«Ես երբեք չեմ մտածել պաշտոն ու պաշտոնական դիրք ունենալու մասին»
Գյումրեցի նկարիչ Վարդեւար Շամամյանի արվեստի գործերով հետաքրքրված են ոչ միայն Հայաստանի, այլեւ օտարերկրյա քաղաքացիները: Նրա բնակարանում այսօր արվեստի գործերը քիչ են, դրանց մեծ մասը վաճառվել է, քանի որ պահանջարկն է մեծ: Արվեստագետի` մանրանկարների հանդեպ հետաքրքրվածություն եղել է ի սկզբանե: Այս մասին գրում է asparez.am-ը։
«Չէի պատկերացնում, որ տանը չեմ ունենալու վաճառելու նկարներ: Գործերիս առաջին վաճառքը եղել է այն ժամանակ, երբ ուզում էի անհատական ցուցահանդես կազմակերպել: Ունեի մոտ 80 աշխատանք, որից 50-ը մանրանկար էր, մյուսները` գեղանկարներ: Սակայն բոլորը վաճառվեցին, 30-40 աշխատանք սուրբ Ղազար կղզու թարգմանիչներից մեկը եկավ, տարավ: Գնորդներն հիմնականում նրանք են, ովքեր ունեն բարձրաստիճան հյուրեր եւ ցանկանում են ազգային մշակույթ ներկայացնել»,-ասում է նկարիչը:
Վարդեւար Շամամյանի հայրը` Մկրտիչ Շամամյանը եղել է մոնումենտալ քանդակագործ, մոր ազգականները եւս արվեստագետներ են` նկարիչ-կոմպոզիտորներ: Գյումրեցի արվեստագետ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Համբարձում Ղուկասյանը մոր մորեղբոր որդին է:
Նկարչի ստեղծագործական կյանքը սկսվել է մանկուց: Հիշում է, որ հաճախ է ժամանակ անցկացրել հոր արվեստանոցում, ականատես է եղել հոր քանդակների կերտման աշխատանքներին: «Հայրս վաղ է մահացել: Լինելով հայրենադարձ` շատ էր սիրում հայրենիքը, նա եղել է Միջին Ասիայի քանդակագործների միության նախագահը: Նա ինձ համար շատ լավ ուսուցիչ է եղել: Քանդակագործ Արա Սարգսյանի հետ միշտ կապ էր հաստատում: Իմ վառ տպավորություններից են եղել հորս քանդակների էսքիզները»,-վերհիշում է Վ.Շամամյանը:
Արվեստագետը նախ սովորել է Լենինականի նկարչական դպրոցում, ապա մասնագիտական կրթությունը շարունակել Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Ասում է` 1988-ին Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան ընդունվելը հեշտ չի եղել, մեկ թափուր տեղի մրցույթին դիմել է 10 հոգի: «Եթե նկարիչ Գրիգոր Խանջյանը չասեր, որ չարժե գնալ Թերլեմեզյան, կյանքիս ուղին այլ կլիներ»,-վերհիշելով անցյալը` շարունակում է արվեստագետը, ում առաջին մրցանակը արվեստի բնագավառում եղել է ուսանողական տարիներին, երբ ջրաներկով ստեղծել է Կոշի ճանապարհին գտնվող մի հին խաչքարի եւ շան հետ` դուդուկահարի պատկեր:
Նկարիչը խոստովանում է` ուսանողական տարիներին ղարաբաղյան շարժումը, մութ ու ցուրտ տարիները ներշնչել են հայրենասիրություն: «1990-ականներին մի պահ հիասթափություն ապրեցի. հասկացա, որ նկարչությունով չենք կարող առաջ գնալ, ընտանիք պահել, չէի ուզում շարունակել, բայց կյանքը, ժամանակը փոխեց ամեն ինչ»,-ասում է:
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո արվեստագետը մեկնել է ծառայության: Ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո հայրենի քաղաքում շարունակել է ստեղծագործել: Գյումրու թիվ 25 դպրոցում ինքնուրույն ստեղծել է ստուդիա, որը տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Ստուդիայի սաներին արվեստագետը սովորեցրել է նկարչություն: Ապա այս աշխատանքը որոշ ժամանակ անց շարունակել Շիրակի սոցիալ-կրթական կենտրոնում: Այսօր Վարդեւարը նկարչություն է դասավանդում «Ընտանիք» կենտրոնում:
«Մանկավարժից շատ բան է կախված, կարեւոր է, թե ինչպես է նա մատուցում առարկան: Ամեն անգամ ես ուրախանում եմ, երբ աշակերտներս ազգային մշակութային ակցիա են կազմակերպում: Ինձ համար կարեւոր է հայրենիքի հանդեպ սերը, մանավանդ` Գյումրու»,-ասում է Վարդեւարը, ում սաների թիվը միշտ էլ անհամեմատ ավելին է:
Վարդեւար Շաշմամյանին Գյումրիում ճանաչում են ոչ միայն որպես գեղանկարիչ, այլեւ մանրանկարչության վարպետ: Արվեստագետն հիշում է, որ երբ ուսանողական տարիներին իրեն առաջարկել են մանրանկարչություն դասավանդել Քանաքեռի դպրոցում, այնքան էլ ծանոթ չի եղել մանրանկարչության գաղտնիքներին: Վարդեւար Շամամյան
«Ուսուցիչներիցս են եղել նաեւ Էդուարդ Արծրունյանը: Նա մեզ դիմում էր ու ասում, որ կամ պետք է ընտրենք մատերիալիստական կամ իդեալիստական գաղափարախոսությունը: Ընտրեցի իդեալիստականը` դեպի հավատ, սրբապատկերներ, աստվածային ճշմարտություն: Տարիների ընթացքում ուսումնասիրեցի մանրանկարչությունը: Մանրանկարչությունը բարդ է ու անհասկանալի, այն ընկալել ու հասկանալ է պետք, ես հսկայական գրականություն ընթերցեցի, կապ հաստատեցի մատենադարանի գիտաշխատողների, մանրանկարիչների հետ»,-շարունակում է մանրանկարիչը:
«Այստեղ անընդհատ ինչ-որ մի ծրագիր, գործ պահում է ինձ, իմ ընտանիքին, անկախ այն հանգամանքից, թե այդ գործը եկամտաբեր է, թե ոչ: Ես երբեք չեմ մտածել պաշտոն, պաշտոնական դիրք ունենալու մասին, դրանք առավելություններ չեմ համարում, երբ զգացել եմ, որ տեղս չէ, հեռացել եմ»,-ասում է նա:
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։