«Հայաստանում շաքարային դիաբետով տառապող երեխաների թիվը հնգապատկվել է. հիվանդությունը երիտասարդանում է». Գլխավոր մանկական էնդոկրինոլոգ

«Շատ հուսադրող և ուրախալի է, երբ երկու կարևոր ոլորտներ, տվյալ դեպքում՝ մշակույթի և առողջապահության, համագործակցում են նույն նպատակի համար»,- նոյեմբերի 10-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը:

Նշենք, որ նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որին ընդառաջ՝ «Երազ» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգով հանդես եկավ:

Մեզ հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Կ. Մխիթարյանն ասաց, որ իրենց հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին՝ հստակ նպատակով. որպեսզի բարելավեն Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը: «Սկզբում ընդամենը 100 երեխա ունեինք՝ որպես շահառու, հիմա թիվը, ցավոք, հնգապատկվել է՝ 500-ն անց են այդ խնդիրն ունեցող երեխաները, ինչը փաստում է այն մասին, որ շաքարային դիաբետ ունեցող երեխաների թիվն օր օրի աճում է, իսկ տարիքային շեմը՝ նվազում: Այսօրվա միջոցառման նպատակը հանրության իրազեկումն է, որ Հայաստանում կա նման խնդիր, որի դեմ պետք է համատեղ պայքարենք ու ամեն գնով փորձենք բարելավել այդ երեխաների կյանքի որակը, որ շաքարային դիաբետ ունեցող երեխաները մենակ չեն, որ այդ խնդիրը բոլորինս է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս կա նման չարիք, ու համատեղ ուժերով մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս երեխաներն ապրեն լիարժեք կյանքով և իրենց զգան հասարակության լիարժեք անդամ»,- նշեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան նույնպես նշեց, որ դիաբետով տառապող մինչև 18 տարեկան երեխաների թիվն անցնում է 500-ը, և նկատեց, որ միտում կա այդ թվի աճի, հիվանդությունը, նրա խոսքով, երիտասարդանում է: «Հայաստանում դեղորայքի վիճակը լավ է, բոլոր երեխաներն ապահովված են դեղորայքով: Մենք հիմա ունենք շատ որակյալ ինսուլիններ, որոնք շատ զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ»,- նշեց ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նախարարության կողմից, որպեսզի կանխարգելվի այդ հիվանդությունը, Ե. Աղաջանովան այսպես պատասխանեց. «Եթե խոսում ենք երեխաների մասին, ապա երեխաները հիմնականում հիվանդանում են տիպ 1 դիաբետով, երբ տեղի է ունենում ինսուլին արտադրող բջիջների բացարձակ քայքայում ու անբավարարություն: Այդ պրոցեսը կանխարգելել հնարավոր չէ: Այդ պրոցեսը կապված է ժառանգական նախատրամադրվածության հետ, այսինքն՝ գենային մուտացիայի, և դա կանխել մենք չենք կարող, եթե անգամ իմանանք, որ այս երեխան ունի ռիսկ, մենք չենք կարող կանխել դա: Դրա համար այդ ուղղությամբ նախարարությունը ոչինչ չի կարող անել ու չի էլ անում»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է նա բացատրում, որ հիվանդությունը երիտասարդանալու միտում ունի: Ի պատասխան՝ Ե. Աղաջանովան ասաց. «Դրան բացատրություն չկա: Ամբողջ աշխարհում է այդ խնդիրը, միայն Հայաստանում չէ: Հիմնականում դա տարբեր էկոլոգիական գործոնների ազդեցությունն է, նաև կարող է պայմանավորված լինել բնակչության միգրացիայիով, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների միգրացիայով և շատացումով, որովհետև տարբեր վիրուսներ կան, որ կարող են վնասել ինսուլին արտադրող բջիջները և բերել դիաբետի: Իսկ տիպ 2 դիաբետի երիտասարդացումն ավելի շատ կապված է ճարպակալման և նստակյաց ապրելակերպի հետ, որը երեխաների մոտ հիմա դիտվում է»:


Կ. Մխիթարյանը նշեց, որ իրենց հիմնական ծրագրերից մեկն այդ երեխաներին գլյուկոմետրերի և այդ գլյուկոմետրերն աշխատեցնող թեստերիզների տրամադրումն է: Նա նշեց, որ իրենք վերջին տարիներին նաև բավականին ինտենսիվ աշխատում են Առողջապահության նախարարության հետ, կա «նորմալ երկխոսություն». «Մենք բարձրացնում ենք խնդիրը, իրենք լսում են և փորձում են խնդրին լուծում տալ»:

Մենք հետաքրքրվեցինք, թե մարզերո՞ւմ են նման խնդիրներ ունեցող երեխաներն ավելի շատ, թե՞ Երևանում: Ի պատասխան՝ Կ. Մխիթարյանն ասաց, որ իրենք ունեն հստակ ուսումնասիրություններ.

«Երեխաների քանակով առաջատարը Երևանն է, բայց դա նրանով է պայմանավորված, որ կա ներգաղթ Երևան՝ մարզերից: Ունենք բազմաթիվ ընտանիքներ մարզերից, որտեղ ախտորոշվել է երեխայի մոտ շաքարային դիաբետ, և իրենք տեղափոխվել են՝ բնակվելու Երևան, թեկուզ վարձելով բնակարան, որ մոտ լինեն բժշկին: Բացի այդ՝ նաև բարդույթ կա, որ չիմանան մոտ հարազատները, բարեկամները, որ երեխան ունի նման խնդիր, այսինքն՝ իրենց ավելի նախընտրելի է ապրել նոր և օտար միջավայրում՝ խուսափելով բարձրաձայնել, որ երեխայի մոտ կա նման խնդիր: Դա խնդրի հոգեբանական կողմն է, որը շատ խոցելի է: Այդ ուղղությամբ էլ ծրագրեր ենք իրականացնում, որ հասարակության մեջ, ի վերջո, հասկանան, որ դիաբետն ապրելակերպ է, խարան չէ, ու հնարավոր է հասարակության լիարժեք անդամ լինել՝ դիաբետով տառապելով»:

Հարցին, թե՝ այդ խնդրի վերաբերյալ մեր հանրության շրջանում իրազեկվածության ի՞նչ մակարդակ ունենք, Կ. Մխիթարյանը պատասխանեց, որ, ցավոք, հանրության իրազեկվածությունը ցածր է թե՛ հիվանդության մասին, թե՛ առաջին բուժօգնության մասին. «Նույնիսկ հանրակրթական դպրոցներում մենք ունենք այդ խնդիրը, ունենք երեխաներ, ովքեր հաճախում են հանրակրթական ուսումնական հաստատություններ, բայց տվյալ ուսումնական հաստատությունում նույնիսկ բուժքույրը չի տիրապետում տարրական գիտելիքներին, որպեսզի վերահսկի այդ երեխայի հիվանդությունը»:

Տեսանյութեր

Լրահոս