«Ներկայիս փուլում «բովանդակային բանակցություններ» վարելն անիմաստ է». Ալեքսանդր Կռիլով

Հարցազրույց ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հետ

– Պարոն Կռիլով, ադրբեջանական կողմը կրակ է բացել ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ՝ խոչընդոտելով մոնիտորինգ անցկացնել Հայաստանի Տավուշի մարզում՝ Չինարի գյուղի մոտակայքում։ Սակայն ԵԱՀԿ-ն դեռևս չի արձագանքել այս միջադեպին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Անկայունության գոտիներում հաճախ տեղի են ունենում տարբեր տիպի միջադեպեր, ընդ որում՝ լայնորեն օգտագործվում են ամենազանազան իմաստ ունեցող սադրանքներ։ Ամենաշատ ծավալով սադրանքներն օգտագործվում են Սիրիայում, միևնույն ժամանակ՝ նախագահ Ասադի հակառակորդները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, գիտակցաբար թույլ են տալիս, որ զանգվածային զոհեր լինեն խաղաղ բնակչության շրջանում, որպեսզի կարողանան այդ ամենում մեղադրել երկրի ներկայիս իշխանությանը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում դեռևս չեն եղել քիմիական զենքի կամ համանման անմարդկային միջոցների կիրառման դեպքեր, սակայն արտաքին դիտորդները պարտադրված են հաշվի նստել բոլոր հնարավոր սադրանքների հավանականության հետ։ Դիտարկման և վերահսկողության միայն բարձր ճշգրտության համակարգը կարող է հաստատապես բացահայտել կրակոցները նախաձեռնողին։ Շատ է խոսվել և խոսվում է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ որպես ռազմական լարվածության թուլացման և խաղաղ կարգավորման հեռանկարի պարտադիր պայման։ Այդ ուղղությամբ ինչ-որ բան արդեն արվել է։ Սակայն շփման գծի 2 կողմում էլ լիարժեք վերահսկողության համակարգ դեռևս չի ստեղծվել՝ դրա նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության բացասական վերաբերմունքի պատճառով։ Իսկ առանց այդպիսի համակարգի՝ հնարավոր չէ 100% ճշգրտությամբ որոշել, թե կոնկրետ ո՞ր կողմն է սկսել կրակել։ ԵԱՀԿ-ի արձագանքը կարող է լինել միայն այն դեպքում, երբ լիովին կհաստատվի հակամարտության այս կամ այն կողմի մեղավորությունը միջազգային դիտորդների խմբի վրա կրակ բացելու մեջ։

Կարդացեք նաև

– ԵԱՀԿ դիտորդների վրա կրակելու փաստի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ փորձագետները պետք է ասեն իրենց խոսքը՝ տեղում ուսումնասիրելով հանգամանքները։ Կոնկրետ ի՞նչ հանգամանքներ պետք է ուսումնասիրեն փորձագետները, և ի՞նչ սպասել դրանից հետո։

– Փորձագետները կարող են հարցաքննել վկաներին, դիտարկել միջադեպի վայրը, կողմերի ներկայացրած փաստական ապացույցները, և այլն։ Սակայն ակնհայտ է, որ նման գործողությունները չեն կարող 100 % վստահությամբ բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները։ Երկու կողմերը կներկայացնեն տեղի ունեցածի փոխբացառող վարկածներ և, ամենայն հավանականությամբ, գործը դրանով էլ կավարտվի՝ մինչև հաջորդ նմանատիպ միջադեպ։ Այդպես կարող է անվերջ շարունակվել, և, կրկին ընդգծեմ, իրադրությունը կարող է փոխել միայն բոլոր տեխնիկական միջոցներով հագեցած ժամանակակից հսկողության համակարգը շփման 2 կողմում։

– Սերժ Սարգսյանը հուլիսին «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից։ Իսկ վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր պաշտոնավարման վերջին օրն անսպասելիորեն հրապարակեց վաղուց մոռացված այդ սկզբունքները, որից հետո Մամեդյարովը հայտարարեց դրանց հիման վրա բովանդակային բանակցություններ սկսելու՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին, եթե Հայաստանը համաձայն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, և մի՞թե բանակցությունների բովանդակային լինելու համար անհրաժեշտ չէ Լեռնային Ղարաբաղի de facto մասնակցությունը գործընթացին։

– «Բովանդակային» բանակցություններ՝ նշանակում  է՝ բանակցություններ ըստ էության։ Դիվանագետները պարբերաբար տարբեր տեսակի հայտարարություններ են անում, դա նրանց աշխատանքի մասն է։ Այդ հայտարարություններն արվում են տարբեր պատճառներով, սակայն սպասել, որ դրանց միջոցով կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, միամիտ կլիներ։ Այդ առումով առավելապես աչքի էին ընկնում ամերիկյան պայծառ դիվանագետ և Կովկասի հարցերով մասնագետ Մեթյու Բրայզայի հայտարարությունները։ Նա մշտապես խոստանում էր «արդեն հաջորդ տարի» Ղարաբաղյան հակամարտությունում հասնել «որոշիչ բեկման», իսկ ներկա դարձած այդ «հաջորդ» տարում բառացի կրկնում էր նույն հայտարարությունը։ Այդպես շարունակվեց մի քանի անգամ, և ԶԼՄ-ներում մանրամասն ու բուռն քննարկվում էր «որոշիչ բեկման» թեման։ Արդյունքում՝ այդ թեման մոռացության մատնվեց  դիվանագիտական աշխատանքից Մ. Բրայզայի հեռանալուց հետո։ Իրադրությունը որոշվում է ոչ թե դիվանագետների և քաղաքական գործիչների հայտարարություններով, այլ կոնկրետ իրավիճակներում դրանց իրական հնարավորություններով։ Ներկայիս փուլում «բովանդակային բանակցություններ» վարելն անիմաստ է, քանի որ կողմերի փոխբացառող դիրքորոշումների պատճառով չի կարելի հասնել խաղաղ փոխզիջումների։ Ավելին, փոխադարձ թշնամանքի մակարդակը չի պակասում, այլ աճում է։ Այսինքն՝ անհրաժեշտ պայմաններ չկան բանակցությունների համար, որոնք ուղղված չեն թշնամու կապիտուլյացիային, այլ ուղղված են արդյունքի ձեռքբերմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման տեսքով։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար, բայց այն չի կարող կողմերից մեկին կամ երկու կողմին պարտադրել ընդունել արտաքին աշխարհից թելադրված կարգավորման պայմաններ։ Դա է բանակցային գործընթացի քրոնիկ փակուղում գտնվելու պատճառը։ Եվ մոտ ապագայում այդ իրադրությունը հազիվ թե փոխվի։

– Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի շփման գծում այս տարվա հուլիսից նկատվում է հրաձգության ակտիվության անկում։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը նշել է, որ դա մարտին հակառակորդի դիվերսիան կանխելու արդյունքն է։ Լարվածության այս նվազումը դադար է փոթորկի՞ց առաջ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

– Շփման գծում իրադրության մշտական սրացումներին փոխարինում են հարաբերական լռության ժամանակաշրջանները։ Այդպես շարունակվում է շատ տարիներ, ընդ որում՝ վերջին տարիներին ռազմական գործողությունների բռնկումները դառնում են ավելի ու ավելի լայնածավալ և երկարատև։ 2016 թ. ապրիլին գործը հասավ «չորսօրյա պատերազմի», որից հակամարտող կողմերը հետևություններ արեցին։ Ադրբեջանական ղեկավարության համար ակնհայտ դարձավ, որ կայծակնային բլից-կրիգի միջոցով խնդրի լուծումն անհնար է, և ուժային ճանապարհն ընտրելու դեպքում նոր պատերազմ է սկսվելու, որի ելքը Բաքվի համար անկանխատեսելի կլինի։ Հայկական ղեկավարությունն իր հետևություններն արեց՝ այժմ հայկական զինված ուժերի պատրաստվածությունն «ապրիլյան սցենարի» կրկնման դեպքում շատ ավելի բարձր է։ Հավանական է, որ ադրբեջանական հրամանատարությունը կշարունակի վարել «հյուծող պատերազմի» ռազմավարությունը, բայց պարբերաբար կրկնվող միջադեպերը և ռազմական գործողությունների բռնկումները չեն լինի այնքան մասշտաբային, որքան 2016թ. ապրիլին էին։ Դժվար թե Հայաստանի իշխանությունները կընդունեն Բաքվի պահանջները, իսկ Ադրբեջանի իշխանությունները կհրաժարվեն բոլոր կորսված տարածքները վերադարձնելու կարգախոսից։ Ռազմական ուժերի ներկայիս գրեթե հավասար բալանսի պահպանման դեպքում «հյուծող պատերազմը» կարող է շատ երկար տևել։ Սակայն ժամանակակից աշխարհն այնքան անկայուն է, որ տարածաշրջանում իրադրությունը կարող է փոխվել շատ անսպասելի ձևով և բոլորի համար ամենաանկանխատեսելի հետևանքներով։

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ, եթե արևմտյան երկրները հետևեին ԵԱՀԿ հռչակագրերին, Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ։ Ի՞նչ է սա նշանակում։

– Այդ հարցին հաստատապես կարող է պատասխանել միայն անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Դիվանագիտական աշխատանքի յուրահատկությունների մասին ես արդեն խոսեցի Մեթյու Բրայզայի օրինակով։

Տեսանյութեր

Լրահոս