«Մեր գլխավոր նպատակն է՝ ավելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդության հետ». Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունների միջև։
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հայ-կիպրական և հայ հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն, որի սկիզբը, ըստ նախարարի՝ դրվել է համապատասխան հուշագիր ստորագրելու միջոցով. «Մեր եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Վաղը մենք Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ ստորագրելու ենք Հունաստանի հետ համագործակցության հուշագիրը։ Հայ, հույն և կիպրական ժողովուրդների միջև բարեկամությունը սկսել է 5-6-րդ դարերում։ Կիպրոսում և Հունաստանում ապրում է շատ հետաքրքիր և կազմակերպված հայկական համայնք»։
Նախարարը շնորհակալություն հայտնեց Կիպրոսին և Հունաստանին այն բանի համար, որ նրանք ընդունել են ցեղասպանությունները դատապարտող օրենք։ Նա հիշեցրեց, որ 2015թ. ՀՀ պառլամենտն ընդունեց համապատասխան որոշում, որով ճանաչեց Պոնտոսի և ասորական ցեղասպանությունը։
«Բանակցությունների արդյունքում մեր գլխավոր նպատակն է՝ ավելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդության հետ, տարբեր երկրներում կազմակերպել երիտասարդական հավաքններ՝ հույների, կիպրացիների և հայերի միջև, աշխատանքներ տանել, որ մեր երիտասարդությունը հունական որևէ համալսարանում կազմակերպի գիտական քննարկումներ, մեր երեք երկրներում կազմակերպվեն կրթական, մշակութային և ցուցահանդեսային ձեռնարկներ՝ բոլորիս մասնակցությամբ»։
Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը նկատեց. «Մենք ունենք պատմականորեն ձևավորված բարեկամություն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, կրոնական, մշակութային, որը պետք է շարունակենք, և այս կարգի համագործակցությունը նոր էջ է բացում սփյուռքի համագործակցության մեջ։ Նիկոսիայում մենք ռազմավարություն մշակեցինք սփյուռքի համագործակցության վերաբերյալ։ Երկու կարևոր նպատակ դրեցինք այդ ռազմավարությունն իրականացնելու համար։
Առաջին՝ պետք է խրախուսենք մեր սփյուռքներին՝ համագործակցել, ճանաչել միմյանց, ակտիվ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և այլ ոլորտներում։
Մի շարք երկրներում՝ ՄԹ, Ֆրանսիա, մեր սփյուռքները բարեհաջող կերպով համագործակցում են։ ԱՄՆ-ի մեր սփյուռքները հուշագիր են ստորագրել իրար հետ, ինչն ուրախալի է։ Եվ երկրորդ ռազմավարությունը մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունն է։ Մեր երեք ԱԳ նախարարությունները, որոնք զբաղվում են սփյուռքի հարցերով, իրար հետ համագործակցում են, և հիմա ժամանակն է, որ մեր սփյուռքները մեր մեսիջներով սկսեն իրար հետ համագործակցել»։
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը նախ՝ նշեց, որ երկար տարիներ լրագրող է եղել, և միայն 5-6 տարի է զբաղվում իր ներկայիս աշխատանքով։ Նա ասաց, որ մոտ 12 հազար 5 հարյուր տարբեր ռեպորտաժ է պատրաստել տարբեր երկրներում և աշխարհի հայտնիների հետ։ Նա մոտ 5 հազար թոք-շոու և 6 հազար ծրագիր է վարել։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, նա հետևյալն ասաց.
«Մենց ցանկանում ենք աշխատել մեր սփյուռքների երիտասարդության հետ, որոնք մեր ամենամեծ ուժն են։ Նրանք ունեն տեսլական, ուժ և կարող են մեծապես օգնել մեր ամենակարևոր ծրագրերում»։