Բաժիններ՝

«Ինչպես մարդն իրեն դրսևորում է մանրուքների մեջ, այնպիսին էլ նա կա». տաղանդավոր հոգեբան

Նատալյա Գրեյսի 20 անհավանականորեն կենսական և ճշգրիտ օրենքները

Նատալյա Գրեյսը տաղանդավոր հոգեբան է և իր «Գրեյսի օրենքները» գրքում ձևակերպել է մի շարք օրինաչափություններ, որոնք կօգնեն փոքր-ինչ իմաստուն դառնալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Զրոյացման օրենքը… Ուղեղին զրոյացում է անհրաժեշտ: Եթե դուք տուն եք եկել ու ոտքերի վրա հազիվ եք կանգնում, իսկ այսօրվա համար նախատեսած 28 գործերից ընդամենը 14-ն եք հասցրել անել, եթե դուք նստել ու անթարթ նայում եք ձեր առջև եղած դատարկությանը, ապա ձեզ մի մեղադրեք անարդյունավետ լինելու համար: Ուղեղը չի կարող անընդմեջ կատարել ձեր ցուցումները:

Այն պետք է նաև իրենով զբաղվի, կարգի բերի իրեն: Այդ ժամանակ դրսից որևէ ինֆորմացիա չպետք է հասնի ուղեղին: Այն մաքրվելու գործընթացում է: Դա հենց զրոյացումն է: Անգամ հողն է դադարում բերք տալ, երբ 7-րդ տարում նրան հանգստանալու հնարավորություն չեն տալիս, այլ ստիպում են կրկին երկնել: Դա հողին անպտուղ ստրկուհի է դարձնում: Կեցցե զրոյացումը:

Կարդացեք նաև

2. Կեղծ բարության օրենքը: Մեզ միայն թվում է, որ ուրիշների խնդիրները լուծելով՝ մենք նրանց լավություն ենք անում: Իրականում մենք խորացնում ենք նրանց խնդիրները: Երբ մենք հարբեցողին ստիպողաբար տանում ենք բուժման, ապա միայն երկարացնում ենք հոգեվարքը և զուր վատնում սեփական ժամանակը: Միևնույն է, նա նորից է խմելու, իսկ մենք նրան «անշնորհակալ խոզ» կանվանենք, փոխանակ ինքներս մեզ հարցնենք՝ իսկ արդյո՞ք պետք էր խառնվել:

Մարդն ինքը պետք է իր խնդիրները լուծի: Նա աճում է իր՝ խնդիրները լուծելու զինանոցը հարստացնելուն հավասար:

3. Մանրուքների ցուցադրականության օրենքը: Ինչպես որ մարդն իրեն դրսևորում է մանրուքների մեջ, այնպիսին էլ նա կա: Նա կարող է տարին մեկ անգամ արքայավայել շռայլ լինել, իսկ գծուծ էությունը մանրուքներում արտահայտվում է անընդհատ: Այդ պատճառով էլ մանրուքներն ավելի խոսուն են:

4. Սաղմերի օրենքը: Գոյություն ունեն երևույթների և իրադարձությունների սաղմերը: Չնայած այդ սաղմերը կենդանի չեն, սակայն ունակ են բազմանալու: Մի չլվացած բաժակն իր հետևից կարող է բերել մի սար չլվացած սպասք: Թարմ ներկված ցանկապատի վրա արված գրառումը միայնակ չի մնա: Շուտով այդ ցանկապատի վրա ազատ տեղ չի մնա: Ինչպե՞ս օգտվել սաղմերի օրենքից: Բոլոր ոչ բարենպաստ երևույթներն ու իրադարձությունները պետք է ճանաչել սաղմնային փուլում: Բոլոր վատ սաղմերը պետք է ոչնչացնել: Եթե ինչ-որ կենսական երևույթ ձեզ դուր չի գալիս, հեռացրեք դրա սաղմը: Ավելի հեշտ է տրորել ձյան փաթիլը, քան դադարեցնել ձնահոսքը:

5. Ավելի լավ է՝ քիչ, քան՝ չափազանց: Սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին: Օրինակ, երբ ելույթի խոսք ես ասում, ավարտիր այն, նախքան մարդիկ կհոգնեն: Գյոթեն ասում էր, որ ձանձրույթի գաղտնիքը կայանում է նրանում, որ ամեն ինչ ասես: Եթե ժամադրության ես գնում, հրաժեշտ տուր մի փոքր ավելի շուտ, քան դա ուզում է քո զուգընկերը: Այնպես որ, ավելի լավ է՝ քիչ, քան՝ չափազանց:

6. Ընդհանուր լծի օրենքը: Մի լծի տակ եղած 2 ձին ի վիճակի են տեղից 15 տոննա տեղաշարժել, իսկ ահա նրանցից յուրաքանչյուրը՝ միայն 3 տոննա: Գործի մեջ մտեք առնվազն երկուսով, և այն ավելի արդյունավետ ելք կունենա: Հիշեք՝ 3 տակ պտտեցրած թելն ավելի ամուր է:

