
«Մենք դատարան դիմող չենք, մենք փաստագրող ու բարձրաձայնող ենք». Արցախի ՄԻՊ

«2016 թվականի մայիսից ստանձնել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և առաջին իսկ օրը, երբ Ազգային ժողովում ելույթ էի ունենում, գլխավոր հարցը հենց այն էր, թե ինչ ենք մենք անելու ապրիլյան դեպքերի կապակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո իրենց թիմը սկսել է փաստահավաք առաքելությունը: Ռ. Մելիքյանն ասաց, որ իրենց համար նախորդ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը՝ ապրիլյան դեպքերի հետ կապված, դարձավ ճանապարհային քարտեզ:
«Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից:
Միաժամանակ շարունակեցինք մշտադիտարկումն ադրբեջանական աղբյուրների, որը մեզ համար մշտապես տալիս է ապացույցներ նրանց կողմից թույլ տրված վայրագությունների: Դեկտեմբերի 9-ին հրապարակեցինք հերթական զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքին:
Դրանից հետո շատ ակտիվ սկսեցինք տարածման գործընթացը: Մի քանի միջազգային զեկույցներում մեր կողմից հրապարակված զեկույցներին եղան հղումներ: Շատերը դա համարում են աննախադեպ, որովհետև չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղումներ են կատարվում: Այս գործընթացը սկիզբ ունի, բայց ավարտ չունի, մշտապես պետք է աշխատենք: Պետք է հասկանալ մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները, մենք դատարան դիմող չենք, մենք փաստագրող ու բարձրաձայնող ենք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: