Բաժիններ՝

Շատակերության հինգ պատճառները

Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի աշխատակից Ջենի Մորիսը բացատրել է, թե մարդիկ ինչու են հաճախ չափից ավելի շատ ուտում: Մասնագետի սյունակը հրապարակված է The Conversation հանդեսում: Մորիսի խոսքով՝ շատակերության հակվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից առաջինը սննդաբաժնի չափն է:

Այդ թեզիսը հաստատում են վերջերս արված գիտափորձի արդյունքները, որի ընթացքում մասնակիցներին առաջարկել էին դատարկել ապուրի ափսեն: Առանձին թասերի միացված են եղել խողովակներ, որոնցով արգանակը լցվում էր մասնակիցների համար աննկատ կերպով:

Գիտափորձի ավարտվելուց հետո պարզվել է, որ, չնայած այն բանին, որ մարդկանց մի մասը 73 տոկոսով ավելի շատ ապուր է կերել, քան մնացածները, բոլորն իրենց միանման կշտացած էին զգում: Ոչ պակաս կարեւոր գործոն է սեղանին առկա ճաշատեսակների բազմազանությունը: Սննդագետն ընդգծում է, որ հագեցվածության զգացողությունն ուղղակիորեն կապված է այն պահի հետ, երբ օրգանիզմն սկսում է ավելի քիչ բավականություն ստանալ կերակրի համից: Այսպիսով, հետազոտությունների արդյունքների համաձայն, եթե սեղանը «կոտրվում է ճաշատեսակների առատությունից», մարդը քառակի ավելի շատ է ուտում: Նաեւ, Մորիսի խոսքով, չափից ավելի ուտելու վրա ազդում են ուտելիս հեռուստացույց դիտելը եւ ընթերցելը, ինչպես նաեւ ալկոհոլի օգտագործումը եւ սեղանի շուրջ հավաքված մարդկանց պահվածքը:

Երբ մարդու ուշադրությունը շեղվում է, նա ավելի վատ է գիտակցում կշտանալու պահը, ուստի ավելի շատ է ուտում, պարզաբանել է մասնագետը: Համանման ազդեցություն ունի նաեւ ալկոհոլը, որի պատճառով ուղեղն ավելի ուշ է ստանում անհրաժեշտ ազդանշանները: Բացի այդ, երբ մարդն ուտում է մարդկանց ընկերակցությամբ, նա ակամայից իր վրա «փորձում է» կերակրի հետ կապված մյուսների սովորությունները՝ ձգտելով փորձել այն ամենը, ինչը դուր է գալիս սեղանակիցներին, ինչը նույնպես նպաստում է չափից ավելի ուտելուն: Հիշատակված գործոնների ազդեցությունից խուսափելու եւ չափից ավելի շատ չուտելու համար հարկավոր է սնվելու ժամանակ կենտրոնանալ բացառապես ուտելիքի վրա, ընդգծում է Մորիսը:

Նա նաեւ խորհուրդ է տալիս լուսանկարել ճաշատեսակները, որպեսզի այդ կերպ մարդն իրեն հիշեցնի օրվա ընթացքում օգտագործված ուտելիքի քանակության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս