Նա երազում էր և հասավ իր երազանքին. ո՞վ է տրանսֆերային գլխավոր սագայի հերոսը
2013/2014 թվականների մրցաշրջանից առաջ բրազիլացի ֆուտբոլիստ Կոուտինիոն արեց դաջվածք, որի վրա գրված էր շատ բանալ, բայց կարևոր միտք՝ «Երբեք մի դադարիր երազել»:
Մրցաշրջանից երեք տուր առաջ լիվերպուլյան ակումբն ուներ բոլոր հնարավորությունները չեմպիոն դառնալու համար: Այս ժամանակ բրազիլացին ասում էր. «Սա արտահայտություն է, որը ես պաշտում եմ, սկզբունք, որով ես ապրում եմ: Հիմա ակումբում այնպիսի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջ սրտով հավատանք և պահենք մեր երազանքը»:
Սակայն բրազիլացի ֆուտբոլիստի և անգլիական թիմի երազանքները չիրականացան:
Կոուտինիոն հայտնվեց հեքիաթում նաև 2017 թվականի ամռանը, երբ կատալոնական «Բարսելոնան» լրջորեն սկսվեց հետաքրքրվել ֆուտբոլիստով: Կոուտինիոյի կուռք Ռոնալդինիոն նշում էր, որ կատալոնական ակումբն ու Ֆիլիպը ստեղծված են իրար համար: Կոուտինիոյի համար իր կուռքից նման խոսքեր լսելը երազանքի իրականացում էր:
Կոուտինիոն սկսել էր հավատալ իր երազանքին: Նրան քաջալերում էր նաև իր մտերիմ ընկերը՝ Լուիս Սուարեսը: Վերջինս վերաբերվում էր Ֆիլիպին ավագ եղբոր նման:
«Երբ Լուիսը վերջին անգամ եկավ մարզմանը, նա մոտեցավ ինձ և ասաց, որ ուշադրության կենտրոնում պահեմ Ֆիլիպին»,- հիշում է Ջերրարդը:
Ամռանը Կոուտինիոն երկու քարի արանքում էր՝ երազանքը և խիղճը: Թիմակիցները նշում են, որ Կոուտինիոն շատ անկեղծ և բարի տղա է: Sky Sports-ի հետ զրույցում ֆուտբոլիստի գործակալը նշում է, որ Ֆիլիպն անում էր ամեն ինչ թիմի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար:
«Ֆիլիպն ամեն ինչ անում էր, որ հարցերը խաղաղությամբ լուծվեին, սակայն ղեկավարությունն անընդհատ լարվածություն էր մտցնում: Նա շատ է սիրում թիմը և երկրպագուներին»:
Կոուտինիոն երազում էր տեղափոխության մասին, սակայն երբեք պատերազմ չհայտարարեց իր ակումբին: Միակ բանը, որ արել է ֆուտբոլիստը, այն էր, որ պաշտոնապես դիմել է թիմի ղեկավարությանը տրանսֆերի մասին մանրամասներ իմանալու համար: Հավաքականների դադարի ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր բժիշկը նշել էր, որ Կոուտինիոն չի կարողանա խաղալ, քանի որ շատ ուժեղ սթրես է ապրում, ինչի պատճառով նրա նյարդերը կայուն չեն, և նա չի կարողանա տրամադրվել խաղին:
Շատ համեստ տղան
Դեռևս փոքր տարիքից Կոուտինիոն միշտ չի վստահել իր ուժերին: Ֆիլիպը հետևում էր, թե ինչպես է իր ավագ եղբայրը խաղում փողոցում, բայց չէր կարողանում խոստովանել ինքն իրեն, որ ինքն ավելի տաղանդավոր է: Երբ Ֆիլիպը 7 տարեկան էր, «Վասկո դա Գամա» ակումբը նրան հրավիրեց ցուցադրական խաղի: «Երբ մենք դաշտում էինք, ես լաց էի լինում և ամաչում էի խաղալ»,- հիշում է Կոուտինիոն: Մինչ մյուս երեխանեը ցուցադրում էին իրենց կարողությունները, Ֆիլիպն ամուր բռնել էր հայրիկի ձեռքը և չէր շարժվում տեղից: «Ես նորեկ էի, այնտեղ բոլորը գիտեին մեկը մյուսին, այդ իսկ պատճառով ես ինձ միայնակ էի զգում և ամաչում էի»:
Արդեն 12 տարեկանում բրազիալցուն տանջում էր մի կարևոր հարց՝ ինչպե՞ս դառնալ պրոֆեսիոնալ, եթե Բրազիլիայում կան հիանալի ֆուտբոլ խաղացող միլիոնավոր երեխաներ: Կոուտինիոն պատմում է, որ իրենց հետ պարապող շատ ավագ ֆուտբոլիստներ այդպես էլ հաջողություն չունեցան, այդ իսկ պատճառով ինքը հասկանում էր, որ պետք է շատ աշխատի:
Կոուտինիոն ընդամենը 18 տարեկան էր, երբ նրան հրավիրեց «Ինտերը»: Նա հրաժարվում էր գնալ Միլան՝ առանց իր ընտանիքի: Գումարները և հայտնիությունը չէին փոխել ֆուտբոլիստին, դրա համար էլ նա ցանկանում էր ապրել իր սովորական կյանքով: Իտալացի լրագրողների հետ զրույցում ֆուտբոլիստը նշել էր. «Ես ժամանակ չեմ հատկացնում հաճույքներին՝ չեմ գնում դիսկոտեկներ, չեմ խմում գարեջուր կամ այլ ալկոհոլային խմիչքներ, ես անգամ դաջվածք չունեմ: Ես գտնում եմ ուրախություն ուրիշ բաներում: Մայրս հիմա փնտրում է եկեղեցի, որը մենք կարող ենք այցելել: Բրազիլիայում մենք ամեն կիրակի այցելում էինք եկեղեցի: Աստված իմ սրտում է: Նա ինձ հետ է այն օրից, երբ ես ծնվել եմ: Բրազիլիայի ազգային հավաքականի առաջին հրավերը ես նվիրել եմ նրան»:
Ֆիլիպի կենագրությունում չկան սև կետեր: Նրա անունը երբեք չեք գտնի սկանդալներում կամ ուշագրավ պատմություններում: Նրա հետ աշխատած բոլոր մարզիչները հիանում էին ոչ միայն նրա ֆուտբոլային, այլև մարդկային որակներով:
Պոչետինոն նրան անվանում է հրաշալի ֆուտբոլիստ և ավելացնում. «Նա ունի հրաշալի մարդկային հատկանիշներ: Նա շատ համեստ է: Իր որակների համար ես կարող եմ համեմատել նրան Մեսսիի կամ Ռոնալդինիոյի հետ:
Լիվերպուլում ազատ ժամանակը Կոուտինիոն անցկացնում էր կնոջ՝ Այնեի հետ, երբեմն կազմակերպում էր ընտանեկան հավաքներ, հաճախ հրավիրում էր թիմակիցներին իր տուն՝ ոչ ալկոհոլային հավաքների, կամ խաղում էր PlayStation Սուարեսի հետ:
Ընտանիքն ամենակարևորն է
Բրենդան Ռոջերսն ուներ սովորություն. նա հավաքում էր ֆուտբոլիստների մայրիկների նամակները և կարդում էր դրանք խաղից առաջ: Հերթը Կոուտինիոյի մայրիկինն էր:
«Ես այնպես էի հուզվում: Նամակը շատ կարճ էր: Մայրիկը գրել էր, որ սիրում է ինձ, հպարտանում է ինձնով, միշտ ինձ հետ է և կարոտում է ինձ: Դրանք շատ կարևոր խոսքեր էին բոլորիս համար, և տղաները շատ էին հուզվել»,- CNN-ի հետ զրոյցում անկեղծացել է Կոուտինիոն:
Ֆիլիպի համար ընտանիքն ամենակարևորն է: Նրա հայրն ուզում էր, որ նա զբաղվի լուրջ գործով և լավ կրթություն ստանա, ինչպես նրա փաստաբան եղբայրները: Սակայն ընտանիքը Կոուտինիոյի կողքին էր, երբ նա լրջորեն որոշել էր զբաղվել ֆուտբոլով: Հենց հայրն էր, որ գտավ առաջին ակումբը որդու համար:
Ընտանիքն անում էր ամեն բան, որպեսզի Կոուտինիոն հարմարվի նոր երկրներում ապրելուն:
Ընտանիքը բրազիլացու հետ է եղել թե՛ Իտալիայում, թե՛ Անգլիայում: Սակայն որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են Բրազիլիա: Միևնույն ժամանակ, Կոուտինիոյի ընտանիքը նրա հետ է բոլոր ընտանեկան տոներին և կարևոր պահերին:
Մինչ ակումբները քննարկում էին տրանսֆերային մանրամասները, Կոուտինիոյի ընտանիքն Անգլիայում էր, որպեսզի աջակցեր ֆուտբոլիստին:
Կինը՝ ամբողջ կյանքի սեր
Կոուտինիոյի հետ Եվրոպա է մեկնել նաև մի 17 տարեկան աղջիկ՝ Այնեն: Կոուտինիոն և Այնեն ծանոթացել են երեկույթի ժամանակ, չնայած մեծացել են նույն թաղամասում: Ֆուտբոլիստը պատմում է, որ ինքն այնքան ամաչկոտ է եղել, որ Այնեն է առաջարկել դառնալ նրա ընկերուհին:
Այնեն այցելում է Կոուտինիոյի բոլոր տնային խաղերին: Կնոջ ձայնը խաղերից առաջ ոգևորում է ֆուտոլիստին, իսկ բոլոր գոլերից հետո էլ Այնեն մարզադաշտում ստանում է օդային համբույր:
2012-ին զույգն ամուսնացավ, իսկ 2015-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Մարիան: 2016 թվականին Ֆիլիպի աղջիկն առաջին անգամ այցելեց մարզադաշտ, իսկ Կոուտինիոն էլ կարևոր գոլի հեղինակ դարձավ՝ խաղավարտին նշելով, որ իր աղջիկն է ոգեշնչել իրեն:
Դաջվածքներ
18 տարեկանում Կոուտինիոն հպարտանում էր նրանով, որ չունի դաջվածքներ, իսկ հիմա նրա ձախ ձեռքն ամբողջովին պատված է դաջվածքներով, իսկ աջ ձեռքին աղջկա նկարն է:
Ֆուտբոլիստի ձեռքին կան մի շարք նշաններ՝ երջանկության, սիրո, ընտանիքի, ինչպես նաև մի շարք պատկերներ, որոնք, ըստ ֆուտբոլիտի՝ ընտանեկան և կրոնական արժեքներ են՝ առյուծ, գնդակ, աստղեր:
Ֆուտբոլիստի վերջին դաջվածքը փորի հատվածում է: Այնտեղ պատկերված է իր սիրելի մուլտհերոս Միկի Մաուսը: Ֆուտբոլիստին հաճախ անվանում են ֆուտբոլային Միկի Մաուս:
Կոուտինիոյի բոլոր դաջվածքներն ամբողջացնում են մի քանի գաղափար՝ ընտանիք, հավատք և ֆուտբոլի հետ կապված երազանքներ: Հենց այս գաղափարներով է ապրում Կոուտինիոն:
Սիրարփի Աղաբաբյան