«Համարել, որ սա Բակո Սահակյանի՝ նախագահի պաշտոնն անընդմեջ ստանձնելու երրորդ շրջանն է, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում». Գառնիկ Իսագուլյան
«Ես կարծում եմ՝ ի սկզբանե ամեն ինչ ներկայացվում է ոչ այն կերպ, ինչ կերպ իրականում գոյություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով օրերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, որի արդյունքում՝ Բակո Սահակյանը երրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում՝ նաև քաղաքագետներ, որակեցին դա՝ որպես հակաժողովրդավարական:
Գ. Իսագուլյանի դիտարկմամբ՝ խոսքն ամենևին չի կարող լինել երրորդ ժամկետի մասին, որովհետև, նրա խոսքով՝ այն գործընթացները, որ ընթանում էին Արցախի հանրապետությունում մինչև 2016 թվականի քառօրյա պատերազմը, և այն, ինչ տեղի ունեցավ քառօրյա պատերազմից հետո, ստիպեցին Արցախի Հանրապետության քաղաքական ուժերին, հասարակությանը, իշխանություններին՝ կայացնել որոշումներ, որոնք անչափ կարևոր էին Արցախի Հանրապետության պետական գոյության, անվտանգության, ինչո՞ւ չէ՝ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից:
«Դուք գիտեք, որ Արցախում նույնպես ընթանում էր Սահմանադրական փոփոխությունների գործընթաց, և, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Արցախի Հանրապետությունում քաղաքական ուժերը հակված էին, որպեսզի լինի խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն քառօրյա պատերազմից հետո քաղաքական ուժերը բավականին լուրջ և երկար խորհրդակցությունից հետո հանգեցին այն եզրակացության, որ Արցախի Հանրապետության համար լավագույնն առայժմ ուժեղ նախագահական կառավարման համակարգն է, ու անցան Սահմանադրական փոփոխությունների մշակմանը, և ընդունվեց Սահմանադրության մի տարբերակ, որը որևէ առումով ժողովրդավարական սկզբունքներից չի հեռանում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Գ. Իսագուլյանի դիտարկմամբ՝ երբ արդեն ընդունվեց նոր Սահմանադրությունը, պետք էր անցումային շրջան, որպեսզի գործող օրենքները համապատասխանեցվեին Սահմանադրությանը.
«Քաղաքական ուժերը բավական երկար քննարկումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ լավագույն տարբերակն այն է, որպեսզի անցումային շրջանը լինի 3 տարի և մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները, ու այդ ժամանակահատվածի համար խորհրդարանին լիազորություններ տալ, որ ինքն այդ 3 տարիների համար ընտրի նախագահ:
Այդ կոնտեքստում, նորից լուրջ քննարկումների արդյունքում՝ քաղաքական հիմնական ուժերը հանգեցին նրան, որ այս անցումային շրջանի համար լավագույն տարբերակը կլինի, որ գործող նախագահը ևս 3 տարի կառավարի՝ մինչև կմշակվեն համապատասխան օրենքները՝ արդեն նոր Սահմանադրությանը համապատասխանող, և 2020 թվականին տեղի կունենան նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները: Այսինքն՝ համարել, որ սա Բակո Սահակյանի՝ նախագահի պաշտոնն անընդմեջ ստանձնելու երրորդ շրջանն է, իմ կարծիքով՝ իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, ուղղակի անցումային շրջանի համար նպատակահարմար համարվեց, որ առայժմ կառավարի Բակո Սահակյանը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք պետականություն են կերտում, և դա իր ճանապարհին կարող է հանդիպել տարբեր իրավիճակների, որոնք պահանջում են էքստրեմալ լուծումներ, և սա այդ լուծումներից մեկն է: