Բաժիններ՝

«20-23 տարեկանների շրջանում ամուսնալուծությունների 1.8 %-ը լինում է աղջկա կույս չլինելու պատճառով». իրավաբան

Իրավաբան, իրավախորհրդատու, գրող, հրապարակախոս Հայկազ Մակարյանի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում 2014 -2017 թվականներին գրանցվել է ամուսնալուծությունների կտրուկ աճ:

Հայկազ Մակարյանը թվարկեց ամուսնալուծությունների հիմնական պատճառները: Պարզվում է՝ ամուսնալուծությունների 28.2 % դեպքերում ամուսնու դավաճանության գործոնն է, 19.5 %-ը՝ բնավորությունների անհամատեղելիություն գործոնը, 15.1 %-ը՝ կնոջ հանդեպ բռնությունը:

«ՀՀ-ում մոտավորապես 2015-2016 թվականի տվյալներով՝ 2000-ից ավելի կին ենթարկվել է բռնության, և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, այլ  հոգեբանական ճնշումների, անձի տեղաշարժի արգելման իրավունքի: Բայց շատ դեպքերում ելնելով մեր մենթալիտետից, մեր նիստուկացից, զոհ գնալով որոշ երևույթների՝ կանայք ձայն չեն հանում: Այնինչ, խոշտանգումը ՄԱԿ-ի կոնվենցիայով արգելված է, դա հանցագործություն է»,- ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում հիմա մենք ունենք նաև աղջիկ երեխայի ծնելիության խնդիրը, քանի որ, ըստ նրա՝ այժմ տղամարդիկ նույնիսկ վիճաբանում են նրա համար, որ աղջիկ չեն ուզում ունենալ:

Հայկազ Մակարյանի տվյալներով՝ ամուսնալուծությունների թվով հատկապես աչքի է ընկնում Շիրակի մարզը, ինչը պայմանավորված է առաջին հերթին՝ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակով, ինչպես նաև՝ տղամարդկանց արտագնա աշխատանքով: Ամուսնալուծության առումով խոցելի են համարվում նաև Տավուշն ու Լոռին:

Հայկազ Մակարյանի փոխանցմամբ՝ 20-23 տարեկանների շրջանում ամուսնալուծությունների 1.8 %-ը լինում է աղջկա կույս չլինելու պատճառով: Նա նաև նշեց, որ 2015-2016 թվականի տվյալներով՝ ԱՊՀ երկրների մեջ ամուսնալուծությունների թվով մենք զբաղեցնում ենք երրորդ տեղը:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով՝ հոգեբանության տեսանկյունից՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառը թիմային հոգեբանության բացակայությունն է: Բանախոսի պնդմամբ՝ ներկայումս ընտանիքներում դերերի սխալ բաշխում կա, ոըը գալիս է և՛ սոցիալական պայմաններից, և՛ նրանից, որ կանայք իրենց վրա են վերցնում ընտանիքում ուժեղ լինելու դերը:

«Հոգեբանության տեսանկյունից՝ ազատություն՝ չի նշանակում՝ ով ինչ ուզի, ասի: Երբ ընտանիքում դերերը բաշխված են, ու կինն ուզում է որոշում կայացնել զուտ թիմի տեսանկյունից, ապա դերերը սկսում են խախտվել, և առաջ են գալիս ներքին կոնֆլիկտներ, անհամաձայնություններ, անհանդուրժողականություն: Այստեղ արդեն սկսում են բախվել Ես-ի շահերն ընտանեկան թիմային գաղափարի հետ»,- ասաց հոգեբանը:

Ամուսնալուծությունների թիվը մեծացել է նաև սոցիալական ցանցերի պատճառով:  «Վիրտուալ դավաճանության վտանգը նրանում է, որ շատ դեպքերում տղամարդիկ աղջկան շանտաժի միջոցով՝ փորձում են սեռական օգուտ քաղել: Ու վիրտուալ դավաճանության «աքիլեսյան գարշապարը» հենց դրա մեջ է: Վիրտուալ շփումը հեշտացնում է մարդու գործը, քանի որ դու չգիտես, թե ո՞վ է դիմացինդ, ի՞նչ խառնվածքի տեր մարդ է»,- ասաց Հայկազ Մակարյանը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս