Բաժիններ՝

Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները

Հայաստանում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (հ/կ), որոնց առաքելությունն է՝ երկրում ժողովրդավարության կայացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը: Նման հ/կ-ների դերը յուրաքանչյուր երկրում շատ մեծ է, որովհետև նրանց ուսերին է ընկնում քաղաքացիական հասարակության ֆունկցիոնալ ծանրության զգալի մասը:

Ինչպես հասարակական սեկտորի բազմաթիվ այլ կազմակերպությունները, մեզանում իրավապաշտպան հ/կ-ները ևս գործում են հիմնականում արևմտյան դրամաշնորհների հաշվին, որոնք ուղղվում են զարգացող երկրներում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Դրանք բավականին պատկառելի գումարներ են, ու միշտ չէ, որ հասարակությունը տեղյակ է լինում, թե ինչ նպատակի են դրանք ծառայել, ու, ամենակարևորը՝ ինչ արդյունքի են հանգեցրել: Նույնը վերաբերում է օտարերկրյա, հատկապես՝ եվրոպացի հարկատուներին, որոնց միջոցներից են գոյանում զարգացող երկրներին տրամադրվող դրամաշնորհները, բայց նրանք ևս պատկերացում չունեն, թե ուր են գնում այդ գումարները, ինչ նպատակի են ծառայում և ինչ արդյունավետությամբ:

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ հայտնվեցին տեղական հ/կ-ների կողմից դրամաշնորհային խոշոր գումարների յուրացման մասին, որոնք ավելի խորացրին հանրության մեջ առաջացած այն կարծրատիպը, թե հ/կ-ների գործունեության հիմքում ընկած է «գրանտակերությունը» կամ անասելի մեծ շահութաբերությամբ ստվերային ու քողարկված նոր բիզնես իրականացնելը:

«Քաղաքացի դիտորդը» և Եվրոպական միության դրամաշնորհը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ.-ին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀ/Կ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ (ԺԱԱ) և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը։

2016թ.-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։

Համաձայն Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ 2016թ.-ի կեսերին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին (դիմորդ) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (համադիմորդ) հակակոռուպցիան կենտրոնին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ, որի նպատակն է եղել՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներքո տեղական դիտորդական առաքելությանն օժանդակելը:

Ընդ որում՝ դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ.-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համար, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաև 2017թ.-ի Երևանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել: Այս ամբողջ գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե ի հայտ չգային որոշ հանգամանքներ:

Մայիսի 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հ/կ-ն, Երևան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը հատկապես ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երևանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրություններն՝ չտալով իրենց համաձայնությունը, որպեսզի «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մյուս հեղինակավոր անդամ-կազմակերպությունները անմասն մնացել ԵՄ-ի կողմից հատկացված բավականին խոշոր դրամաշնորհի տնօրինման գործընթացից, ինչպե՞ս է ստացվել, որ դեռևս 2011թ.-ին ստեղծված «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն, լինելով համեմատաբար նորաստեղծ և ոչ պատկառելի գործունեության փորձով կազմակերպություն, միանալով «Քաղաքացի դիտորդ» իրավապաշտպան կոնգլոմերատին, դարձել ԵՄ-ի հետ ֆինանսական համագործակցության կապող միակ օղակը: Ինչո՞ւ, օրինակ, «ԹԻՀ/Կ»-ն (համադիմորդ) դրամաշնորհից միջոցներ խնայելու և ավագանու ընտրություններին օգտագործելու թույլտվության համար չի դիմել ԵՄ գրասենյակին, այլ դա արել է հենց «ԻԵՄ»-ը: Արդյո՞ք դա ծրագրային թերի դրույթների հետևանք է եղել, թե՞ պայմանավորված է բացառապես ԵՄ երևանյան գրասենյակի վերջին շրջանի աղմկահարույց իրադարձություններով:

Այս հարցերին դժվար է պատասխանելը, սակայն գործընկերների տարածած հայտարարությանն ի պատասխան՝ «ԻԵՄ»-ի հրապարակային պարզաբանումից ակնհայտ է դառնում, որ տարաձայնություններում ֆինանսական բաղադրիչը, թերևս, ակնհայտ է. «Չնայած 2017թ. Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն էին սկզբնապես հայտնել «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնել հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ները, այդ գործունեությունը, ի վերջո, իրականացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ համեստ ռեսուրսներով»,- ասվում է մայիսի 22-ին տարածված հայտարարության մեջ:

Մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ:

«Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀ/Կ և ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որևէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որևէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,- նշեց պարոն Բարսեղյանը:

Մինչդեռ ԹԻՀ/Կ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մեր հարցմանն ի պատասխան՝ նշեց, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության երեք անդամ կազմակերպությունների կողմից ԱԺ ընտրությունների դիտարկման համար ներգրավված բոլոր դիտորդներն աշխատել են նույն սկզբունքով.

«Բոլոր դիտորդների համակարգումն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող կենտրոնի կողմից: «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի դիտորդներն առանձին չեն գործել կամ կամավորության հիմունքներով: Երեք կազմակերպությունների բոլոր դիտորդները վճարվել են, բայց եղել են դիտորդներ, որ հրաժարվել են իրենց գումարից»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479, այլ 370 000 եվրո:

«Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի և այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, և պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Փաստորեն, միևնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀ/Կ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետևաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական և այլ գործողությունների վրա»: Հարկ է ավելացնել, որ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի՝ ունեցել է նաև այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:

Թեև այս և այլ հարցերի կապակցությամբ մեզ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի ղեկավարությունից (բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անարդյունք), սակայն դատելով ԻԵՄ-ի տարածած պաշտոնական հայտարարությունից՝ ստացված դրամաշնորհի մեծ մասը պաշտոնապես ծախսվել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, քանի որ Երևանի ավագանու ընտրությունների դիտարկումն այս կազմակերպությունն իրականացրել է «համեստ ռեսուրսներով» և միայնակ:

Դիտորդների իրական թիվն ու նրանց վճարելու պատմությունը

ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած՝ ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդներն անբարեխիղճ են գտնվել՝ խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշերը:

«Մենք ունեցել ենք 3100-ից ավելի դիտորդ, որոնք ծածկել են 1500-ից ավելի տեղամաս: Եղել են անբարեխիղճ դիտորդներ, մենք ներքին քննություն ենք իրականացնում, քննարկում ենք նաև նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը, հնարավոր է՝ նրանց անունները հրապարակենք: Լյուստրացիայի հարցը քննարկում ենք «Քաղաքացի դիտորդ» անդամ կազմակերպություններով, այդ հարցի վերաբերյալ դեռևս որոշում չենք կայացրել»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է Լուսինե Հակոբյանը:

Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները:

Ըստ տեղեկությունների՝ դիտորդներին խոստացել են վճարել մինչև մայիսի 5-ը, ապա՝ 15-ը, մինչդեռ առ այսօր մարդիկ գնում են բանկ, իսկ այնտեղ ասում են, որ «Իրավունքի Եվրոպայի» ուղարկած ցուցակներում իրենց անունները չկան:

«Մենք պարտավոր էինք նաև SMS-ներ ուղարկել: Մեզ ասացին, որ բոլորին մինչև մայիսի 5-ը վճարելու են: Հետո եղավ ինֆորմացիա, որ եղել են դիտորդներ, ովքեր շուտ են գնացել տեղամասերից կամ SMS չեն ուղարկել, և նման մարդիկ մասամբ են վճարվելու կամ ընդհանրապես չեն վճարվելու: Էս ինֆորմացիայից հետո եղան համակարգողներ, ովքեր բողոքեցին ու պահանջեցին վճարել, ինչպես եղել էր պայմանավորվածությունը, հակառակ դեպքում՝ կգրեն միջազգային կազմակերպություններին կատարվածի մասին, ու կազմակերպիչները պարտավորվեցին մինչև մայիսի 15-ը բոլորին վճարել»,- այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Էմմա Կարապետյանը, ով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից ներկայացված է եղել՝ իբրև դիտորդ:

«Դիտորդների մեջ ահագին լրագրողներ կային, ովքեր զանգեցին ու սպառնացին բողոքել: Նրանց գումարները շուտ վճարեցին: Զանգողներից մեկն էլ ես էի՝ ասացի, որ քաղաքում չեմ լինելու, խնդրում եմ, իմը շուտ վճարեք: Ինձ առաջարկեցին պարտքով փող վերցնել: Պատկերացնո՞ւմ եք: Իրենք պատճառաբանում էին, թե չեն վճարում, որովհետև ուզում են մինչ այդ պարզեն, թե ովքեր են շուտ գնացել տեղամասերից, և այլն, բայց ես գիտեմ, որ իրենք ոչ մի բան էլ չէին կարող պարզել, որովհետև ճանաչում եմ մարդկանց, ովքեր շուտ են լքել տեղամասերը, բայց առաջինների թվում են վճարվել. սփյուռքահայ դիտորդներին նախօրոք են վճարել: Մեզ անընդհատ ասում էին, որ մեր տվյալներն ուղարկել են բանկ, գնում էինք բանկ՝ այնտեղ էլ ասում էին, թե՝ ցուցակներում չկա ձեր անունը: Դիտավորյալ այնպես էին անում, որ մի քանի անգամ գնալ-գալուց հետո զզվենք ու հեռանանք՝ առանց գումարը ստանալու»,- մեզ հետ զրույցում շարունակեց մանրամասնել Էմման:

Դիտորդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին նախորդած դասընթացների ժամանակ իրենք ստորագրել են լիազորագիր, որով արտոնել են «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին՝ իրենց փոխարեն հանդես գալ դատարանում՝ տեղամասերում արձանագրված խախտումների հարցով: Իրենց նաև հենց սկզբում խոստացել են վճարել 15 հազար դրամ, բայց որևէ պայմանագիր չի կնքվել այդ մասին:

Ըստ տեղեկությունների՝ դիտորդական աշխատանքի դիմաց իրենց գումարը քաղաքացիները ստացել են կանխիկ՝ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» և «Ամերիա» բանկերի մասնաճյուղերից:

«Մենք «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի կողմից ստացել ենք մոտ 3500 վճարման հայտ, որոնց գրեթե բոլորին վճարել ենք, մնում է մոտ 500 հայտ: Վճարվող գումարի չափը տարբեր է: Գումարի վճարումը որևէ պայմանագրի հիման վրա տեղի չի ունենում: Մեր հաճախորդը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն, մեզ է ուղարկում կոնկրետ մարդու անուն-ազգանուն, անձնագրային տվյալներ և նշում է գումարի չափ, որը մենք դուրս ենք գրում կազմակերպության հաշվեհամարից և վճարում ենք տվյալ քաղաքացուն: Անունների և անճշտությունների, քաղաքացիներին պատճառված անհարմարությունների ու ուշացումների հետ մենք կապ չունենք, քանի որ կատարում ենք ընդամենը միջնորդի գործառույթ, սակայն դրա պատճառն այն է, որ ցուցակները ներկայացվել են մի քանի փուլով, եղել են մի քանի ցուցակներ, որոնցում եղել են նաև անճշտություններ, ու դրանց ուղղումը բավականին ժամանակատար է եղել»,- մեր հարցերին ի պատասխան՝ նշեց «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի սպասարկման բաժնի ղեկավար Նոյ Զաքարյանը:

ԹԻՀ/Կ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ երեք կազմակերպությունների կողմից գրանցվել է 4437 դիտորդ: «Նրանցից ներգրավվել են 3010-ը, որից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 1326-ը հավատարմագրվել են ԻԵՄ-ի կողմից, 1480-ը՝ ԹԻՀ/Կ-ի և 204-ը՝ ԺԱԱ-ի կողմից։ Նրանցից քվեարկության օրը դիտորդական առաքելության մեջ ներգրավված են եղել 2972-ը, մնացածն այլ օրերին մասնակցել են ՏԸՀ-երում դիտորդությանը: Կարծում եմ՝ բանկն ինչ-որ սխալ ինֆորմացիա է տրամադրել, միանշանակ մենք այդքան դիտորդ չենք ունեցել, ու դիտորդների մի մասն էլ վճարվել են «Ամերիա» բանկի միջոցով»,- պարզաբանեց պարոն Գրիգորյանը:

Գյումրիի «Ասպարեզ ժուռնալիստների ակումբ» հ/կ-ի ղեկավար Լևոն Բարսեղյանը, մեկնաբանելով դիտորդների վճարումների հարցն ու բողոքները, նշեց.
«Ունեցել ենք ահազանգեր, որով որոշ դիտորդներ համագործակցել են այս կամ այն կուսակցության հետ՝ խախտելով էթիկան, այսինքն՝ ծառայություն են մատուցել ինչ-որ կուսակցության: Այս պատճառով քննարկվել է դիտորդների վարքն ընտրություններից հետո ուսումնասիրելու գործողություն՝ ահազանգերի հիման վրա: Ինչքան ինձ հայտնի է՝ ուղղակի այդ դիտարկումների պատճառով ուշացել են վճարումները: Ոչ թե խաբել են ու չեն վճարել, այլ ուղղակի ուշացրել են, որքանով որ ինձ հայտնի է: Վերջին մի քանի օրերին ես չեմ խոսել մյուս երկու կազմակերպությունների («Թրանսփարենսի ինթերնեյշնլ» և «Իրավունքի Եվրոպա միավորում») հետ, որպեսզի ճշգրիտ ասեմ: Ավելի ճիշտ կլինի՝ այդ հարցով դիմեք «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին՝ Տիգրան Եգորյանին»:

Վերջաբանի փոխարեն

Նյութում ներկայացված բոլոր տվյալները բերված են Հայաստանում ԵՄ պատվիրակության, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի և դիտորդական առաքելություն իրականացրած անձանց հետ պաշտոնական նամակագրության և կամ հեռախոսային ու դեմ առ դեմ հարցազրույցների հիման վրա: «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի և փաստաբան, խորհրդատու Տիգրան Եգորյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, կազմակերպության այլ աշխատակիցները հրաժարվել են հիշատակված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տալ:

Մինչդեռ, ինչպես մեզ հուշեցին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մյուս անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ դիտորդական առաքելության ընթացքում ֆինանսական և հաշվետվողական բոլոր գործընթացների համար պատասխանատվություն է կրել հենց «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն:

Հաշվի առնելով, որ հ/կ-ների մասին ՀՀ օրենքով Հասարակական միավորումների ու կազմակերպությունների գործունեության ոչ մի էլեմենտ չի կարող իր մեջ պարունակել կոնֆիդենցիալություն և կոմերցիոն գաղտնիություն, ապա «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպություններից, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակից ցանկալի կլիներ հրապարակային պարզաբանում ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ.

1. Որքա՞ն է կազմել ԵՄ հայաստանյան գրասենյակի կողմից «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացված դրամաշնորհի իրական չափը, ինչի՞ համար է այն նախատեսված եղել և ինչպես է այն ծախսվել:

2. Քանի՞ դիտորդի է վճարվել 15 հազարական դրամ, արդյո՞ք բոլոր դիտորդներն արդեն ստացել են իրենց խոստացված գումարը, և ինչո՞ւ է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի տրամադրած տեղեկությունը հակասում ԹԻՀ/Կ-ի նշած տվյալներին: Քանի՞ դիտորդ է վճարվել «Ամերիաբանկի» միջոցով:

3. Արդյո՞ք դիտորդներին վճարվելիք գումարն իր արտացոլումը գտել է աշխատանքային որևէ պայմանագրի մեջ, և որքա՞ն հարկ է վճարել ԻԵՄ-ը՝ փաստացի մոտ 85 հազար եվրո աշխատավարձ վճարելու համար:

4. Համաձայն նոր ԸՕ-ի՝ հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում: «Քաղաքացի դիտորդի» կողմից ներգրավված 3010 դիտորդները ևս անցել են դասընթացներ: Որքա՞ն գումար է ծախսվել այդ դասընթացների վրա , ի՞նչ նյութեր են տրամադրվել նրանց, և ինչպե՞ս է կազմակերպվել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացի դիտորդների ուսուցումը, որոնք հանրապետություն էին ժամանել քվեարկությունից 1-2 օր առաջ: Ո՞ւմ կողմից և ի՞նչ կարգով է իրականացվել այդ միջոցների ծախսման արդյունավետության գնահատումը:

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս