Գործընթացները մոտենում են անդառնալիության կետին. Ալիևի սկսած պատերազմը չի ավարտվել. Արա Այվազյան
Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը նշել է, որ խաղաղության մասին Երևանի, Անկարայի, Թուրքիայի պատկերացումները տարբեր են, և, որ չնայած ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը, պատերազմը չի ավարտվել:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած Ալիևի ճանապարհը չի ավարտվել ո՛չ նոյեմբերի 9-ին, ո՛չ էլ 2023 թվականի սեպտեմբերին, քանի որ Արցախը նվաճելը և հայերին այնտեղից վտարելը լիարժեք և վերջնական նպատակ չէ»,- ընդգծել է նա՝ միաժամանակ նշելով, որ Ալիևը շատ լավ հասկանում է՝ այսօրվա տարածքային ձեռքբերումները վաղը կարող է կորցնել, ինչից էլ բխում են նրա թաքնված վախերը հայկական ռևանշիզմի մասին:
Արա Այվազյանի խոսքով, Ադրբեջանը ձգտում է ՀՀ-ի հետ հարաբերությունների այնպիսի արմատական վերափոխման, որը մշտապես կամրապնդի ներկայիս վիճակը:
«Ձևավորվող նոր ստատուս-քվոյի պայմաններում տնտեսական էքսպանսիան կփոխլրացնի ռազմական ծավալապաշտությունը՝ տնտեսական վերահսկողության միջոցով: Այս քաղաքականության վերջնական նպատակն է՝ ՀՀ տնտեսական կյանքն ամբողջական կախվածության մեջ դնել Ադրբեջանից և Թուրքիայից՝ փոխարինելով ՌԴ ներկայիս առաջատար դիրքերը տեղական տնտեսության առանցքային ոլորտներում»,- մանրամասնել է արտաքին գործերի նախկին նախարարը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը կարևորում է տնտեսական և գաղափարական ծավալապաշտությունը՝ նշելով, որ իրենց «պատմական հողեր» վերադառնալու համար կօգտագործեն մեքենաները և ոչ թե՝ տանկերը:
Այս համատեքստում Արա Այվազյանը նշել է, որ ժամանակին աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումներին համահունչ՝ Հայաստանը որդեգրել էր նախ՝ բալանսավորված, ապա՝ կոմպլեմենտար քաղաքականություն, իսկ այսօր Հայաստանը զրկված է թիրախավորված արտաքին քաղաքականություն վարելու կարևոր գործիքներից:
«Շարունակաբար վատթարացող իրավիճակում Հայաստանը համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն և ձգտում է շտկել տարածաշրջանային ուժային անհամաչափությունը միակողմանի զիջումների քաղաքականության միջոցով»,- շեշտել է նախկին պաշտոնյան:
Մանրամասները՝ տեսանյութում