«Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհից մահացածների ընտանիքներին դրամական փոխհատուցում է տրվել
Բաթումիում գտնվող հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցի ղեկավարությունը անցյալ տարի տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների ընտանիքների հետ ավարտել է փոխհատուցմանը վերաբերող բանակցությունները։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է հյուրանոցի սեփականատիրոջ փաստաբան Կախա Ծերեթելին։
Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 24-ի երեկոյան հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել էր 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ էին, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել էր 21 մարդ:
Ըստ Ծերեթելիի՝ մահացածների ընտանիքներից տասին արդեն հատկացվել է փոխհատուցում։ Փաստաբանը չի հստակեցրել փոխհատուցման չափը՝ նշելով, որ բոլորին փոխհատուցման նույն պայմաններն է առաջարկվել և հատկացվել է նույն չափի գումար։
Բացի այդ, հյուրանոցի ղեկավարությունը որոշել է մահացածների անչափահաս երեխաներին ամսական դրամական օգնություն ցուցաբերել, իսկ նրանց չափահաս դառնալուց հետո վճարել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու վճարը։
Ըստ փաստաբանի՝ մահացածներից ոմանք ունեն երեք անչափահաս երեխաներ։
Ծերեթելին նշել է, որ փոխհատուցում կստանա նաև Իրանի մահացած քաղաքացու ընտանիքը։