Բաժիններ՝

Բուհական մանկավարժության մասին Բոլոնիայի երևանյան գագաթաժողովի անտեսված թեզը

Վերջերս Երևանի բանուկ բուհական հատվածներից մեկում իրար կողք կողքի գործում էին կուրսային-դիպլոմայինների վաճառքի կետ, սուրճի վաճառքի կետ, բուքմեյքերական գրասենյակ, և դրանց կողքին բացվեց գրախանութ։ Գրախանութը մի քանի ամիս աշխատելուց հետո փակվեց։ Այս օրինակը շատ բան է ասում մեր կրթական համակարգի վիճակի մասին։

Ինչո՞ւ է կուրսայինների վաճառքի կետը կամ բուքմեյքերական գրասենյակը գոյատևում բուհերի հարևանությամբ, իսկ գրախանութը փակվում։ Ինչո՞ւ է հայ ուսանողը ֆինանսավորում իր իսկ կրթությունը կեղծող բիզնեսը կամ իր ապագան մթագնող բուքմեյքերին, բայց արհամարհում կրթության իրական աղբյուրը՝ գիրքը։ Նույն վիճակը նաև գրադարաններում է։ Ինչո՞ւ են հայկական բուհերի գրադարանները փակվում ժամը 17։00-ին, ինչո՞ւ չեն աշխատում շաբաթ և կիրակի օրերին։ Ինչո՞ւ վերջին դասի զանգից անմիջապես հետո «ուսանողները Նիագարայի ուժով թափվում են բուհերից դուրս»։

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա դարձավ բուհերի թափուր տեղերի խնդիրը։ Չեմ կարծում, որ հենց սա է մեր ամենակարևոր խնդիրը։ Մենք անտեսում ենք մեր աչքի առաջ ամեն օր տեղի ունեցող կրթության արժեզրկումը, բայց հանկարծ խառնվում ենք իրար, երբ ուսանողների կամ բնակիչների թիվը նվազում է։ Նման հետևանքներից խուսափելու համար պետք է վերոնշյալ «ինչուների» մասին ամեն օր մտածենք և քայլեր ձեռնարկենք։

2015 թվականին Հայաստանում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն` Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովը։ Այդ գագաթաժողովում ընդունված նախարարների ամփոփիչ հռչակագրում կարևոր մի դրույթ ամրագրվեց. «Բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքի գլխավոր առաքելությունը սովորելու և դասավանդելու որակը և արդիականությունը բարձրացնելն է»։ Սա առաջին դեպքն էր, երբ նախարարական գագաթաժողովի մակարդակով նման դրույթ ամրագրվեց դասավանդման մասին։

Կարդացեք նաև

Հայաստանի բուհական համակարգի թերագնահատված խնդիրներից մեկը դասավանդման, բուհական մանկավարժության հարցն է։ Կա կարծրատիպ, որ  դասախոսներն ունեն բարձր կրթական ցենզ, գիտական կոչումներ, հետևաբար՝ նրանք պետք է որ կարողանան ապահովել դասավանդման բարձր որակ։ Հետաքրքիր է, որ դասախոսը միակ աշխատանքն է, որի համար հատուկ մասնագիտական կրթություն չկա։ Օրինակ, ուսուցիչը սովորում է մանկավարժական բուհում, ինժեները՝  ճարտարագիտական, և այլն։ Իսկ որտե՞ղ են դասախոս դառնալ սովորում։ Ավելին, դասախոս կարող են դառնալ մարդիկ, ովքեր բուհում սովորելիս նույնիսկ Մանկավարժություն առարկա չեն անցել։

