Բաժիններ՝

Ամենամեծ արժեքը մարդն է. զրույց դերասան, ռեժիսոր Լուիզա Կոստա Սարգսյանի հետ

Վերջերս Հայաստանում էր Շվեդիայում բնակվող մեր հայրենակիցը՝ դերասան, ռեժիսոր Լուիզա Կոստա Սարգսյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է շնորհալի արվեստագետի հետ զրույցն ամբողջությամբ:

– Լուիզա, Ձեր մասին՝ որպես հետաքրքիր, կրեատիվ մտածողության մարդու և արվեստագետի լսել եմ իմ արվեստագետ ընկերներից, տեղեկացել հայաստանյան, արտերկրի մամուլից, համացանցից: Դուք անցել եք մասնագիտական հետաքրքիր ճանապարհ, որը սկիզբ է առել դեռևս «Հայֆիլմից»… Կպատմե՞ք:

– Այո, ավարտելով «Հայֆիլմ» կինոստուդիայի «Կինոյի և թատրոնի դերասան» բաժինն ընդունվել եմ Մանկավարժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին՝ Հենրիկ Մալյանի ղեկավարությամբ: Ավարտելուց հետո, ամուսնացել եմ և տեղափոխվել Գյումրի: Երկրաշարժից հետո էր… Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում թատերական խմբի ղեկավար էի, միաժամանակ, ընդունվեցի նորաբաց «Շիրակ» հեռուստաընկերություն՝ որպես ռեժիսոր: Հետո հանգամանքների բերումով վերադարձա Երևան… այստեղ աշխատում էի «Կենտրոն» հեռուստաընկերությունում մանկական հաղորդման ռեժիսոր, այնուհետև՝ որպես դերասան աշխատանքի անցա «Փոսի» թատրոնում: Ցավոք թատրոնը փակվեց… և ես որոշում կայացրեցի մեկնել… 2008 թվականին մեկնեցի Շվեդիա: Սկզբնական շրջանում որպես դերասան հանդես էի գալիս տեղի թատրոնում, սակայն գնահատելով հնարավորություններս՝ հասկացա, որ կարող եմ նաև ներկայանալ որպես ռեժիսոր և նույն թատրոնում ստեղծեցի «Կամին» («Օջախ») թատերական խումբը: Իմ ստեղծած խմբի հետ, որպես ռեժիսոր բեմադրեցի ներկայացումներ մանուկների և մեծահասակների համար: Հաջողված և կարևոր բեմադրություններից են Հ. Թումանյանի հեքիաթները, որոնք և դարձան իմ այցեքարտը:

– Դժվար չէ՞ր Թումանյանի հեքիաթները ներկայացնել շվեդերենով, թարգմանության մեջ պահելով համն ու հոտը: Ո՞ր հեքիաթներն եք ներկայացրել և ինչու:

– Բեմադրեցի Թումանյանի «Սուտասանը» և «Անխելք մարդը»: Թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն կատարել եմ ես՝ փորձելով պահպանել թումանյանական լեզվի, ինչպես ասում են «աղն ու պղպեղը»: Ընտրությունս կանգ առավ այս ստեղծագործությունների վրա, որովհետև թեմաները համամարդկային են, շղարշված նուրբ հումորով, ինչը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգությունից: Դերասանները լինելով ազգությամբ շվեդ՝ մեծ զգացումով, սիրով ու նվիրումով էին խաղում: Ներկայացման մեջ ես անգամ պահել էի մի քանի հայերեն արտահայտություններ՝ պահպանելու համար հայկական շունչն ու միջավայրը: Սակայն հայերենով հնչող այդ արտահայտությունները մնացին ոչ միայն բեմում, այլև դուրս եկան ներկայացման և բեմի սահմաններից: Օրինակ, ներկայացման մեջ, երբ գայլը հանդիպում էր անխելք մարդուն ասում էր. «Բարև ախպեր ջան, ո՞ւր ես գնում», շվեդ դերասաններն այս և մյուս արտահայտությունները կիրառում էին նաև կյանքում՝ միմյանց այդկերպ դիմում կամ ողջունում: Նշեմ, որ ներկայացումը կայացավ հայտնի «Բիանկա» թատրոնում, որտեղ առաջնախաղին ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Ապիտոնյանը, հայկական համայնքի անդամները, Եվրամիության գրասենյակի ներկայացուցիչները, շվեդ թատերասերներ և այլն:

