Բաժիններ՝

Բժիշկ Հինոհարայի երկարակեցության զարմանալի կանոնները

Բժիշկ Շիգեակի Հինոհարան նրանցից մեկն է, ում Ճապոնիան պարտական է իր երկարակեցությամբ: 75 տարեկանից հետո նա գրել և հրատարակել է 150 գիրք (ամենահայտնի «Ապրել երկար, ապրել լավ» գիրքը 1.2մլն տպաքանակ ուներ), 100-ից հետո շարունակում էր բուժել մարդկանց և դասախոսություններ կարդալ: Հինոհարան երկարակեցության իր կանոններն ուներ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Մարդն էներգիա ստանում է ոչ թե կերակուրից կամ քնից, այլ ուրախությունից: Հիշո՞ւմ եք, երբ մենք փոքր էինք, երբեմն ուրախությունից մոռանում էինք ուտելու մասին էլ, քնելու էլ: Մեծերի մոտ էլ է այդպես:

2. Երկար կարող են ապրել ցանկացած ռասայի, ազգության ու սեռի մարդիկ: Նրանց միավորում է միայն մեկ բան՝ երկարակյացների մեջ գեր մարդիկ չեն լինում: Ես, օրինակ, նախաճաշին խմում եմ սուրճ կամ կաթ, կամ էլ նարնջի հյութ՝ մի գդալ ձիթապտղի յուղով. այն օգտակար է անոթների և մաշկի համար: Ճաշին՝ կաթ ու թխվածքաբլիթ, կամ ոչինչ, եթե շատ զբաղված եմ: Երբ աշխատում եմ, ընդհանրապես քաղց չեմ զգում: Ընթրիքս բաղկացած է բանջարեղենից, մի քիչ բրնձից ու ձկից: Շաբաթը 2 անգամ ուտում եմ 100 գրամ անյուղ միս:

3. Միշտ Ձեր գործերը պլանավորեք երկար ժամանակի համար: Ես, օրինակ, գրանցում եմ անելիքներս մեկ տարվա կտրվածքով՝ հիվանդների ընդունելություն, դասախոսություններ և աշխատանք հիվանդանոցում:

Կարդացեք նաև

4. Թոշակի անցնել ընդհանրապես չարժե, բայց եթե դա անխուսափելի է, աշխատեք դա անել հնարավորինս ուշ: Այսօր Ճապոնիայում կենսաթոշակային տարիքը 65-ն է, բայց այդպես սահմանել են կես դար առաջ, երբ կյանքի միջին տևողությունը երկրում 68 տարեկանն էր, իսկ հարյուրամյա ծերունիներն ամբողջ Ճապոնիայում ընդամենը 125-ն էին: Այսօր ճապոնացի կանայք միջինն ապրում են 86 տարի, տղամարդիկ՝ մինչև 80, իսկ 100-ն անցները 36000-ից ավելի են:

5. Ձեր գիտելիքները հաղորդեք ուրիշներին: Ես տարեկան 150 դասախոսություն եմ կարդում տարբեր լսարանների համար՝ նախադպրոցական տարիքի երեխաներից սկսած՝ մինչև բիզնեսմեններ: Դրանք տևում են 1-1:5 ժամ, և ես դրանք կարդում եմ կանգնած:

6. Երբ բժիշկը Ձեզ խորհուրդ է տալիս որոշ հետազոտություններ անցնել կամ վիրահատություններ կատարել, հարցրեք նրան՝ իսկ նույն բանը նա խորհուրդ կտա՞ր իր երեխաներին, կնոջը կամ այլ բարեկամների: Բժիշկն ամեն ինչ չի կարող բուժել: Ինչո՞ւ կրել հավելյալ տառապանքներ: Երբեմն երաժշտությունը կամ թերապևտ-կենդանիները վիրաբույժներից շատ են օգնում:

7. Առողջ մնալու համար աստիճաններով բարձրացեք և ինքներդ տարեք Ձեր իրերը: Ես աստիճանները 2-2 եմ բարձրանում, որ մկաններս աշխատեն:

8. Ինձ շատ է ոգեշնչում Ռոբերտ Բրաունինգի «Աբբա Ֆոգլեր» պոեմը: Այնտեղ ասվում է, որ պետք է քո առաջ մեծ նպատակներ դնես թե՛ արվեստում, թե՛ կյանքում: Եթե պատրաստվում եք շրջան նկարել, շատ մեծը նկարեք: Մենք այդ շրջանի միայն մի մասը կարող ենք տեսնել: Մնացածը մեր տեսադաշտից դուրս է:

9. Ցավը կախարդական բան է, և նրան հաղթելու լավագույն տարբերակն ինչ-որ հետաքրքիր բան գնելն է: Երբ երեխայի ատամը ցավում է, պետք է նրան խաղի մեջ ընդգրկել, ու նա միանգամից մոռանում է ցավի մասին: Հիվանդանոցները պետք է հոգան այդ մասին: Շատ կարևոր են երաժշտությունը, կենդանիները և արտ-թերապիան: Այս ամենը շատ է օգնում:

10. Մի փորձեք կուտակել հնարավորինս շատ նյութական արժեքներ: Երբեք չգիտես՝ վաղը քեզ հետ ինչ կլինի, իսկ հետդ դրանք տանել չես կարող:

11. Հիվանդանոցները պետք է պատրաստ լինեն մեծ աղետներին և պետք է ընդունեն բոլորին, ով կարիք ունի: Օրինակ, մեր հիվանդանոցի կառուցվածքն այնպիսին է, որ անհրաժեշտության դեպքում վիրահատություն կարելի է կատարել ամեն տեղ` նկուղում, միջանցքներում, ժամատանը: Երբ ես պատրաստվում էի աղետի, մարդկանց մեծամասնությունն ինձ գժի տեղ էր դնում, սակայն երբ 1995թ. մարտի 20-ին «Աում Սինրիկյո» աղանդը Տոկիոյի մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացրեց, մենք ընդունեցինք 740 հոգու և մեկ ժամում պարզեցինք, որ նրանք թունավորվել են զարին գազից: Մենք փրկեցինք 739-ին:

12. Միայն գիտությունը չի կարող մարդկանց օգնել, քանի որ այն ընդհանուր սահմաններ է գծում, իսկ մարդիկ տարբեր են, իսկ հիվանդությունները սերտորեն կապված են մեր հոգու հետ: Հիվանդությունը հասկանալու և մարդուն օգնելու համար ոչ միայն գիտություն է պետք, այլև արվեստ:

13. Կյանքը լի է անսպասելի իրադարձություններով: 1970թ. մարտի 31-ին, երբ ես 59 տարեկան էի, Տոկիոյից Ֆուկուոկու էի թռչում: Արևային հիանալի առավոտ էր, ես հիանում էի Ֆուձիյամայով, երբ ինքնաթիռը զավթեցին «Կարմիր բանակ» կոմունիստական խմբավորման անդամները: Հաջորդ 4 օրերին ես ձեռնաշղթաներով 40 աստիճան շոգին կապված էի բազկաթոռին: Բժիշկ լինելով` ես ինձ կողքից էի նայում, և ապշել էի, թե ինչպես է մարդու մարմինը հարմարվում ծայրահեղ իրավիճակներին:

14. Ձեզ համար օրինակելի մեկին գտեք ու փորձեք գերազանցել նրան: Հայրս 1900թ. ԱՄՆ մեկնեց՝ համալսարանում սովորելու նպատակով: Նա առաջիններից մեկն էր և դարձավ իմ հերոսներից մեկը: Հետագայում ես այլ հերոսներ էլ ունեցա, և, երբ հայտնվում եմ դժվարին իրավիճակում, փորձում եմ պատկերացնել, թե ինչ կանեին նրանք իմ փոխարեն:

15. Հիանալի բան է երկար ապրելը: Մինչև 60 տարեկանը մենք աշխատում ենք մեր ընտանիքների բարեկեցության համար, և մեզ համար ավելի հեշտ է լինում նպատակներին հասնելը: Սակայն հետո մենք պետք է ջանանք հասարակության բարեկեցության համար: 65 տարիս լրանալուն պես ես սկսեցի աշխատել անվճար, օրը 18 ժամ, շաբաթը 7 օր: Եվ վայելում եմ կյանքիս ամեն րոպեն:

Բժիշկ Շիգեակի Հինոհարան` Տոկիոյի սուրբ Ղուկաս հիվանդանոցի նախագահը, մահացավ 2017թ. հուլիսի 18-ին: Մինչև իր կյանքի վերջին օրը նա հիվանդների էր ընդունում, իսկ նրա նոթատետրում դեռ շատ ամիսների համար ընդունելություններ էին նշանակված: Նա 105 տարեկան էր:

Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս