Շվեդիան ցանկություն է հայտնել հանդիպել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացու հետ
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ստամբուլում կազմակերպված սեմինարի ժամանակ մի խումբ իրավապաշտպանների ձերբակալման, այնուհետև նաև կալանավորման առնչությամբ: Կալանավորված իրավապաշտպաններից մեկն էլ Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին է: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Ստամբուլում մեր գլխավոր հյուպատոսարանը, Անկարայում մեր դեսպանությունն ու Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այս խնդրով»,- հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Ջեսիկա Գարփվալը: Նա հայտնել է, որ իրենք ցանկություն են հայտնել հանդիպել կալանավորված շվեդ իրավապաշտպանի հետ:
Շվեդ փաստաբաններին չի թույլատրվել մասնակցել իրավապաշտպանների գործով դատական նիստին:
Ուշագրավ է, որ Ալի Գարավիի կինը՝ Լարեսա Դիքեյը հայտարարել է, որ իր ամուսնուն և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան: