Ոչ շատ ակնհայտ, բայց կարևոր մանրամասներ Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին
Ամռան ամենասպասված տրանսֆերն իրականացավ ձմռանը: Բրազիլացի ֆուտբոլիստ Կոուտինիոն արդեն պաշտոնապես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ է: Առանձնացրել ենք ոչ շատ ակնհայտ, բայց կարևոր մանրամասներ Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին:
«Լիվերպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նյուզմեյքերներից մեկն է: Երկու տրանսֆերային սագաները, որտեղ շոշափվում էր անգլիական ակումբի անունը, ավարտվեցին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին օրերին: Իհարկե, եթե Վան Դեյկի տեղափոխությունն ուրախացրեց երկրպագուներին, ապա Կոուտինիոյի տեղափոխությունը ծանր հոգոց հանելու առիթ էր անգլիական ակումբի երկրպագուների համար:
Բրազիլացու տեղափոխության մասին հորինվում են բազմաթիվ պատմություններ: Այդ պատմություններից հնարավոր է մի ամբողջ սերիալ նկարահանել՝ հետագա զարգացումների մասին սպին-օֆֆերով: Զանազան պատմությունների կողքին, սակայն, կային մի քանի իրական փաստեր, որոնց այդքան էլ մեծ ուշադրություն չդարձվեց:
«Բարսելոնան» դեռևս ամռանը համոզած էր, որ տրանսֆերը կկայանա
Սրա մասին պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք կատալոնական ակումբի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում:
Կոուտինիոյի տեղափոխության մասին լուրից 1 վայրկյան անց արդեն պատրաստ էին տեսանյութեր, որտեղ առաջարկվում էր հետևել Կոուտինիոյին սոցիալական ցանցերում: Մի քանի րոպեի ընթացքում սոցցանցերը լի էին Կոուտինիոյի մասին կոնտենտով: Հետաքրքիր է, որ Կոուտինիոն էլ առանձնապես ակտիվություն չէր ցուցաբերել սոցիալական ցանցերում օգոստոսից:
Բացի այդ, եթե կատալոնական ակումբի նախագահը և գլխավոր մարզիչն ամռանը տարբեր մտքեր էին արտահայտում Կոուտինիոյի մասին, ապա սեպտեմբերից նրանք պարզապես շրջանցում էին ֆուտբոլիստի մասին խոսակցությունները՝ չցանկանալով խոսել արդեն իսկ կայացած տրանսֆերի մասին:
Ամռանը ֆուտբոլիստը չտեղափոխվեց «Լիվերպուլի» ղեկավարների որոշմամբ
Յուրգեն Կլոպն արդեն ամռանը կազմում էր թիմի մարտավարութունը՝ առանց Կոուտինիոյի: Գերմանացի մասնագետը համոզված էր, որ բրազիլացին կհեռանա, իսկ թիմի խաղը պետք է կառուցել Վան Դեյկի վրա: Սակայն վերջինիս տրանսֆերն այդպես էլ չիրականացավ, իսկ Fenway Sports Group-ը, որ լիվերպուլյան ակումբի ղեկավար կառույցն է, որոշեց, որ երկրպագուները կպահանջեն ակումբի ղեկավարի հրաժարականը, եթե Կոուտինիոն հեռանա: Այդ պատճառով կատալոնական ակումբը ստացավ հստակ մերժում:
Կոուտինիոյի վաճառքը Կլոպի որոշումն էր
Անմիջապես Կոուտինիոյի հեռանալու լուրից հետո Կլոպը հանդես եկավ նախօրոք պատրաստած ելույթով, որով ոգևորում էր երկրպագուներին:
Կլոպը նշում է, որ Ֆիլիպը շատ անկեղծ է եղել թիմի ղեկավարության, իր և խաղընկերների հետ: Դա Կոուտինիոյի երազանքն էր, և իրենք պետք է հարգեն ֆուտբոլիստի որոշումը:
Ջեյմս Պիրսը, ով լիվերպուլյան ակումբի հետ համագործակցող ամենահայտնի լրագրողներից է, նշում է, որ Կոուտինիոյի վաճառքը 100 տոկոսով Կլոպի որոշումն էր:
Ըստ The Independent-ի՝ Կլոպը ցանկանում էր, որ Ֆիլիպը հեռանա դեռևս ամռանը, քանի որ չէր ցանկանում աշխատել ֆուտբոլիստի հետ, ում երազանքն այլ ակումբ է:
Տեղափոխության համար Կոուտինիոն վճարել է սեփական գրպանից
Լիվերպուլյան ակումբին մոտ կանգնած ևս մի լրագրող՝ Պոլ Ջոսը, նշում է, որ Կոուտինիոն իր գրպանից վճարել է 11.5 միլիոն ֆունտ, որպեսզի տեղափոխվի կատալոնական ակումբ:
Բացի այդ, անգլիական ակումբի ղեկավարությունը Կոուտինիոյին առաջարկել է հսկայական բոնուսներ, որպեսզի նա թիմում մնա մինչև ամառ: Սակայն բրազիլացին հրաժարվել է այդ բոնուսներից:
Սիրարփի Աղաբաբյան