Տեսանյութ է հրապարակվել Չինաստանի ափերի մոտ այրվող իրանական լցանավի մասին
Իրանական լցանավը, որտեղ կա 136 հազար տոննա գերթեթեւ նավթի խտուցք, Չինաստանի ափերի մոտ բախվել է հոնկոնգյան չորաբեռնատար նավի հետ: Նավում հրդեհ է բռնկել: Տեսանյութը հրապարակել է BBC News-ը։
Հրշեջները չեն կարողացել մոտենալ այրվող նավին այրման արգասիքների բարձր թունավորության պատճառով: Չինացի փրկարարների գնահատումներով՝ լցանավը կարող է պայթել:
Միջադեպի հետեւանքով կորել են նավթատարի 32 անդամները, նրանց որոնումները շարունակվում են: Այս պահին հաջողվել է գտնել մեկ նավաստու մարմին: Դին կտեղափոխեն Շանհայ, որտեղ այն հերձում եւ ճանաչում կանցնի:
Վթարը տեղի է ունեցել հունվարի 6-ի երեկոյան: Sanchi լցանավը, որը պատականում է Իրանի ընկերությանը եւ նավարկում է պանամական դրոշի ներքո, Չինաստանի արեւելյան ափի մոտ բախվել է Հոնկոնգի CF CRYSTAL չորաբեռնատարի հետ:
Նավթատարում ընդհանուր առմամբ եղել է 32 մարդ, նրանցից 30-ը՝ Իրանի քաղաքացիներ են, իսկ անձնակազմի երկու անդամը Բանգլադեշից են: Բախման հետեւանքով նրանց հետ կապն ընդհատվել է:
Հոնկոնգի չորաբեռնատարում եղել է անձնակազմի 21 անդամ, նրանց բոլորին հաջողվել է փրկել: ՉԺՀ-ն պատահարի վայր է ուղարկել չորս փրկարարական նավ եւ երեք նավ՝ վառելիքի տարածումը կասեցնելու համար: Հարավային Կորեան կորածների որոնման համար նավ եւ ուղղաթիռ է ուղարկել: Ավելի ուշ գործողությանը միացել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը: