Անիմաստ է հայեցակարգեր գրել` առանց ֆինանսական ներդրումների
Հայաստանում մայրենի և օտար լեզուների իմացության մակարդակը բավարար չէ։ Թվում է, թե ժամանակակից աշխարհում հսկայական ռեսուրսներ կան լեզուներ սովորելու համար, ընդ որում՝ անվճար։ Բայց չկա սովորելու ձգտում, չկա կարդալու ցանկություն և ժամանակ։
Վերջերս երկու ուսանողներ խոսում էին այն մասին, որ անգլերեն սովորելու հիանալի տեսանյութեր են գտել։ Բայց ժամանակ չունենալու պատճառով մեկ տարում ընդամենը երկու տեսանյութ են դիտել։ Մեկ այլ օրինակ։ Երևանում 2011 թվականին մեծ շուքով բացվեց Ռուսական գրքի տուն։ Հայտարարվեց, որ գրախանութը կլինի կարևոր մշակութային կենտրոն, ուր կանցկացվեն քննարկումներ, դասընթացներ։ Այդ գրախանութում շատ մատչելի գներով վաճառվում էին ռուսալեզու գրքեր (1000-3000 դրամ)։ Բայց ընդամենը 4 տարի գոյատևեց գրախանութ-մշակութային կենտրոնը։ Աննկատ փակվեց` խորհրդանշելով լեզվի հանդեպ անտարբերությունը։
Հայաստանում օտար լեզուների դասավանդման բարելավումը նոր թեմա չէ։ Կոալիցիայի մեջ գտնվելու տարիներին «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն էր ասել, որ Հայաստանի երեխաները պետք է 3 օտար լեզու իմանան։ 2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել էր, որ օտար լեզուների դասավանդումը կառավարության համար դառնալու է առաջնահերթություն։ Նոր թեմա չէ նաև օտար լեզուների մեջ վտանգներ տեսնելը։ Հիշենք, որ տարիներ առաջ «Դեմ եմ օտարալեզու դպրոցներին» շարժումը կարողացավ հասնել այն բանին, որ օտար լեզվով ուսուցում իրականացնող դպրոցների թիվը սահմանափակվեց։
Օտար լեզուների թեման նորից ակտիվացավ, երբ պաշտոնավարման առաջին ամիսներին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկը մյուսի հետևից հանձնարարականներ էր տալիս Կրթության և գիտության նախարարությանը։ Անցած տարվա նոյեմբերին այդ հանձնարարություններից մեկը հետևյալն էր. որպեսզի Հայաստանի երեխաները տիրապետեն երեք օտար լեզվի, պետք է մշակել օտար լեզուների հայեցակարգ։ Հանձնարարականից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ առաջիկայում կմշակվեն ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի դասավանդման հայեցակարգեր։ Դեկտեմբերին նախարարությունում կայացավ օտար լեզուների հայեցակարգ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ 2017 թվականի հուլիսին նախարարության կայքում հանրային քննարկման դրվեց Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը։ Թվում էր, թե նախարարությունը որոշել է մեկ միասնական հայեցակարգ ունենալ բոլոր օտար լեզուների համար։
Հայեցակարգը հանրային ուշադրության չարժանացավ։ Ի դեպ, նախագծում ռուսերենը նշվում է՝ որպես օտար լեզու, որի միակ առանձնահատկությունն այն է, որ պարտադիր է, և ուսուցումը սկսվում է 2-րդ դասարանից։ Բայց օրերս ԿԳ նախարարությունն իր կայքում հանրային քննարկման ներկայացրեց ռուսերենի առանձին հայեցակարգ։ Եվ այստեղ իրավիճակը սրվեց։ Հանրությանը հատկապես դուր չեկավ այն միտքը, որ ավագ դպրոցում որոշ թեմաներ կարող են հայերենին զուգահեռ՝ դասավանդվել նաև ռուսերենով։
Ուշագրավ է, որ օտար լեզուների դասավանդման անտեսված նախագծում կա ճիշտ նույն միտքը։ Մասնավորապես, օտար լեզուների դասավանդման նախագծում գրված է. «օտար լեզվի խորացված ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն), այսինքն՝ մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում նաև օտար լեզվով ավագ դպրոցում»:
Պարզ լուծումն այն էր, որ նախարարությունը նախ պետք է ներկայացներ մայրենի լեզվի հայեցակարգ, հետո՝ օտար լեզուների միասնական մեկ հայեցակարգ։ Մանավանդ, ներկայումս մշակված օտար լեզուների և ռուսաց լեզվի հայեցակարգերը շատ չեն տարբերվում իրարից։ Ճիշտ կլիներ սկսել մայրենիի հայեցակարգից։ Այս պահին կա միայն Լեզվի պետական տեսչության կողմից մշակված Լեզվական քաղաքականության հայեցակարգի նախագիծ, որը զուտ կրթական փաստաթուղթ չէ։ Եթե մեզ թվում է, որ աշակերտները հայերեն կարողանում են խոսել, հետևաբար՝ մայրենի լեզվի վիճակը բարվոք է, ապա սխալվում ենք։ Մտեք սովորական դպրոցներ և թելադրություն տվեք։ Կտեսնեք, որ հայերենի իմացության մակարդակը շատ ցածր է։
Եթե հարցին նայենք զուտ մասնագիտական տեսանկյունից, ապա օտար լեզուների հայեցակարգի մշակումը ժամանակավրեպ էր։ Քանի դեռ ընդունված չեն Կրթության զարգացման պետական ծրագիրը և նոր Կրթակարգը, ճիշտ չէ առանձին առարկաների հայեցակարգեր մշակելը։ Եթե չգիտենք, ինչ ուղղությամբ է գնալու կրթական համակարգը, ինչ ժամաքանակ է հատկացվելու այս կամ այն առարկային, ինչո՞ւ ենք առանձին առարկաների հայեցակարգեր ներկայացնում։
Հայեցակարգերը նաև վերնագրի խնդիր ունեն։ «Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ» կամ «Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» անվանումները լիարժեք չեն, քանի որ դասավանդումն ուսուցման մի մասն է։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն՝ դասավանդումը, այլև սովորելը` որպես գործընթաց և արդյունք։
Ամենամեծ խնդիրն այն է, որ այս հայեցակարգերը կարող են մնալ թղթի վրա, եթե կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ չհատկացնի։ Լեզվի ուսուցումը բարելավելու համար դասարանում պետք է լինի առավելագույնը 10 աշակերտ։ Այսօր Հայաստանում դպրոցներ կան, որտեղ երեխաները 30 հոգանոց դասարանում ռուսերենի դաս են անցնում։ Հայեցակարգից պարզ չէ՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստ է լրացուցիչ մի քանի միլիարդ դրամ հատկացնել դպրոցներին, որպեսզի փոքր խմբերում իրականացնեն լեզուների ուսուցումը։ Եթե աշակերտները շարունակեն մեծ դասարաններում լեզուներ սովորել, ապա ոչինչ չի փոխվի և անիմաստ կլինի նման հայեցակարգեր ունենալը։ Մշակված հայեցակարգերում խոսվում է փոքր խմբերով ուսուցման կարևորության մասին, բայց կոնկրետ թիվ չի նշվում։ Սա նշանակում է, որ հայեցակարգի իրականացման համար գումարները շատ սահմանափակ են լինելու։
Կարևոր է նաև դպրոցներում դասավանդող օտար լեզու շատ վատ իմացող օտար լեզվի ուսուցիչներին փոխարինել օտար լեզու իմացող օտար լեզվի ուսուցիչներով։