– Այսկերպ ոչ միայն հայ հեղինակին եք ներկայացնում աշխարհին, այլև հայերենն ու հայկականությունը: Որքան հայտնի է ինձ, հայոց լեզվի հանրահռչակման և պահպանման գործում Ձեր առաքելությունն այսքանով չի սահմանափակվում:

– Պիտի ասեմ, որ Շվեդիա տեղափոխվելուց անմիջապես հետո աշխատանքի անցա եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցում: Այնտեղ էլ ներկայացումների միջոցով փորձում էի հայոց լեզվի հանդեպ սեր արթնացնել, սովորեցնելով նաև հայ կոմպոզիտորների երգերը, Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները: Ներկայացման միջոցով երեխաները ոչ միայն լեզուն էին սովորում, այլ նաև ծանոթանում՝ հայ գրականությանը, երաժշտությանը, պարերին և պատմությանը: Արդյունքում, հայկական դպրոցում բեմադրեցի 4 ներկայացում: Երեխաների հետ անցկացրած ժամանակահատվածը շատ լավն էր, սակայն ժամանակի սղության պատճառով ստիպված էի թողնել այդ աշխատանքը: Կապերս երեխաների հետ պահպանվում են, նրանցով ես շատ հետաքրքրված եմ:

– Մասնագիտական էլ ինչ կարևոր ձեռքբերումներ ունեցաք Շվեդիայում:

– Կարևոր ձեռքբերումներիցս եմ համարում Ուփսալա քաղաքի մայր թատրոնից հրավերը, որտեղ աշխատում էի պայմանագրով: Պատմություն ունեցող այս հին թատրոնում ես հրավիրված էի խաղալու երկու դեր՝ Բերտոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ:

– Որքան ինձ հայտնի է, Դուք առաջին հայկական ազգանունով դերասանն եք, ում բախտ է վիճակվել խաղալ տեղի մայր թատրոնում:

– Մասնագիտական առումով դա մեծ առաջխաղացում է, սակայն ընդհանրապես ձեռքբերում եմ համարում այն, որ շատ շվեդներ, Հայաստանից ամենևին տեղյակ չլինելով, ինձնով ճանաչեցին և բացահայտեցին Հայաստանը: Նրանցից շատերը մեր ծանոթությունից հետո Վիքիպեդիայում փնտրում էին տեղեկություններ Հայաստանի մասին, ծանոթանում՝ մեր մշակույթին, պատմությանը, գրականությանը: Վերջերս էլ շվեդ ընկերներս այցելեցին Հայաստան. միասին շրջեցինք մեր պատմամշակութային վայրերով, ծանոթացան Հայաստանի համ ու հոտին: Արդյունքում, նրանք հիացած և հետաքրքրված են Հայաստանով, ինչն ինձ համար անչափ կարևոր, հաճելի և ուրախալի է:

– Շվեդիայում հայկական համայնքն ինչպե՞ս է գործում:

– Ըստ իս, համայնքը շատ լավ է իրականացնում իրեն վերապահված գործառույթները: Համեմատելով Գերմանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի հետ՝ Շվեդիայում հայ համայնքը մեծ չէ, իսկ հայկական դեսպանատունն էլ բացվել է ընդամենը չորս տարի առաջ: Մեր դեսպանը՝ Արտակ Ապիտոնյանը շատ համակրելի և գրագետ անձնավորություն է, ով փորձում է եզրեր գտնել համայնքի հին և նոր անդամների հետ՝ իմի բերել, գտնել կարող ուժեր, մարդկանց՝ ովքեր ունակ են նպաստելու հայ արվեստի, մշակույթի, գրականության տարածմանն ու հայապահպանությանը:

– Ի՞նչ ծրագրերով եք այս անգամ Հայաստանում:

