Թուրքիայի ազգայնական կուսակցությունը նախագահի ընտրություններում սատարելու է Էրդողանին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը սատարելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածություն: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Խոսելով ընտրություններին ընդառաջ կուսակցության ծրագրերի ու հնարավոր համագործակցությունների մասին՝ Բահչելին ասել է. «Ազգայնական շարժում» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածություն չի առաջադրելու: Կուսակցության նախագահը երկրի նախագահի թեկնածու չի լինելու: Աջակցելու ենք Էրդողանին»:
Քաղաքական գործիչը հավելել է, որ 2018 թվականը խիստ ակտիվ է լինելու քաղաքական զարգացումների տեսանկյունից: