«Գրին քարտի» խաղարկության սկզբունքները կվերանայվեն
ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի «Գրին քարտի», անկանոն խաղարկության համակարգը հնացել է և պետք է վերանա։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ հայտարարել նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.
«Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:
Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: