Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը մտադիր է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցել միջուկային գործարքի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության եւ ԵՄ-ի երեք երկրների ներկայացուցիչները մտադիր են կոնսուլտատիվ հանդիպում անցկացնել իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:

Զարիֆը նշել է, որ հանդիպումը նվիրված կլինի «ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը»: Հանդիպման անցկացման ամսաթիվը եւ վայրը չեն նշվում:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս