Հասարակական կազմակերպությունների հակահասարակական վարքագիծը մամուլում և նրա սահմաններից դուրս
«168 Ժամ» թերթը (թերթի հունիսի 17-ի համարում) և 168.am կայքն օրեր առաջ «Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Հրապարակման մեջ ներկայացված բոլոր տվյալները բերված էին Հայաստանում ԵՄ պատվիրակության, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի և դիտորդական առաքելություն իրականացրած անձանց հետ պաշտոնական նամակագրության և կամ հեռախոսային ու դեմ առ դեմ հարցազրույցների հիման վրա: «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի և փաստաբան, խորհրդատու Տիգրան Եգորյանի հետ կապ հաստատել չէր հաջողվել, կազմակերպության այլ աշխատակիցները հրաժարվել էին հիշատակված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տալ:
Այն դեպքում, երբ դիտորդական առաքելության ընթացքում ֆինանսական և հաշվետվողական բոլոր գործընթացների համար պատասխանատվություն է կրել հենց «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն: Հայաստանում բազմաթիվ հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ (հ/կ) կան, որոնց առաքելությունն է՝ երկրում ժողովրդավարության կայացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը:
Այդ կազմակերպությունները հիմնականում գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, որոնք ուղղվում են զարգացող երկրներում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Ընդ որում, բավական խոշոր դրամաշնորհներ են՝ պատկառելի գումարներ, և մամուլը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է այդ կազմակերպությունների գործունեությանը՝ հասարակությանը տեղյակ պահելով, թե ինչ նպատակի են դրանք ծառայել, ինչ արդյունքներ են արձանագրվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ.-ին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀ/Կ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ (ԺԱԱ) և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։
Ինչպես նշել էինք մեր հրապարակման մեջ՝ 2016թ.-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։ Համաձայն Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ 2016թ.-ի կեսերին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին (դիմորդ) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (համադիմորդ) հակակոռուպցիան կենտրոնին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ, որի նպատակն է եղել՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներքո տեղական դիտորդական առաքելությանն օժանդակելը:
Դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ.-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համար, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաև 2017թ.-ի Երևանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել:
Հաշվի առնելով, որ հ/կ-ների մասին ՀՀ օրենքով Հասարակական միավորումների ու կազմակերպությունների գործունեությունը չի կարող իր մեջ պարունակել կոնֆիդենցիալություն և կոմերցիոն գաղտնիություն, ապա «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպություններից, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակից ակնկալել էինք որոշ հարցերի առնչությամբ հրապարակային պարզաբանում։ Հրապարակումը պատրաստվել էր հայաստանյան մի շարք լրատվական կայքերի և թերթերի հետ համագործակցող լրագրող Դանիել Շահումյանի և «168 Ժամի» որոշ թղթակիցների կողմից։ Հրապարակումը համահեղինակային հոդված էր, այդ իսկ պատճառով այն մենք ներկայացրել ենք մեկ ծածկանունով։
Հարցազրույցի ժամանակ Դանիել Շահումյանն ի պաշտոնե ներկայացել է՝ որպես Panorama.am լրատվական կայքի լրագրող, քանի որ ենթադրում էր, որ հոդվածը կհրապարակվի հենց այդ կայքում։ Նույն հաջողությամբ նա կարող էր ներկայանալ նաև «168 Ժամ» թերթից, քանի որ նախապես համաձայնություն է տրվել նյութի պատրաստման կապակցությամբ։ Եվ, ընդհանրապես, խմբագրությունը հրապարակում է արժանահավատ համարվող ցանկացած նյութ՝ ցանկացած մեկի հեղինակությամբ։ Տվյալ դեպքում, խմբագրությունը համահեղինակ է լրագրողական հետաքննության։
Ինչևէ, հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում այդ կազմակերպությունների և դրանցում ընդգրկված առանձին ներկայացուցիչների կողմից գրոհ սկսվեց հրապարակման ոչ այնքան՝ բովանդակության, որքան՝ հոդվածը ստորագրող հեղինակի անուն-ազգանվան դեմ, այն դեպքում, երբ պետք էր հրապարակայնորեն պարզաբանել ներկայացված հարցերը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ օրեր շարունակ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնցից ոմանք նաև փաստաբանական գործունեություն են ծավալում, «բացատրություն» էին պահանջում «168 Ժամից» այն մասին, թե ո՞վ է հոդվածագիրը, ինչո՞ւ է հոդվածում նշված անձանց զանգահարել panorama.am կայքի անունից ներկայացող լրագրողը, իսկ հոդվածը հրապարակվել է «168 Ժամ» թերթում և 168.am կայքում։
Ընդ որում, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «168 Ժամին» ծավալուն «պարզաբանում-պատասխան» է ուղարկել, որում զգալի էջեր ևս նվիրված են հոդվածագրին (ներին)։
Փաստաբանը, հղում կատարելով ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածին, զլացել է ընթերցել նաև նույն հոդվածի 6-րդ մասը, որում ասվում է. «6. Պատասխանի հրապարակման պահանջը բավարարվում է սույն հոդվածով հերքման համար սահմանված կանոններով:
Պատասխանը չպետք է հակասի սույն օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»:
Ուզում ենք հիշեցնել նաև օրենքի 5-րդ հոդվածը. «1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:
ՀՀ ԶԼՄ մասին օրենքով արգելված չէ նաև հոդվածագրի (հոդվածագիրների)՝ ծածկանունով հանդես գալը, իսկ այն՝ ինչ արգելված չէ՝ թույլատրվում է, և հետևաբար՝ եթե անձը չի բացահայտվում, ապա պատասխանատուն խմբագիրն է։
Մենք, իհարկե, նույն՝ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարող ենք նաև չհրապարակել «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի «պատասխան-նամակը», բայց, այնուամենայնիվ, հրապարակում ենք, իսկ դրանում ներկայացված «պարզաբանումներին» կանդրադառնանք առաջիկայում՝ բացահայտելու և հասկանալու համար՝ ինչպե՞ս է ծախսվել այդ հսկայական դրամաշնորհը, և ինչպիսի՞ արդյունավետություն է այն ունեցել։
«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր
Սաթիկ Սեյրանյան