7. Կախարդական բառի օրենքը: Պարզվում է՝ կախարդական բառը «ոչ»-ն է, այլ ոչ թե՝ «խնդրեմ»-ը: Շատ խնդիրներից կարելի է խուսափել՝ սովորելով երբեմն մերժել մարդկանց: Չարժե ժամանակը վատնել դատարկ խոսակցության վրա, միայն՝ որովհետև ամոթ է թողնել-հեռանալը, պարտքով գումար տալ, եթե դա չես ուզում անել:

Դա ավելի լավ է, քան տառապել՝ մտածելով՝ կվերադարձնի՞ արդյոք պարտքը, թե՞ ոչ: Տվեք այն, ինչ կարող եք նվիրել, իսկ պարտք մի տվեք: Գյոթեն ասում էր՝ եթե ուզում ես կորցնել ընկերոջդ, ապա նրան պարտքով փող տուր: Ես հետաքրքիր ֆենոմեն եմ հայտնաբերել: Երբ մարդը փաստարկված մերժում է, ապա նրա ինքնագնահատականը բարձրանում է, աճում է իր անձի նկատմամբ հարգանքը: Մարդիկ վախենում են մերժել, որովհետև վախենում են դուր չգալուց, իսկ չէ՞ որ միևնույն է, հնարավոր չէ բոլորին դուր գալ:

Սովորեք հանգիստ տանել ձեր մերժման կապակցությամբ այլոց բացասական էմոցիաները: Եթե միանգամից «ոչ» ասես, մերժումը փաստարկելն ավելի հեշտ կլինի: Հեշտությամբ մերժեք:

8. Կատարյալ պայմանների կեղծ լինելու օրենքը: Երբեք էլ կատարյալ պայմաններ չեն լինելու: Իհարկե, հիմարություն է ժխտել, որ երբեմն պատահում են բարենպաստ պայմաններ, բայց քչերն են դրանից օգտվելու իմաստնություն ունենում:

9. Առաջարկության օրենքը: Ինչ-որ մեկը, ենթադրենք, ուզում է իր հին մոտոցիկլետը փոխարինել նոր, ավելի ժամանակակիցով: Նա թերթում իր մոտոցիկլետը վաճառելու հայտարարություն է տալիս, քանի որ նորը գնելու համար գումարը չի բավականացնում: Մոդելը հին է, և գնելու վերաբերյալ զանգեր չկան, բայց ի վերջո, մեկը զանգում է: Վաճառողը հանդիպում է գնորդի հետ, և վերջինս շատ ցածր գին է առաջարկում՝ ասելով, որ սա հնարավոր է միայն մաս-մաս վաճառել: Վաճառողը չի համաձայնում, ու գնորդը հեռանում է:

Ընդ որում, զգացվում է, որ նա շատ գումար չունի իսկապես: Այնուամենայնիվ, խնդրում է համաձայնելու դեպքում՝ զանգել իրեն: Վաճառողն այդպես էլ չզանգեց, բայց գնորդը մի 2 օր հետո կրկին զանգեց ու նույն գինն առաջարկեց, բայց կրկին մերժում ստացավ: Եվս մեկ շաբաթ հետո մոտոցիկլետ վաճառողն աշխատավայրից ուշ երեկոյան դուրս է գալիս ու հայտնաբերում, որ այն չկա:

Սկսում է փնտրել, ու վերջապես հասկանում է, որ այն գողացել են: Առակս զի՞նչ կցուցանե: Առաջարկությունը հենց այնպես չեն անում: Ճակատագիրն այդ կերպ հաճախ հոգ է տանում մեր մասին:

10. Մի անգամ կարգի բերածի օրենքը: Մի անգամ կարգավորածը հիանալի աշխատում է:

11. Փոխհատուցման օրենքը: Ամեն ինչ միաժամանակ չի լինում: Կարո՞ղ եք պատկերացնել հետևյալը: Կինը՝ գեղեցկուհի, ամեն ինչը՝ տեղին, հիանալի տանտիկին, անկողնում հրաշքներ է գործում, երեխաներն անընդհատ ուշադրության կենտրոնում են, երգում են, հյուրերին զբաղեցնում դաշնամուրային նվագով, առողջական վիճակը հիանալի է, բնավորությամբ՝ հարմարվող, ընդունում է ժպիտով, հանճարեղ բանաստեղծուհի է, հաջողակ բիզնես լեդի, կատարյալ ընկեր… Չի լինում նման բան:

Ամեն ինչ միաժամանակ չի կարող լինել, ու այդ պատճառով էլ Նապոլեոն կայսրը վախենում էր կատուներից, Չայկովսկին թուղթ էր ուտում ու օրը 10 անգամ լաց լինում, Սուվորովը հաճախ հիմար էր ձևանում, Շիլլերն ամենայն լրջությամբ հոտած խնձորներ էր դնում սեղանին, որ մուսան ուտի, իսկ Բախը երգեհոնահարի վրա էր նետում կեղծամը, երբ նա ֆալշ էր նվագում:

Եթե ինչ-որ մի բնագավառում մարդն էական հաջողությունների է հասել, ապա մյուսում սովորաբար թերանում է: Բայց մարդն արժեքավոր է ոչ այնքան արատների բացակայությամբ, որքան արժանիքների առկայությամբ:

12. Ազդեցության օրենքը: Շրջապատը մեծ ազդեցություն ունի մարդու կայացման վրա: Բժշկության մեջ այսպիսի հասկացություն կա՝ ռեակցիայի նորման: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկի համար կանխորոշված է, որ նա բարեկազմ լինի, մյուսը՝ ավելի լիքոտ: բայց անգամ գիրության մասին մեր պատկերացումների համատեքստում կարելի է գրավիչ գիրուկ լինել, բայց և՝ ընդհակառակը, անդուր ու անտանելի: Ընդ որում, նկատենք, որ 2 դեպքում էլ գենետիկան կարող է նույնը լինել: Հենց դա էլ կոչվում է ռեակցիայի նորմա:

Ցանկացած մարդ դա ունի: Մի շրջապատում նա, հարաբերականորեն միգուցե, բայց զարգացած մարդ կլինի, մյուսում՝ պարզունակ: Շրջապատը շատ բանի վրա է ազդում, եթե ոչ՝ ամեն ինչի վրա: Մենք նմանվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, և շատ ավելի հազվադեպ մեր շրջապատին մեզ նման ենք դարձնում:

13. Խաչի օրենքը: Յուրաքանչյուրի խաչն իրեն տրվում է՝ իր մեջքին համապատասխան:

14. Տաղանդի նկատմամբ բևեռային ռեակցիայի օրենքը: Տաղանդավոր մարդիկ միշտ բևեռային ռեակցիաներ են հարուցում՝ կամ հիացմունք, կամ ատելություն: Նրանց նկատմամբ հնարավոր չէ անտարբեր լինել, նրանց հնարավոր չէ չնկատել, անտեսել, մոռանալ:

Նրանց հիշում են, սիրում, ատում, մտածում նրանց մասին, նախանձում նրանց: Դրա համար էլ, եթե դուք տաղանդավոր եք, ապա հույս մի ունեցեք համընդհանուր հավանության արժանանալ: Դուք թշնամիներ կունենաք միայն նրա համար, որ բոլոր տաղանդները ձեզ են բաժին հասել:

15. «Քոնը չեն»-ի օրենքը: Այն մարդիկ, ովքեր քոնը չեն, քեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, միևնույն է, կհեռանան քեզնից:

16. Ընդհանուր հիշողության օրենքը: Ամենից շատ մարդկանց իրար հետ կապում են իրադարձությունների ու իրար հետ «փութերով կերած» աղի մասին հիշողությունները:

Ընդհանուր հիշողության վրա է հիմնվում կապվածությունը և շարունակվող սիրո հանգիստ վիճակը: Այսպիսով, հիշողության մեջ ընկնելը կապում է մարդկանց: Եթե բարի կապվածություն եք ուզում ունենալ, հիշողության մեջ լավ արարքով մնացեք:

17. Մերձավորի նկատմամբ մտքերի կապվածության օրենքը: Մեզ մոտ գտնվող մարդը ստիպում է մտածել իր մասին, եթե անգամ նա մեզ հետաքրքիր չէ: Սրանում է կայանում վատ ու դատարկ մարդկանց մոտ գտնվելու վտանգը:

18. Կորուստների անխուսափելիության օրենքը: Ինչ էլ որ մարդ անի, նա թույլ է տալիս վրիպումներ: Այդ պատճառով էլ կորուստներն անխուսափելի են, պարոնայք: Դա իմանալով՝ չարժե շատ վշտանալ: Մենք կարող ենք ազդել շատ բաների վրա, բայց ոչ ամեն ինչի: Աշխարհաստեղծման ընդհանուր կանոններ կան: Մենք չենք կարող կատարյալ լինել, մեր գործողությունները՝ նույնպես: Այնպես որ, կորուստների անխուսափելիությունը հանգիստ ընդունեք:

19. Կեսերի օրենքը: Աշխարհում ցանկացած բան, յուրաքանչյուր գործ խորհրդանշականորեն կարելի է բաժանել կեսերի: Այդ կեսերը կարող ենք անվանել սկզբնական և վերջնական: Տոն տալ սկզբնական կեսին դեռ հնարավոր է, սակայն, եթե այն նյութականացվել է, ապա վերջնական կեսը սկսում է ինքնաբերաբար ավարտուն տեսք ստանալ:

Սրանում է իրավիճակի կառավարման էությունը: Դուք հավանաբար փորձել եք հասկանալ, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ շրջապատի մոտ հիացմունք ու պաշտամունք հարուցում: Նրանք իրենց այնպես են պահում, ասես չեն կարող դուր չգալ: Եթե պետք է խոսք ասել, նրանց ողջ տեսքն ասում է՝ ես պատրաստ եմ ծափահարությունների, և մարդիկ սկսում են ծափահարել: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան: Ճիշտ սկզբնական կես ընտրեք, և հաջողությունը երաշխավորված է:

20. Ճիշտ արարքների օրենքը: Եթե մարդը ճիշտ արարք է կատարում, նրա գործերն օրեցօր ավելի են լավանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս