«Կարծես սիրված երեխա ենք, մեկ էլ՝ մեզ վատ բան են ասել». Լարիսա Ալավերդյանը՝ ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի ռեպորտաժի մասին

Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքի՝ նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան քննադատության էր ենթարկել այն, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել:

Վ. Կրաշենիննիկովան ասել էր, որ մի քանի օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր ԵՄ-ի հետ, որով, ըստ նրա, Հայաստանը նմանվում է Ուկրաինային: Ըստ հաղորդավարուհու՝ «Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին, քանի որ 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը». «1942 թվականին Նժդեհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա հայկական կողմին ճնշելու փորձ չէ՞ր Ռուսաստանի կողմից: Ի պատասխան՝ նա ասաց.

«Ի դեպ, շատ պայծառ անձնավորություն է վարում այդ հաղորդումը, նա իր տեղն ու լսարանն ունի: Մենք պետք է հստակեցնենք հետևյալը. Իսկ մենք ի՞նչ ենք սպասում, մենք ինչպե՞ս ենք ընկալում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը՝ որպես եղբայրությո՞ւն, ինչպես եղել է Սովետական Միության ժամանակ, թե՞ ինչպես մրցակցություն որոշ դաշտերում: Ես կոչ եմ անում՝ սթափվենք ու հասկանանք, որ կան այնպիսի խավեր, խմբեր, անգամ պետության մեջ ինչ-որ մարմիններ, որոնք շարունակելու են պահել Հայաստանին փոքր եղբոր դերում: Մեր հասարակության, իշխանության մեջ էլ չեմ տեսել, որ դրան հանդուգն վերաբերվեն: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է՝ սթափվել և իմանալ, որ ցանկացած պետությունից, որի հետ կարող ենք ունենալ համագործակցություն, անպայման կարող են հնչել մեղեդիներ, որոնք գալիս են և վտանգում են այդպիսի համագործակցությունը: Ոչ մի պետություն իդեալական դաշտում չի աշխատում»:

Լ. Ալավերդյանը գտնում է՝ նման դեպքերում պատասխանը պետք է լինի համարժեք. «Գիտե՞ք՝ մենք նման ենք ինչի, կարծես սիրված երեխա ենք, մեկ էլ՝ մեզ վատ բան են ասել: Մենք երեխա չենք, ի դեպ, այնքան սիրված էլ չենք: Այնպես որ, եղեք սթափ, սրանք պետական հարաբերություններ են, և պետությունը ներկայացնող ամենատարբեր ուժերն ունեն հնարավորություն՝ արտահայտելու կարծիք, որը գուցե չի համընկնում իրենց պետական կարծիքի հետ: Նման էպիզոդները մեզ պետք է կոփեն, մենք պետք է կարողանանք համարժեք և արժանապատիվ պատասխանենք, ոչ թե պատասխանենք այդ դաշտում, այլ մենք ուժեղանանք, կարողանանք ոտքի տեղ ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս