Պայքարի օջախը Տավուշն է, բայց պայքարի իրական թատերաբեմը Երևանն է. Դավիթ Անանյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել էր, որ տավուշյան շարժումը, իհարկե, թափ է հավաքում, սակայն պետք է «քաղաքական թայմ-մենեջմենթ իրականացվի»:
«Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3֊4 օր։
Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։
Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։
Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։
Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն»,- շարունակել էր նա:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը համաձայն է այս դիտարկման հետ:
«Հայաստանի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» թեմայով «Դիվանագետների համահայկական խորհրդի» կլոր-սեղան քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում Անանյանը նշել է.
«Պայքարի օջախը կամ մեկնարկը Տավուշն է, բայց պայքարի իրական թատերաբեմը Երևանն է: Եվ, այո, այդ ձևակերպումը ճիշտ ձևակերպում է, որը ենթադրում է քաղաքական համախմբում բոլոր քաղաքական ուժերի: Այդպիսի համախմբում պետք է լինի քաղաքական գործընթացներին մասնակից լինելու պատրաստակամություն ունեցող անձանց մոտ, պետք է լինի քաղաքական առաջնորդություն»:
Մանրամասները՝ տեսանյութում