– Մի ծրագրով, որը իմ մեջ երկար էր հասունանում. դա հայ-շվեդական մշակութային կամուրջների ստեղծումն է: Երկրներ, որոնք շատ տարբեր են, բայց միևնույն ժամանակ ունեն կարևոր ընդհանրություններ՝ սկսած մարդկային պարզ հույզերից: «Երբ միասին եք աշխատում, երբեք մի մտածեք, թե ինչն է ձեզ բաժանում, այլ մտածեք, թե ինչն է ձեզ միավորում»,-սա շվեդական ասույթ է, բայց կարծում եմ, բոլոր տեսակի համագործակցությունների պարագայում էլ շատ տեղին է ասված:

Այս համատեքստում էլ կառուցել եմ մեր համագործակցությունը. ցանկանում եմ հայ և շվեդ դերասանական խմբերի հետ բեմադրել համատեղ ներկայացում, որը կներկայացվի և՛ Հայաստանում և Շվեդիայում: Համատեղ գործակցության մեջ նախանշել եմ նաև գրքերի թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն և հակառակը. մասնավորապես՝ մանկապատանեկան գրականության ոլորտում՝ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանությունը մեծապես կնպաստի ոլորտի զարգացմանը: Մյուս կարևոր նախագիծը՝ կրթամշակութային է. կցանկանայի Հայաստանում հիմնել կրթօջախ, որտեղ սկանդինավյան երկրների կրթական մեթոդներով կդասավանդվի լեզուներ՝ այդ երկրների մշակույթը, գրականությունը և այլն: Սա համագործակցության, միմյանց ճանաչելու լավագույն միջոցներից է: Օրինակ՝ Շվեդիայում մշակույթն ու արվեստը մինիմալիստական է, փոխարենը՝ Հայաստանում մոտեցումները մաքսիմալիստական են, ինչը ներդաշնակորեն կլրացնեն միմյանց:

– Համագործակցության հիմքեր դնելու համար, ի՞նչ քայլեր են արվում:

– Նախ և առաջ երկու երկրներից էլ գաղափարի շուրջ համակիրների թիմ է ձևավորվում: Իհարկե, աշխատելու ենք նաև դեսպանատների հետ, իսկ ֆինանսավորման աղբյուրները կփնտրենք դրսում:

– Շվեդներն ունեն բավականին ուժեղ, ներկայանալի մանկապատանեկան գրականություն: Այս ոլորտի մանկական գրականության Նոբելյան մրցանակը՝ «Անդերսենի» մրցանակակիրներից է Աստրիդ Լինդգրենը, Մարիա Գրիպեն՝ իրենց հրաշալի գրականությամբ: Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ընթերցանությունը:

– Ընթերցանությունը Շվեդիայում շատ բարձր մակարդակի վրա է դրված: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում դեռևս մանկապարտեզից, դպրոցից. գրադարանից օգտվելու մշակույթը, ամեն օր ընթերցանությամբ զբաղվելու կարևորությունը, ընթերցածը վերարտադրելը, գրքի նկատմամբ հոգատարությունն ու հարգանքը՝ քաղաքացու դաստիարակության գործում արվող առանցքային քայլերից է: Ամենուրեք՝ հասարակական վայրերում, փողոցներում կտեսնեք կարդացող մարդկանց: Շվեդիայում մարդիկ ավելի շատ գրադարան են այցելում, քան՝ եկեղեցի:

– Սկանդինավյան երկրների խոհանոցից ի՞նչն եք նախընտրում:

– Նորվեգական բաղադրատոմսով պատրաստված սաղմոնը, առհասարակ, այնտեղ ձկնեղենը շատ համեղ է պատրաստվում:

– Լինելով հայաստանցի, այս անգամ, ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:

– Մտովի ինձ հետ կտանեմ այն մարդկանց, համախոհներին, ովքեր լսեցին և ողջունեցին իմ գաղափարները՝ հաղորդելով մեծ խթան և ոգևորություն:

– Կյանքում առավելապես ի՞նչն եք կարևորում:

– Մարդուն… և ամենևին կարևոր չէ թե նա ինչ ազգություն, կրոն, մաշկի գույն, սոցիալական դիրք ունի: Ամենամեծ արժեքը՝ Մարդն է:

Զրուցեց ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս