«Այն, ինչ հրապարակվել է, վերջնագիր և պարտադրանք չէ. այստեղ որևէ նոր բան չկա». Դավիթ Բաբայան
«Այն, ինչ հրապարակվել է, վերջնագիր և պարտադրանք չէ։ Սա մի տեսլական է, որի կետերի մասին արդեն քանի-քանի տարի է՝ խոսում են, այստեղ որևէ նոր բան չկա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած 6 հիմնական կետերին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ կետերը ներկայացվում են, բայց դա չի նշանակում, որ դրանք ընդունելի են և կողմերը համաձայն են. «Վերցնենք նույն Ադրբեջանին․ եթե նա համաձայներ այս կետերին, ապա պատերազմ չէր սանձազերծի։ Ադրբեջանը միշտ էլ ասում է, որ Արցախի ժողովրդին երբևէ ինքնորոշման իրավունք չի տալու։ Սա Ադրբեջանի տարբերակն էր։ Մեր տարբերակն էլ այն է, որ հազար անգամ ասել ենք՝ չի կարող լինել վերադարձ անցյալին, որ Ադրբեջանի նման ֆաշիստական պետության հետ փոխհարաբերվելիս ունենանք ԼՂԻՄ-ի սահմանները․ սա կնշանակի՝ նորից գայթակղել թշնամուն՝ հարձակվել և կոտորել մեզ։ Այսինքն՝ այսպիսի բազմաթիվ հարցեր կան»։
Դավիթ Բաբայանը նկատում է, որ այս ամենի հետ մեկտեղ՝ կան չհստակեցված մի շարք խնդիրներ, թե օրինակ՝ երբ պետք է կարգավիճակ հաստատվի կողմերի համաձայնությամբ, եթե կողմերը չեն համաձայնում, և այլն. «Բազմիցս ասել ենք, որ փաթեթային տարբերակով պետք է ամեն ինչ լուծվի, ոչ թե փուլային, որ փուլայինը բերելու է մի շարք խնդիրների։ Այսինքն՝ սա վերջնագիր չէ, պարզապես մի փուլ է, և միգուցե հետագայում այլ սկզբունքներ զարգանան, այլ ուղղությամբ գնա հակամարտության կարգավորումը։ Սա պարզապես այն տեսլականն է, որտեղ արտացոլված են Ադրբեջանի և հայկական կողմերի որոշ դրույթներ»։
Հարցին՝ ինչո՞ւ հենց այս պահին հրապարակվեցին այս կետերը, որովհետև այդ մասին արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դժվար է ասել, այդ կետերի մասին վաղուց է խոսվում։ Չեմ կարծում, որ այստեղ հատուկ բան կա, առավել ևս՝ փոխկապակցել դա Սարգսյան-Պուտին հանդիպման հետ։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս պահի դրությամբ վերջնական խոսել հակամարտության կարգավորման մասին՝ դեռևս վաղաժամ է։ Նախ և առաջ չկա ձևաչափ, որտեղ պաշտոնական Ստեփանակերտը մասնակցի բոլոր մակարդակներում։ Մենք նույնիսկ չենք մասնակցել այս հարցերի քննարկմանը։ Հասկանալի է, որ լուրջ հարցեր կան, որոնք պետք է հաղթահարել։ Նորից եմ կրկնում՝ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, որ հրապարակվում են նման մոտեցումներ։ Այսինքն՝ մենք պետք է պարզապես սառնասրտորեն մոտենանք և հասկանանք, որ որևէ վերջնագիր չի կարող ներկայացվել, և այս պահի դրությամբ ու ապագայում հիմնական շեշտը դրվելու է խաղաղության և կայունության պահպանման վրա»։
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Դեսպան Հոգլանդը ընթերցեց դրանք Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Հոգլանդը նաև հայտարարել էր, որ երկուշաբթի, օգոստոսի 28-ին նա ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։
Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե համանախագահների փոփոխությունը որևէ բան կարո՞ղ է փոխել բանակցային գործընթացում։ «Չեմ կարծում, թե դա որևէ ազդեցություն ունենա, որովհետև սա անձանց հետ կապված չէ։ Համանախագահներն իրականացնում են իրենց պետության կողմից նախանշված կետերը և քաղաքականությունը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։