Անտոն Սևրյուգյան. Պարսից շահի եզակի լուսանկարների հեղինակը
Անտոն Սևրյուգինը (Սևրյուգյան) Ղաջարիների դինաստիայի (Ղազարական դինաստիա) պարսից Նասրեդդին շահի պալատական լուսանկարիչն է եղել, ծնվել է 1830թ. հայ-վրացական ընտանիքում:
Անտոնի հայրը՝ Վասիլի Սևրյուգինը (Սևրյուգյան) ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ինչից հետո ծառայության է անցել Պարսկաստանում Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ էլ ազգանունը ռուսաֆիկացրել է:
Անձամբ լուսանկարիչը նույնպես կրել է Սևրյուգին ազգանունը, իսկ Անտոնի որդին՝ Անդրեն, վերադարձրել է իրեն ազգանվան հայկական տարբերակը և տոհմը շարունակվում է որպես Սևրյուգյան:
Անտոնի մայրը՝ Աչին խանումը, ազգությամբ եղել է վրացի:
Անտոն Սևրյուգյանը սկսել է լուսանկարչությամբ զբաղվել պատանեկությունից: 1970թ. իր 2 եղբայրների հետ (ընտանիքում եղել է 8 երեխա) բացել է սեփական լուսանկարչատունը Թավրիզում, իսկ 13 տարի անց այն տեղափոխել է մայրաքաղաք Թեհրան:
Սևրյուգինը աչքի էր ընկնում աշխատանքի հատուկ ոճով՝ երկար տարիներ նա ուսումնասիրել է տարբեր ռակուրսներ, ինչը նրա լուսանկարներին ազդեցիկություն էր հաղորդում:
Շուտով նա ճանաչում է ձեռք բերում ոչ միայն Պարսկաստանի հասարակ մարդկանց շրջանում, այլև անձամբ Նասրեդդին շահի, որը Սևրյուգինին հրավիրում է դառնալ պալատական լուսանկարիչ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մի քանի տասնյակ տարի:
Մինչ օրս Սևրյուգինի աշխատանքները պարսից ժողովրդի ու 19-րդ դարի շահերի պալատական կյանքի ուսումնասիրման հիմնական աղբյուրներից են:
Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Սևրյուգինի կյանքի վերջին տարիները մթագնվեցին հիասթափությամբ:
XX դարի սկզբին Պարսկաստանում հեղափոխական շարժումների հետևանքով լուսանկարիչը զրկվեց ամենից, ինչին նվիրել էր իր ողջ կյանքը:
Շահի ու հեղափոխականների միջև զինված բախումների ժամանակ նրա լուսանկարչատունը ենթարկվեց հարձակումների, ինչի հետևանքով գրեթե բոլոր 7 հազար նեգատիվները վնասվեցին, իսկ շատերն էլ ոչնչացվեցին նոր շահի հրամանով, որը չէր ցանկանում տեսնել «նախկին Պարսկաստանի» լուսանկարները:
Անկարգություններից հետո նրան հաջողվում է հավաքել նեգատիվների մնացորդները: Ավելի ուշ դրանց վերականգնմամբ զբաղվում է նրա դուստրը՝ Մարիան, որին հաջողվում է հոր աշխատանքները գաղտնի տեղափոխել արտասահման:
Ներկայումս դրանցից մոտ 700-ը պահվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում:
Անտոն Սևրյուգինը մահացել է 1933թ. Թեհրանում երիկամային հիվանդությունից: Չնայած այն բանին, որ նրա ընտանիքը կտրված է եղել պատմական հայրենիքից, նրա որդի Անդրեի ժառանգները տիրապետում են հայերենին:
Անտոն Սևրյուգինի թոռան՝ Էմանուելի խոսքով, որը 2015թ. այցելել էր Երևան, իրենց ընտանիքում բոլորը խոսել են հայերեն և մկրտվել են հայկական եկեղեցում: