երեւան քաղաքում, չի բացառվում բնության մեջ նման երեւույթ լինի: Բայց որ դա զանգվածային բնույթ կրի եւ գյուղատնտեսությանը վնաս պատճառվի, նման խնդիր այս պահին չկա»:

Նախարարի տեղակալի խոսքով, իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի եւ գրանցվի -15-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել:

«Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչեւ -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչեւ -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով, եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»,- շարունակեց Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի նվազում: «Ինձ թվում է՝ բնությունը կկարգավորի, սառը հոսանքներ կգան: Այսօր դեռ ընդամենը հունվարի 9-նն է»,- լավատեսորեն եզրափակեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս