«Շատ հետաքրքիր խաղի մեջ ենք մտնում». Լարիսա Ալավերդյանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

«Սա երկար սպասված գործընթաց էր»,- խոսելով այսօր սպասվող Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, որ հասարակության մեջ չէին դադարում քննադատությունները՝ կապված այս գործընթացի կտրուկ դադարեցման հետ. «Ես ողջունում եմ, որ մենք վերադառնում ենք կոմպլեմենտար քաղաքականության: Դա վերին աստիճանի դյուրին է մեզ նման երկրների համար, որոնք, լինելով քրիստոնեական երկիր, գտնվում են ոչ քրիստոնեական շրջապատում: Կարծում եմ՝ մենք պետք է խնդիր ունենանք ինքներս մեզ հետ ավելի, քան ԵՄ-ի հետ: Ես միշտ մտածել եմ, որ մեր բոլոր հաջողություններն ու անհաջողությունները գտնվում են մեր կողմում, մենք պետք է աշխատենք այն պայմանագրերին և միավորումներին հարիր ձևով, որտեղ մենք հանդես ենք գալիս»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա՞ն որոշակի ռիսկեր կամ խութեր այստեղ՝ Լ.Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Երբ տնից դուրս ես գալիս, կան ռիսկեր և խութեր: Եկեք բոլորս տունը նստենք ու դուրս չգանք: Մենք երևի կարծում ենք, որ տեղում դոփելը շատ ավելի անվտանգ է: Իրականում այդպես չէ, տեղում դոփելը միշտ հետ ընկնել է»:

Նա նկատեց, որ, ի վերջո, մենք չենք մտնում ԵՄ, մեզ այնտեղ ոչ ոք չի էլ հրավիրում. «Այս առումով ես վտանգները տեսնում եմ կարողությունների չզարգացած լինելու մեջ, որը մենք ցուցադրել ենք արդեն մեզ համար ավելի ծանոթ միությունների մեջ, լինի դա ԱՊՀ, ԵԱՏՄ և այլն: Այսինքն՝ այստեղ խնդիրն ամենևին էլ դրսերում չէ: Քեզ խանգարող հանգամանքը քո մեջ փնտրիր»:

Լ. Ալավերդյանն ասաց, որ ինքը գրեթե համոզված է, որ այս համաձայնագիրը կստորագրվի. «Նույն ցեխը երկու անգամ չեն մտնում, մեր իշխանությունները նույնպես միշտ չէ, որ այդպես կանեն: Վերջապես բավականին երկար աշխատանք է եղել: Դուք տեսե՞լ եք, որ մենք մի բանի միանանք ու ամբողջովին կատարենք: Այստեղ ինձ համար ավելի մեծ խնդիր է, թե մեր իշխանություններն ինչ կքաղեն այդտեղից, որովհետև քաղելու բան այդտեղ կա»:

Հարցին, թե այդ համաձայնագրից Հայաստանն ի՞նչ կարող է ստանալ՝ Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Կարո՞ղ եմ ես ձեզ հարց տալ. ինչո՞ւ են Հայաստանից մարդիկ գնում Եվրոպա: Փնտրեք այդ դաշտում: Խոսքը ոչ միայն տնտեսականի մասին է, այլ մարդու արժանապատվության ավելի պաշտպանված լինելն է, իշխանության և հասարակության ավելի վստահելի հարաբերություններն են: Այսինքն՝ մենք շատ բան ունենք սովորելու և ընդունելու: Ես դեմ եմ այդ մերժողական վերաբերմունքին, երբ բերում են հատվածական ինչ-որ օրինակներ: Մենք ուզում ենք այն, ինչ համապատասխանում է մեր արժեքային համակարգին և մտնում է այդ եվրոպական արժեքային համակարգի մեջ»:

Խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ն ԵԱՏՄ-ին կապող օղակ՝ Լ. Ալավերդյանն ասաց, որ դա շատ մեծ ամբիցիա է. «Պետք չէ մենք մեզ վրա վերցնենք ավելին: Ես կարծում եմ՝ այստեղ մեր խնդիրն է՝ քաղել դրականը երկու տեղից էլ: Դաշտում մեծ, խոշոր խաղացողները շատ անգամ են հեռու գնում իրարից, որ գալիս է մի պահ, որ նրանք հասկանում են, որ դա վտանգավոր է, ու այդպիսի դեպքերում հենց Հայաստանի նման երկրները կարող են այդ դրական դերը խաղալ: Այդ առումով շատ հետաքրքիր խաղի մեջ ենք մտնում»:

Տեսանյութեր

Լրահոս