
Չինաստան ժամանած Մակրոնը նժույգ է նվիրելու Սի Ցզինպինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան ներկայիս այցը ընթացքում նժույգ է նվիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին: Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Այժմ Մակրոնը գտնվում է Սիանում (Հյուսիսարեւմտյան Չինաստանի Շենսիի նահանգի վարչական կենտրոն) եւ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կժամանի Պեկին, որտեղ կսկսվի նրա պետական այցը: «…» Նա որպես նվեր նժույգ կմատուցի Սի Ցզինպինին, եւ մենք այդ կապակցությամբ երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիային»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ղեկավարի ներկայիս այցը շատ կարեւոր նշանակություն ունի ինչպես ՉԺՀ-ի, այնպես էլ Ֆրանսիայի համար:
Ֆրանսիայի նախագահը չորսօրյա այցով Չինաստան է ուղեւորվել հունվարի 7-ին՝ նպատակ ունենալով անձնական կապերի ամրապնդումը Չինաստանի ղեկավարության հետ, ռազմավարական գործընկերության խորացումն այդ երկրի հետ, հանգուցային հարցերի քննարկումը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը, պայքարը ահաբեկչության ֆինանսավորման, գլոբալ տաքացման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: