Հորդանանում ձերբակալել են ԻՊ-ի 17 կողմնակիցների, որոնք ահաբեկչություն էին պլանավորել
Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են ԻՊ խմբավորման խոշոր ահաբեկչական գործողությունը եւ ձերբակալել ահաբեկիչների պլանների մեջ ներքաշված 17 մարդու: Այդ մասին հայտնել է Petra ազգային գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, ահաբեկիչները 2017 թվականի նոյեմբերին միանգամից մի քանի գրոհ էին պլանավորել թագավորությունում իրադրությունն ապակայունացնելու նպատակով: «Գլխավոր հետախուզական վարչությունը… կանխիչ գործողությունների շնորհիվ կասեցրել է խոշոր ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունը, որը ԻՊ-ի կողմնակիցների խումբը նախապատրաստել էր 2017 թվականի նոյեմբերին»,- նշում է գործակալությունը:
Ուժայինները նրանցից առգրավել են զենքի պաշարներ եւ այլ ռեսուրսներ, որոնք նրանք պատրաստվում էին գործի դնել գրոհների ընթացքում: Ինչպես ցույց է տվել հետաքննությունը, թիրախների թվում ահաբեկիչները նախատեսել էին զինվորական ու ոստիկանական պահակակետեր եւ առեւտրի վայրեր: Ձերբակալվածներին ներկայացվել են ահաբեկչության նպատակով դավադրության, ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության տարածման եւ մի շարք այլ մեղադրանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: