Անկախություն՝ պլյուս էլեկտրաէներգիա
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները, որ իր երկրի ընկերությունները պատրաստ են մեր էներգետիկայի ոլորտում ներդնել 6-8 մլրդ դոլար, ավելի շատ քաղաքական վերլուծությունների արժանացան, քան՝ տնտեսական: Նաև այն պատճառով, որ այս հայտարարություններից հետո ՀՀ անսպասելի այցելեց ռուսական «Գազպրոմի» ղեկավարը: Հայկական էներգետիկ համակարգի ապագայի մասին խոսելիս մեր երկրի ղեկավարությունը պարբերաբար խոսում էր նոր ատոմակայան կառուցելու մասին: Խոսում է տարիներ շարունակ: Բայց կոնկրետ քայլեր չեն արվում:
Հավանաբար այն պատճառով, որ հնարավոր չէ ապսպրել նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 5 մլրդ դոլարը: Հիմա էլ, ԱՄՆ դեսպանի ելույթից հետո, որոշ փորձագետներ շտապեցին հայտարարել, որ այդ 6-8 մլրդ դոլարը չափազանց մեծ գումար է մեր էներգետիկ համակարգի համար, և այն կարելի կլինի «իրացնել» միայն նոր ԱԷԿ կառուցելու համար:
Մինչդեռ համաշխարհային էներգետիկայի ոլորտում զարգացման միանգամայն այլ տենդենցներ են: Զարգացած երկրները հրաժարվել են նոր ատոմակայան կառուցելու ծրագրերից: Ավելին՝ շատ զարգացած երկրներ դադարեցրել են ատոմակայանների շահագործումը: Աշխարհն այլընտրանքային էներգիա փնտրելու գործընթացում կարծես վերջնականապես կողմնորոշվել է դեպի վերականգնվող էներգիա: 2016թ. շվեյցարական ընկերությունը Հնդկաստանում շահագործման հանձնեց Կամատիի արեգակնային էլեկտրակայանը: 648 մՎտ հզորությամբ այս կայանն առայժմ ամենամեծն է աշխարհում: Շինարարությունը տևեց մեկ ու կես տարի:
Այս կայանի շահագործման հանձնվելուց հետո պարզվեց, որ արեգակնային էներգիայի վաճառքի գինը 2015-16թթ. ընթացքում կրճատվել է 50 տոկոսով: Ավելին, միջազգային մասնագիտական կառույցների վերլուծությամբ այս տարվա սկզբից արեգակնային կայաններում արտադրվող էներգիան ամենաէժանն է, և այն ավելի էժան է, քան հողմակայաններում արտադրվածը: Արեգակնային կայաններում արտադրված էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի գինը մոտ 5 ԱՄՆ ցենտ է:
Պատճառը նաև այն է, որ արեգակնային կայանների ոլորտում տեխնոլոգիական հսկայական առաջընթաց է արձանագրվել: Սա նույնիսկ Ռուսաստանում էին հասկացել և դեռևս 2012թ. որոշել էին կառուցել իրենց երկրի ամենամեծ կայանը: 300 մլն դոլարանոց այդ կայանը դեռևս կառուցված չէ: Մինչդեռ մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրությունում, այս տարի հայտարարվեց նոր արեգակնային կայանի կառուցման մասին:
Դուբայի էմիրը սկսեց իր անունը կրող կայանի շինարարությունը: Այն լինելու է աշխարհի ամենամեծ կայանը: Բնականաբար: Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մահտում կայանը չորս բաղադրիչ է ունենալու: 2018թ. շահագործման կհանձնվի 200 մՎտ-անոց առաջին բաղադրիչը: 2019-ին՝ երկրորդը՝ 300 մՎտ հզորությամբ: 2020-ին՝ նույն հզորության երրորդ բաղադրիչը:
Շինարարությունը կավարտվի 2021-ին, երբ շահագործման կհանձնվի 200 մՎտ հզորությամբ վերջին հանգույցը: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշով մեր ատոմակայանից ավելի քան երեք անգամ հզոր այս կայանի շինարարությունը կարժենա 13,6 մլրդ դոլար: Անհավանական կարելի է գնահատել այն, որ արեգակնային էներգիան կլանող սարքավորումների արտադրած էներգիան վաճառվելու է առասպելական ցածր գնով:
Վերջնական պայմանագիր դեռ չի կնքվել, բայց նախնական հայտարարության համաձայն՝ մեկ կՎտ-ն վաճառվելու է 2,99 ԱՄՆ ցենտով: Սա էներգետիկայի ոլորտում ամենացածր գինն է: Աշխարհին նավթ վաճառող երկիրը որոշել է, որ իր էներգետիկ ապագան այլընտրանքային ու վերականգնվող էներգիան է: Իսկ մենք դեռ չենք կողմնորոշվել: «Միմինո» ֆիլմից հայտնի է, որ մենք մեր հայրենիքի ամենախոնավ ու ամենազով հատվածը՝ Դիլիջանը, հայտարարում ենք «արևային»: Իրականում բոլորս էլ գիտենք մեր հայրենիքի իրական արևային հատվածները:
Ավելին, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արդեն կազմել է Հայաստանի արևային Էներգետիկայի ներուժի քարտեզը: Մեր երկրում մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքը կազմում է 1 720 կՎտԺ: Ավելին, Հայաստանի տարածքի մեկ քառորդ հատվածում այդ ցուցանիշը միջինից շատ ավելի բարձր է՝ 1850 կՎտԺ:
Այսինքն՝ արգակնային էներգետիկայի զարգացման բնական բոլոր հիմքերն ապահովված են: Երկրի էներգետիկ ոլորտի զարգացման համար պարզապես հարկավոր է մասնագիտական առումով պատշաճ քննարկումներ կազմակերպել ու որոշումներ ընդունել: Բայց չգիտես ինչու՝ էներգետիկ ոլորտում էլ մենք գերադասում ենք հարցերը քննարկել զուտ քաղաքական (ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական) տեսանկյունից: Տխուր է, բայց մեզ փորձում են համոզել, որ սեփական երկրի էներգահամակարգի զարգացումը համարյա աշխարհաքաղաքական կամ տիեզերամասշտաբ խնդիր է: