Ինչ է ուզում պարզել ՊԵԿ-ը, և ինչով է առանձնահատուկ «Առինջ Մոլը»
ԱԺ երեկվա հարցուպատասխանի երկրորդ մասը ամբողջությամբ նվիրված էր ՊԵԿ-ին և այդ կառույցի կողմից «Առինջ Մոլում» իրականացվող գործողություններին։ «Ծառուկյան» դաշինքի գրեթե բոլոր պատգամավորների հարցերն այս թեմայով էին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցերից մեկին, ծոցագրպանից հանեց մի տեղեկանք և մի քանի թվեր ներկայացրեց, թե յուրաքանչյուր շեմի տակ գործող քանի տնտեսվարող է աշխատում նշված առևտրի կենտրոններում։
Այդ թվերը բավականին հետաքրքիր էին, սակայն այդ մասին հպանցիկ ասվեց։
Մեզ հաջողվեց ՊԵԿ-ից ստանալ այդ և մի շարք ուրիշ տվյալներ՝ «Առինջ Մոլում», «Փեթակում» և «Սուրմալուում» գործունեություն իրականացնող տնտեսավարողների վերաբերյալ։
Այսպես, այս 3 տոնավաճառներում միասին գործունեություն է իրականացնում 1454 տնտեսվարող, որոնցից 748-ը՝ «Առինջ Մոլում», 345-ը՝ «Փեթակում», և 361-ը՝ «Սուրմալուում»։
Տարեկան որքա՞ն ֆիսկալ հասույթ ունեն այս տնտեսվարողները (որքան առևտուր են անում)։
Ըստ հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվությունների՝ այս տնտեսվարողների կեսից ավելին՝ 801-ը, տարեկան 5 մլն դրամի առևտուր են անում։
Այդ 801 տնտեսվարողներից 490-ը ավելի քիչ շրջանառություն ունեն՝ տարեկան մինչև 3 մլն դրամ։
Այդ 490-ից 181-ն էլ տարեկան մինչև 1 մլն դրամի հասույթ են ցույց տալիս։
Տարեկան կտրվածքով այս թվերը ոչինչ չեն ասում։ Սակայն երբ վերածում ենք օրերի, պատկերն առավել հասկանալի է դառնում։
Պարզվում է՝ «Առինջ Մոլում», «Փեթակում», «Սուրմալուում» աշխատող 1454 տնտեսվարողներից 181-ը օրական անում են միջինը 2700-2800 դրամի առևտուր։
Եվս 307 տնտեսվարող օրական իրականացնում է 2740-ից 8220 դրամի առևտուր։ Մնացածները ներկայացված են գծապատկերում։
Հնարավո՞ր է արդյոք օրական 3 հազար դրամի առևտուր անելով՝ տարածքի վարձ տալ, փակել բոլոր ծախսերն ու մի բան էլ շահույթ ունենալ։ Տրամաբանությունը հուշում է, որ ոչ։
Այսինքն, որքան շրջանառության ծավալը քիչ է, կասկածն ավելի է մեծ է, որ շրջանառությունը թաքցվում է։
ՊԵԿ-ը այժմ հենց սա է փորձում պարզել՝ որքանո՞վ են այս թվերը համապատասխանում իրականությանը։ Բնականաբար, առևտրականներին սա դուր գալ չի կարող, որովհետև որքան շատ շրջանառություն երևա, այնքան շատ հարկ են վճարելու։
Իսկ ինչո՞ւ է ամենից շատ շրջանառվում հենց «Առինջ Մոլի» անունը, ինչո՞ւ է այս առևտրի կենտրոնը հայտնվել աղմուկի կիզակետում։
Միգուցե այն պատճառով, որ այնտեղ ավելի շատ մարդ է աշխատում, քան «Փեթակում» և «Սուրմալուում» միասին վերցրած։
Սակայն միակ պատճառը դա չէ։ Իրական պատճառը հասկանալու համար աչքի անցկացրեք հաջորդ գծապատկերը։
Ինչպես տեսնում եք, «Սուրմալուում» տարեկան մինչև 1 մլն դրամ (օրական մինչև 2740 դրամ) շրջանառություն ցույց տվողների կշիռը 4.2% է, «Փեթակում»` 2.6%։
Իսկ ահա «Առինջ մոլում» տարեկան 1 մլն դրամից պակաս շրջանառություն ցույց տվողների կշիռը 21% է։ Յուրաքանչյուր 5-րդը օրական 2740 դրամից պակաս առևտուր է անում։
Եթե ընդհանրացնենք, ապա կստացվի, որ «Առինջ մոլի» տարածքում գործող տնտեսվարողների 75%-ը օրական կտրվածքով 13700 դրամից քիչ առևտուր է անում։
«Սուրմալուում» այդ ցուցանիշը 32% է, «Փեթակում»` 34%։
Իսկ կոնկրետ 2017 թվականի հունվար-հոկտեմբերի արդյունքներով՝ «Առինջ մոլի» տնտեսվարողների 75%-ի միջին օրական հասույթը եղել է ընդամենը 7600 դրամ։
Սա նշանակում է, որ «Առինջ մոլը» հարկային մարմնի կողմից դիտարկվում է ավելի ռիսկային։ Սրան էլ գումարում ենք տնտեսվարողների մեծ քանակը, և պարզ է դառնում, թե ինչու են բոլորը կենտրոնացած «Առինջ մոլի» վրա։
Սակայն ակնհայտ է, որ այս պարագայում ստուգումների հարցը քաղաքականացնելը իմաստ չունի։ Ամեն ինչ պայմանավորված է չոր թվերով։