Հատկապես Հայաստանի բուհերում մանկավարժական մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը հրամայական է, քանի մեր երկրում ուսանողական համակազմի որակն էապես փոխվել է։ Եթե նախկինում բուհեր ընդունվում էին միայն շատ բարձր միավորներ ստացող փոքրաթիվ ուսանողներ, ապա այսօր 1-2 առարկայից նվազագույն դրական միավոր ստացած ցանկացած դիմորդ կարող է սովորել բուհում։ Սա ինքնին վատ չէ։ Բայց վատ է, երբ դու չես փոխում համալսարանական մանկավարժության մոտեցումները։ Եթե նախկինում դու կարող էիր ակադեմիական, գիտական ոճով ուսուցում իրականացնել, ապա այսօր չես կարող, քանի որ միևնույն լսարանում նստած են ուսանողներ, որոնց մի մասը լավ պատրաստված է, գիտի օտար լեզուներ, մյուս մասը միջակ պատրաստվածություն ունի, մի մասն էլ նույնիսկ դպրոցական ծրագիրը չի յուրացրել։

Այլ կերպ ասած, մեր համալսարաններն այսօր դարձել են զանգվածային կրթություն իրականացնող հաստատություններ։ Ուսանողական համակազմը դարձել է բազմամակարդակ։ Շատ քիչ ուսանողներ են բուհում սովորում գիտնական կամ դասախոս դառնալու նպատակով։ Մինչդեռ մեր բուհական կրթության բովանդակությունը հիմնականում ուղղված է գիտնական կամ դասախոս դառնալուն։

Երբ ունես բազմամակարդակ ուսանողություն և սովորելու ցածր մոտիվացիա, հատկապես պետք է կարևորես, թե ովքե՞ր պետք է դասավանդեն առաջին կուրսեցիներին։ Շատ կարևոր է, որ առաջին կուրսում ուսանողների հետ աշխատեն այնպիսի մասնագետներ, ովքեր ավելի լավատեղյակ են դպրոցական կրթությանը, աշխատում են դպրոցում, ունեն ուսումնական նյութը պարզ ու մատչելի ներկայացնելու ձիրք, կարողանում են ոգևորել ուսանողներին, կարողանում են աշխատել բազմամակարդակ ուսումնական խմբի հետ։

Մինչդեռ շատ դեպքերում այդպես չէ։ Առաջին կուրսում դասավանդման որակ ապահովելը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված ուսանողի կապվածությունը համալսարանի հետ։  Ցավոք, համալսարանները գերազանցապես դարձել են դաս անելու և քննություն հանձնելու վայր։ Ուսանող-համալսարան կապն ուժեղ չէ, իսկ դա խոչընդոտում է մասնագետ դառնալուն։ Հայաստանի բուհերի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ բակալավրիատի 3-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների զգալի մասն աշխատում են։ Աշխատում են  դասերի հաշվին։ Մեծ մասը կատարում է իր մասնագիտության հետ կապ չունեցող աշխատանք։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե ինչ առարկա է դասավանդում դասախոսը, շատ կարևոր է ուսանողներին սովորեցնել ունիվերսալ հմտություններ՝ մտածողության մոդելներ, որոշումների կայացման հմտություններ, լայնախոհություն, կապակցված և համատեքստային մտածողություն։

Վերջերս ԵՊՀ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, շրջանավարտների մոտ 18%-ն է աշխատում իր մասնագիտությամբ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջիկայում արմատական փոփոխություններ են  լինելու աշխատաշուկայում, կապված բազմաթիվ աշխատանքների ավտոմատացման հետ, ապա ունիվերսալ հմտությունների ուսուցումն առաջնահերթություն է։ Պետք է ոչ թե պարզապես գիտելիք փոխանցել, բացատրել, այլ այդ ամենը կապել մտածողության հմտությունների, իրականության հետ։ Այս իմաստով կարևոր է, որ բուհական կրթության մեջ ընդգրկվեն գործնական հմտություններ ունեցող մարդիկ, ովքեր կկարողանան կապակցել տեսական նյութն իրական կյանքի հետ։ Եթե մարդը 3 հոգանոց կոլեկտիվ չի ղեկավարել, ինչպե՞ս պետք է դասավանդի կառավարում։

Աշխարհում նույնպես կարևորվում է բուհական մանկավարժությունը։ 2014 թվականին առաջին անգամ անցկացվեց բուհական մանկավարժության նորարարության մրցույթ, որում հաղթող ճանաչվեց Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Մազուրը։ Նա դասերի ժամանակ օգտագործում է ուսանողների՝ իրար սովորեցնելու տեխնիկաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս