«Սա կոնֆլիկտ է՝ հանուն փրկության, այլ ոչ թե՝ զուտ տարածքներ գրավելու». Արա Ղազարյան

«Արդեն ապրիլի 4-ից մեր կազմակերպությունը կատարել է փաստահավաք աշխատանք, այցելել է բոլոր այն տեղահանվածներին, որոնք  այդ օրերին տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր վայրերում»,- այսօր «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացներից» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա կարծում է՝ մեր բողոքները միջազգային ատյաններում պետք է ավելի շատ լինեն, քան կան. «Ցանկացած անձ, որը ստիպված տեղահանվել է վտանգի դեպքում, անպայման պետք է այդ անձի անունից ուղարկվի բողոքը, ոչ միայն ընտանիքի, այլև անձերի, դրա համար գտնում եմ, որ այդ աշխատանքը դեռ շարունակելի է»:

Լ. Ալավերդյանը համոզված է, որ վերջին սահմանային միջադեպը, երբ ադրբեջանական կողմն ունեցավ երեխայի և ծեր կնոջ կորուստ, Ադրբեջանի կողմից թիրախավորված է եղել. «Ադրբեջանը թիրախավորված ստացել է երկու զոհ՝ երեխա և տատիկ, դա ուղղակի արվում է պարիտետային վիճակ ստեղծելու համար: Իմանալով այդ բարբարոսական քաղաքականությունը և մտածելակերպը այսօրվա ղեկավարության՝ ես այստեղ չունեմ կասկած: Ես ցավում եմ ցանկացած զոհի համար, բայց որ այդ երկու հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ կազմակերպված, թիրախավորված և իրականացված էր Ադրբեջանի կողմից, ես համոզված եմ»:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ 2016 թվականի օգոստոս ամսին ապրիլյան դեպքերի հետ կապված առաջին խմբաքանակ գործերը ներկայացրեցին Եվրոպական դատարան, դրանք ապրիլյան դեպքերի զինված բախման զոհերն էին ՝ 21 գործեր, այնուհետև ներկայացվել է Խալաֆյանների ընտանիքի գործը, և մինչև փետրվար ամիսը ներկայացրել են 359 գանգատ տեղահանված բնակչների կողմից:

«Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրեց մոտ 2 տասնյակ գործ, որը մեզ համար անսպասելի էր, բայց ինքներդ հասկանում եք, որ Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գյուխ կտրելն արտառոց երևույթ է, և նա չի կարող թույլ տա, որ այդ տարածքում նման բան տեղի ունենա: Այս պահի դրությամբ մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Միջազգային կառույցները միշտ էլ փորձում են պարիտետ դնել, բայց եթե իրենք այս կոնֆլիկտն ընկալեն մի փոքր այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է՝ հանուն փրկության, այլ ոչ թե՝ զուտ տարածքներ գրավելու, այդ դեպքում, կարծում եմ, նրանք կհասկանան, որ սա արդարացի պայքար է, գոյատևման պայքար է, և այստեղ առանցքային հարցը մարդու իրավունքն է, ոչ թե քաղաքականությունը»,- նշեց Ա. Ղազարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս