Սերժ Չուրուկ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամը, Exxon Mobile, Total և Alcatel ընկերությունների ղեկավարը
Սերժ Չուրուկը (Չուրուկջյան) ծնվել է 1937թ. Մարսելում, որտեղ նրա ծնողները Թուրքիայից էին տեղափոխվել 1922թ.՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Ապագա գործարարը փայլուն կրթություն է ստացել Պալեզոյի Պոլիտեխնիկական դպրոցում (l’École polytechnique)՝ ռազմական տեխնիկայի ինժեներ մասնագիտությամբ:
Կարիերան Չուրուկը սկսել է ամերիկյան նավթային ExxonMobile ընկերությունում 1960-ականներին, որտեղ տարբեր պաշտոններում աշխատել է մինչև 1979թ.:
1980-ականներին Սերժ Չուրուկը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի քիմիա-դեղագործական ընկերություններում, իսկ 1990-1995թթ. եղել է ֆրանսիական խոշորագույն նավթագազային Total ընկերության նախագահ և գործադիր տնօրեն: 1995թ. ֆրանսահայը գլխավորել է խոշորագույն եվրոպական Alcatel հեռահաղորդակցական ընկերությունը:
Որոշ եվրոպացի բիզնես վերլուծաբանների կարծիքով՝ Չուրուկի նախագահությամբ և DSL-տեխնոլոգիայի ներդրմամբ Alcatel-ը վերածվել է համաշխարհային շուկայում առանցքային խաղորդի հեռահաղորդակցական սարքավորումների գծով:
Սերժ Չուրուկը ֆրանսիական ընկերությունում աշխատել է ավելի քան 13 տարի, իսկ կարճ ժամանակ անց ղեկավարել ամերիկյան բիոտեխնոլոգիական Joule Unlimited ընկերությունը, որը 2007թ. հիմնադրվել է հայտնի հայ գործարար, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի բիոքիմիական ինժեներիայի դոկտոր Նուբար Աֆեյանի կողմից:
2012թ. Չուրուկը ընտրվել է ռուսական «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ:
Ֆրանսահայ գործարարը Հայաստանի հետ սերտ կապեր է հաստատել դեռ պատանությունից: Նա հիանալի տիրապետում է հայերենին, պատանության տարիներին որոշ ժամանակ ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում, որտեղ ուսումնասիրել է հայկական ձեռագրեր, գրաբար և քրիստոնեության պատմություն: